Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Եթե սահմանվում է, որ տեղեկությունը գաղտնի է, ապա սահմանողի կողմից այդպիսի որոշման հիմնավորվածության վերաբերյալ պետք է քաղաքացին պատշաճ իրազեկված լինի»

Հուլիս 28,2022 17:31

ԱԱԾ-ն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում նոր օրենքի նախագիծ է դրել քննարկման, որով առաջարկում է արդիականացնել 1996 թ. ընդունված պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին օրենքը: Այս նախագիծը երկրորդ անգամ է դրվում հանրային քննարկման: Օրենքը կարգավորում է ՀՀ անվտանգության ապահովման նպատակով տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու, պահպանելու, գաղտնազերծելու կամ ոչնչացնելու գործընթացների հետ կապված հարաբերությունները:

Այս առիթով հրավիրված «Տեղեկատվությունը պետական գաղտնի՞ք է, թե ոչ» թեմայով քննարկմանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ, ըստ էության, ինչպես նախորդ, այնպես էլ այս քննարկմանը մասնակցայնություն, հանրային քննարկումներ չեն եղել: «Նաեւ նախագծի այս տարբերակի շուրջ բացի e-draft հարթակից հանրային քննարկում չի կազմակերպվել, կամ եթե նույնիսկ կազմակերպվել է, մենք՝ այն կազմակերպությունները, որոնք զբաղվում եւ ուշադրության կենտրոնում են պահում այս խնդիրը, անմիջական քննարկման միջոցով տեսակետներ, դիտարկումներ, առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն չենք ունեցել: Ուզում եմ ասել, որ e-draft-ը առաջին հայացքից մասնակցային հարթակ է, բայց արդյունավետ չէ կենդանի երկխոսության եւ քննարկման տեսակետից»,-ասաց բանախոսը:

Նա նկատեց, որ ի տարբերություն նախորդ օրենքի, որը պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին է, հիմա գոյություն ունի միայն պետական գաղտնիք հասկացությունը: Այսինքն` պետական եւ ծառայողական դասակարգումը հանված է: Արթուր Սաքունցը տարակուսանք հայտնեց, որ նոր նախագիծը մշակելու համար ուսումնասիրվել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Վրաստանի նման երկրների փորձը, որոնք մեծ առումով այն պետությունները չեն, որոնց փորձը պետական գաղտնիքի սահմանման եւ կիրառման առումով կարող է ուսանելի լինել, քանի որ դրանք ավտորիտար կառավարման պետություններ են:

Սաքունցը կարեւորեց, թե որքանով է լինելու վերահսկողության արդյունավետությունը այդ գործընթացի նկատմամբ: «Եթե սահմանվում է, որ այս տեղեկությունը գաղտնի է, ապա սահմանողի կողմից այդպիսի որոշման հիմնավորվածության վերաբերյալ պետք է քաղաքացին պատշաճ իրազեկված լինի: Սրանք հարցեր են, որոնց լուծումներ այս նախագծում չեն տալիս: Ավելի շատ ընդհանրական ձեւակերպումներ են, ինչպես նախկին օրենքում էր: Տեղեկությունները ընդհանրական չեն, տեղեկությունը շատ կոնկրետ է: Օրինակ, եթե դիմում ենք ՊՆ եւ հարցնում, թե քանի՞ կին զինծառայող կա զինված ուժերում, մեզ պատասխանում են, թե այդ թիվը չեն կարող տրամադրել, քանի որ դա պետական գաղտնիք է: Բայց պետությունը պետք է ունենա պարտավորություն՝ հիմնավորելու, թե եթե այդ տեղեկությունը մատչելի դարձնի, ինչպես կարող է դա վտանգել պետության անվտանգությունը: Եվ սա պետք է կապված լինի ամեն մի տեղեկության հետ, այսինքն, պետությունը պետք է հիմնավորում ներկայացնի, թե այդ տեղեկությունը ինչու է գաղտնիք, որպեսզի քաղաքացին ունենա համոզմունք եւ վստահություն, որ այդ տեղեկությունը, այո, իրապես պետք է գաղտնի լինի»,- ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031