Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը պղնձաձուլարանի տերերին՝ «Անիմաստ էներգիա մի՛ ծախսեք, բնակիչները դեմ են»

Հուլիս 28,2022 18:25

Ավանի բնակիչները դեմ են Աճառյան 2 հասցեում պղնձաձուլարանի կառուցմանը։ Այսօր այս մասին բնակիչները եւս մեկ անգամ հավաստեցին հանրային լսումների ժամանակ, որը կազմակերպվել էր Ավան վարչական շրջանում:

Բնակիչները մտահոգություն հայտնեցին, որ պղնձաձուլարանի արտանետումները սպառնում են շրջակա տարածքների էկոլոգիային եւ մարդկանց առողջությանը։

Պղնձաձուլարանի նախագիծը ներկայացրել է «Քոփփեռ» ՍՊԸ-ն: Անցյալ տարի՝ 2021 թ. սեպտեմբերին, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել Ավանում ձուլարան կառուցելու նախագծին, քանի որ փորձաքննությամբ պարզվել էր, որ  սանիտարական պաշտպանիչ գոտու համապատասխան հեռավորությունը բնակավայրերից՝ պահպանված չէ:

Ընկերությունը չէր ներկայացրել նաեւ ածխածնի օքսիդի եւ ալյումինի օքսիդների արտանետումների համար ցրման հաշվարկի արդյունքները:
Նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական» ՊՈԱԿ-ի եզրակացության հիման վրա` Երեւանի քաղաքապետարանը նույնպես բացասական եզրակացություն էր տվել:

Սակայն, ընկերությունը որոշ շտկումներից հետո կրկին ձուլարան կառուցելու հայտ է ներկայացրել:

Ավանի բնակիչները նշեցին, որ առաջին լսումների ժամանակ բոլորը դեմ են եղել պղնձաձուլարանին, եւ հիմա չեն հասկանում՝ ինչո՞ւ են երկրորդ լսումներ հրավիրել: Բնակիչներին զայրացրել էր, որ նախագծին դրական եզրակացություն է տվել առողջապահության նախարարությունը: Սա բուռն քննարկման առիթ դարձավ, բնակիչներին հետաքրքրում էր՝ ինչի՞ հիման վրա է նախարարությունը նման եզրակացություն տվել, երբ մարդկանց առողջությունը ձուլարանի պատճառով կհայտնվի վտանգի տակ:

Լսումներին ներկա քաղաքացիները հայտնեցին, որ իրենք լիազորված են 5 հազար բնակչի անունից խոսելու: Բնակիչների ներկայացուցիչներից մեկն ասաց, որ Ավանի Ծարավ Աղբյուր փողոցում են բնակվում եւ, չնայած այդ տարածքը մի շարք ենթակառուցվածքներից զուրկ է, բայց բնակվելու համար հենց այդ տարածքն են ընտրել՝ հաշվի առնելով էկոլոգիան:

Ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի խոսքով, եթե առողջապահության նախարարությունը մի բան պետք է անի, ապա դա անհապաղ Երեւանի աղտոտված էկոլոգիայով զբաղվելն է. «Աղետի առաջ ենք կանգնած պարոնայք, շնչել չի լինում: Այսօր մենք վերանայելու կարիք ունենք նորմերը: Բավակա՛ն է, Երեւան քաղաքում օդն աշխատող որեւէ բա չպիտի ավելանա»:

Նախագիծը պաշտպանող կողմն ասաց, որ բոլոր հաշվարկներն իրականացվել են կառավարության կողմից սահմանված  մեթոդաբանության հիման վրա: Ըստ նույն աղբյուրի, հաշվարկները ցույց են տալիս, որ արտանետումները լինելու են նորմայի սահմաններում եւ չեն վնասի մարդկանց: Բնակիչների բուռն արձագանքին, որ միեւնույն է՝ դեմ են, ընկերության ներկայացուցիչները հակադարձեցին՝ այնտեղ 4 հատ աշխատող գործարան կա, ինչո՞ւ այդ 4-ի մասին չեք խոսում:

Քննարկմանը ներկա էր նաեւ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Եթե դա ոսկու հանք լիներ, ձեր փաստարկն ավելի ուժեղ կլիներ, բայց դրա տակ հանք չկա, վաճառեք, գնացեք մեկ այլ տարածքում այդ ձուլարանը բացեք»,-առաջարկեց պարոն Մարուքյանը: Նա առաջարկեց՝ անիմաստ էներգիա չծախսել, քանի որ բնակիչները դեմ են եւ բոլոր ժամանակակից միջոցներով պայքարելու են ձուլարանի դեմ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031