Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ակնկալում ենք Արարատ Միրզոյանի հետ հանդիպում»․ ի՞նչ են խոստացել ԱԳՆ-ում՝ Արցախի փախստականներին

Հուլիս 28,2022 17:15

Ինչպես հայտնել էինք, Արցախի Հադրութի, Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների՝ Ադրբեջանի նախաձեռնած 2020թ․-ի պատերազմի հետեւանքով բռնի տեղահանվածներն այսօր ՀՀ կառավարության դիմաց էին՝ բարձրաձայնելու Արցախի ապագայի հետ կապված մտահոգությունների եւ պատերազմի հետեւանքով առաջացած սոցիալական խնդիրների մասին։ Նրանք երթով գնացին նաեւ ԱԳ նախարարություն, որտեղ մի քանի անձի ընդունելու պատրաստակամություն հայտնեցին։

Լեւոն Հայրյան

«Հանուն Հադրութի» հ/կ նախագահ Լեւոն Հայրյանն ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրեց՝ իրենք ցանկանում էին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույց ունենալ, սակայն ընդունեցին վարչության պետերից մեկն ու լրատվական ծառայության ներկայացուցիչը։

«Խոստացան իրենցից կախված ամեն ինչ անել։ Մանրամասն ներկայացրել ենք իրավիճակն ու մեր խնդիրները, պահանջները։ Բնականաբար, կառավարությունները միշտ աշխատում են պատասխանատվությունը տեղափոխել այլ ոլորտ, եւ այստեղ էլ նման երանգ նկատեցինք։ Ասացին, որ որոշ բաներ իրենց իրավասության ներքո չեն։ Մենք ասացինք, որ բոլոր հարցերի լուծումն Արցախի կարգավիճակի ճշգրտման մեջ է։ Ինչո՞ւ չեն ճանաչում Արցախի կարգավիճակը։ Մեր համար հասկանալի չէ, որ որոշ դեպքերում ՀՀ-ն ու Արցախը տարանջատում են, իսկ որոշ դեպքերում՝ ոչ»,-նշեց Լեւոն Հայրյանը։

Նա շեշտեց՝ բարձրաձայնել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «դրսերում» խոսում է պատերազմի հետեւանքով փախստական դարձածների մասին, բայց այսօր ՀՀ-ում գտնվող արցախցիները չունեն փախստականի կարգավիճակ․ «Պահանջում ենք փախստականի կարգավիճակ տալ մեզ։ Ասացին՝ այո, չունեք կարգավիճակ, բայց դրսում կարող ենք ձեզ ներկայացնել փախստականի կարգավիճակում։ Ասացինք, որ ակնկալում ենք նախարարի հետ հանդիպման նախապատրաստություն։ Պատասխանեցին, որ կփոխանցեն նրան»։

Լեւոն Հայրյանը նաեւ տեղեկացրեց՝ չի բացառվում, որ փախստականներն առաջիկայում ՀՀ կառավարության դիմաց նստացույց կանեն եւ կպահանջեն փախստականի կարգավիճակ տալ իրենց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031