Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք Արցախի հայկական կարգավիճակ․ այն պետք է ողջ հայությանը՝ Արցախից մինչեւ Լոս Անջելես»․ Լեւոն Հայրյան

Հուլիս 28,2022 16:38

Արցախի Հադրութի, Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջաններից Ադրբեջանի նախաձեռնած 2020թ․-ի պատերազմի հետեւանքով բռնի տեղահանվածներն այսօր ՀՀ կառավարության դիմաց էին՝ բարձրաձայնելու մի շարք խնդիրների մասին։ «Մենք հարցեր ունենք այս եւ Արցախի իշխանությանը, ժողովրդին։ Քնա՞ծ է ժողովուրդը, քնած-չզարթնած․․․կրկին դիմում ենք ՀՀ կառավարությանը ու կրկնում պահանջները։ Առաջնահերթ, պահանջում ենք Արցախի հայկական կարգավիճակ։ Այն պետք չէ մեզ՝ փախստականներիս, այն պետք է ողջ հայությանը՝ Արցախից մինչեւ Լոս Անջելես։ Եթե չկա Արցախի հայկական կարգավիճակ, ապա «դամոկլյան սուրը» կախվելու է հայության ինքնության վրա»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հանուն Հադրութի» հ/կ նախագահ Լեւոն Հայրյանը։

Նա շեշտեց, որ առանց Արցախի անվտանգության՝ սպառնալիքի տակ է լինելու հայության ինքնությունը։ Մյուս պահանջը փախստականի կարգավիճակի ճշգրտումն է, որը որոշակիորեն կապված է նաեւ Արցախի կարգավիճակի ճշգրտման հետ։ «Մենք այս վիճակում ենք հայտնվել Արցախի սուվերենության խախտման հետեւանքով։ Հայաստանի իշխանությունը պետք է սրան պատասխանի, այն սովոր է ՀՀ-ի եւ Արցախի միջեւ տարանջատում դնել։ Թեեւ տարօրինակություն կա, որովհետեւ երբ բանը հասնում է Արցախի հողերը զիջելուն կամ Բերձորն ու Աղավնոն դատարկելուն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հարցերը լուծում։ Իսկ երբ Արցախի փախստականները դիմում են բնակարանի կամ այլ սոցիալական հարցերով, ապա ասում են՝ Արայիկ Հարությունյանին դիմեք։ Սա ի՞նչ հետաքրքիր տարանջատում է»,-հարցադրում արեց Լեւոն Հայրյանը։

Նա ՀՀ-ի եւ Արցախի իշխանություններին կոչ արեց դադարեցնել ժողովրդի հետ խաղեր խաղալ ու խնդիրները «պասերով» իրար վրա գցել․ «Իշխանությունը պետք է մեկը լինի եւ աշխատի հայության, սուվերենության պահպանման ուղղությամբ։ Հադրութը, Քաշաթաղը կորցրինք։ Պատկերացրեք՝ դրանք ՀՀ-ի մասերն էին, որոնք մեր հարեւան Թուրքիան եւ Ադրբեջանը կտրելով, «անդամահատելով» գալիս են։ Ի դեպ, այդ երկուսն ասում են, որ իրենք մի ազգ-մի պետություն են, իսկ մենք մեր սփյուռքին ենք «տշում»։ Մեր հարեւանների նպատակակետը Երեւանն է, եւ դա չեն թաքցնում։ Փախստականներին եմ դիմում՝ ինչո՞ւ չեք հավաքվում եւ ձեր հարցերը բարձրաձայնում, միայն այս մի քանի տասնյակ հոգի՞ս ենք գալիս այստեղ։ Որ մենք էլ հոգնենք, ո՞վ է բարձրաձայնելու»։

Լեւոն Հայրյանի խոսքով՝ ՀՀ-ի եւ Արցախի իշխանությունները հայության բոլոր իրավունքները վերապահում են երրորդ կողմին․ «Բոլորը գիտեն, թե ով է երրորդ կողմը։ Այսպես չի լինի, ժողովուրդը պետք է հավաքվի։ Իշխանությունները խաղաղության մասին հայտարարություններ են անում։ Իրենց պատկերացմամբ՝ դա նիրվանա է։ Ժողովուրդն էլ նույն կերպ է մտածում։ Նստելու ենք տանն ու հեռուստացույց նայենք, իսկ հեռուստացույցի Հայաստանում Վահան Քերոբյանը երկնիշ թվերով տնտեսական աճ է գրանցում։ Որեւէ մեկն իր կաշվի վրա զգո՞ւմ է այդ երկնիշ թիվը»։

Մյուս պահանջը ՀՀ տարածքում Արցախի փախստականների համար հավաքական համայնքի հիմնումն է, որպեսզի ապագայում Հադրութ վերադառնալու տեսլական կլինի։ Ըստ Հայրյանի՝ եթե նման համայնքներ չկառուցվեն, ապա փախստականների այլընտրանքն Արցախ վերադառնալը չի լինի, այլ ուրիշ երկրներ գնալը․ «Եթե չկառուցեն նման համայնքներ, ժողովուրդը կհեռանա, ինչպես ժամանակին Բաքվի հայերը հեռացան։ Սրա պատճառն Արցախի՝ հայկական կարգավիճակ չունենալն է։ Մենք վերջիվերջո Արցախ վերադառնալո՞ւ ենք, թե ոչ, մեր ապագան ի՞նչ է լինելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031