Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրության աչքին թոզ փչելու ադրբեջանական ցանկացած գործողություն պետք է ստանա իրական գնահատական և հակազդեցություն. Գեղամ Ստեփանյան

Հուլիս 28,2022 17:46

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հուլիսի 28-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Կրակոցները տևել են շուրջ 20 րոպե, որի հետևանքով փափուշտները թափվել են համայնքների բնակելի հատվածներում։ Այս պահի դրությամբ ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ խոցվել է Կարմիր շուկա համայնքի բնակիչներից մեկին պատկանող տան պատուհանը, նույն տան բակում հայտնաբերվել է հրաձգային զինատեսակի 8 փամփուշտ։

Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի խաթարելու բնականոն կյանքն Արցախի համայնքներում և ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը։ Այս վարքագիծը ցուցադրում է, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է վարել Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության, հոգեբանական ու ֆիզիկական բռնության կիրառման, Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։

Արցախի ժողովրդի իրավունքների դիտավորյալ խախտումների հանգեցնող գործողությունների նույնիսկ կարճատև դադարները և կեղծ խաղաղասիրության դրսևորումներն Ադրբեջանի կողմից ներկայացվող բեմադրության տակտիկական մաս են և միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակադրված ու շինծու վարքագիծ։

Միջնորդների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Արցախում տեղակայված խաղաղապահների համար առավել քան հստակ պետք է լինեն ադրբեջանական կողմի իրական նպատակներն ու ձգտումները և, ըստ այդմ, միջազգային հանրության աչքին թոզ փչելու ադրբեջանական ցանկացած գործողություն պետք է ստանա իրական գնահատական և հակազդեցություն։

Ադրբեջանական իշխանությունների հանցավոր վարքագիծը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր որևէ փոփոխության չի ենթարկվել ու շարունակում է հետապնդել նույն հայատյաց ու ցեղասպան նպատակները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031