Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ այսօր արվում է, ցավոք, շատ մոտ է նրան, որ Վահագն Վերմիշյանի կյանքի իրավունքի խնդիր ունենանք»․ Ալեքսանդր Կոչուբաև

Հուլիս 28,2022 17:03

«Այն, ինչ այսօր արվում է, ցավոք, շատ մոտ է նրան, որ Վահագն Վերմիշյանի կյանքի իրավունքի խնդիր ունենանք։ Արդեն վեցերորդ օրն է՝ չենք կարողանում հասարակ հետազոտության գնալ, հասկանալ՝ որն է նրա առողջական վիճակի սրացման պատճառը»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա նշեց, որ ինքը Վահագն Վերմիշյանի հետ քննարկել էր նրա մտադրությունը՝ դատական նիստերի դահլիճում հարգել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հիշատակը և զգուշացրել, որ դա կարող է արժենալ իր գրավի միջնորդության մերժման, սակայն, միևնույն է, Վահագն Վերմիշյանը որոշել էր այդ քայլին գնալ։ Այս առիթով Ալեքսանդր Կոչուբաևը պատմեց․ «Վահագն Վերմիշյանը դատական նիստերի դահլիճում հայտարարել էր, որ այս աթոռին ամբաստանյալ է մահացել և խնդրել էր հոտնկայս հարգել նրա հիշատակը։ Սա նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի համար այն աստիճան վիրավորական դիտարկվեց, որ դա առիթ եղավ Վահագն Վերմիշյանին տասը ժամով դատական նիստերի դահլիճից հեռացնել։ Դա նշանակում է՝ նա այլևս չի վերադառնա դատական նիստերի դահլիճ, քանի որ մեզ մնացել է չորս ամբաստանյալի հարցաքննել, և փաստորեն նա մնաց առանց դատավարության։ Ինքն իր դատավարությանը չի մասնակցելու, քանի որ Մնացական Մարտիրոսյանը շատ լավ էր հասկանում, որ տասը ժամով մեկուսացնելով նրան` զրկում է իր սեփական դատավարությանը մասնակցելու իրավունքից։

Խոսելով Մնացական Մարտիրոսյանի վարքագծի մասին, երբ ամբաստանյալ է դատական նիստերի դահլիճում վատանում, նա ասում է՝ հենց կարգավորվի, ինձ կկանչեք, Ալեքսանդր Կոչուբաևն ասաց․ «Նա այս իշխանության գիլյոտինն է։ Ինչ հրահանգ ստանա, կյանքի կոչում է։ Վատ նորությունն այն է, որ, ուզենք, թե ոչ, նա պրոֆեսիոնալ է։ Քրեական հետապնդումների մեծամասնությունն անցնում են նրա միջոցով»։

Ալեքսանդր Կոչուբաևը, կրկին շեշտելով, որ արդեն մեկ շաբաթ է՝ չեն կարողանում Վահագն Վերմիշյանին տեղափոխել հիվանդանոց, նշեց․ «Հենց այդ օրն ինձ զանգեց, տեղեկացրեց՝ շատ վատ է, ասացինք, որ տեղափոխեն Էրեբունի ԲԿ։ Բայց ոչ շտապօգնություն եկավ, ոչ տեղափոխեցին հիվանդանոց։ Ընդամենը ճնշումն են չափում։ Ասում ենք՝ անձն ունի արյան շրջանառության խնդիր ուղեղի շրջանում, իսկ բուժօգնությունը ճնշում չափե՞լն է։ Ասում են, թե նա հրաժարվել է բուժօգնությունից։ Բայց ընդամենը ֆելդշերի մակարդակում, ընդամենը օրվա հերթապահն ուզել է նրա ճնշումը չափել»։

Ըստ փաստաբանի՝ Վահագն Վերմիշյանին դատապարտում են մահվան, խոշտանգում․ «Հինգերորդ, վեցերորդ օրն է՝ չեն կարողանում իրավական տեսանկյունից նվազագույնն ապահովել․ հետազոտություն իրականացնել, քանի որ իրենք լավ գիտեն, որ եթե առողջ մարդը փսխում է, ուշագնաց լինում, ուրեմն խնդիր կա, որ չեն ուզում բարձրաձայնվի։ Էդ ինչպե՞ս եղավ, որ քաղբանտարկյալները սկսեցին մահանալ, հիվանդանալ։ Համենայն դեպս, այս դավադրությունների տեսություններն իմ մեջ ծագում են հենց այս հանգամանքներով պայմանավորված»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031