Լրահոս
Օրվա լրահոսը

«25 տարի «դրսում» հանդես եմ գալիս որպես դիրիժոր, բայց իմ հայրենիքում իմ դեբյուտն է». Ռուբեն Ղազարյան

Հուլիս 28,2022 16:30

«Երբ 30 տարի առաջ մեկնեցի Գերմանիա սովորելու, դեռ ջութակահար էի: Ես Լայպցիգում ասպիրանտուրա ավարտեցի որպես ջութակահար, ապա սկսեցի ուսումս որպես դիրիժոր»,- «Սպուտնիկ Արմենիայի» մամուլի սրահում ասաց գերմանահայ ճանաչված երաժիշտ Ռուբեն Ղազարյանը: Նա 26 տարեկանում նշանակվել է Լայպցիգի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, 16 տարի ղեկավարել է Եվրոպայում ամենահայտնի կամերային նվագախմբերից մեկը՝ Wurttemberg Chamber Orchestra Heilbronn-ը։ Այսօր Ռուբեն Ղազարյանը Theatre Altenburg Gera-ի գեղարվեստական ղեկավարն է։

Նա հայտնեց, որ Հայաստան գալու միտքը հղացել է իր մանկության ընկեր՝ ջութակահար Խաչատուր Ալմազյանը, որի հետ կապը կորել էր եւ մի քանի տարի է, ինչ կրկին շփվում են: «Մենք միասին ենք մեծացել: 6 տարեկանից իրար ճանաչում ենք, գնացել ենք զրո դասարան, Չայկովսկու դպրոց, հետո 11 դասարան եւ կոնսերվատորիա: Մինչեւ Գերմանիա գնալս իրար հետ շփվել ենք»,-ասաց երաժիշտը:

Ռուբեն Ղազարյանը նշեց, որ տարիներ առաջ ֆեյսբուքից դուրս էր եկել, որովհետեւ չէր ցանկանում ժամանակը ծախսել սոցցանցերում, բայց մյուս կողմից՝ այդ պատճառով կորցրել էր կապը մանկության ընկերների հետ: «Բարեբախտաբար ես ու Խաչիկը կրկին գտանք իրար, եւ մի քանի տարի է, ինչ կապը պահում ենք: Նրա մոտ հղացավ իմ` Հայաստան գալու միտքը: Մի 3-4 տարի առաջ պետական կամերային նվագախմբից դիմեցին ինձ այդ նպատակով: Հաճախ էին հարցնում, թե ինչու Հայաստան չես գալիս, ինչու Հայաստանում նվագախումբ չես ղեկավարում: Իմ պատասխանը միշտ եղել է նույնը` ինչ է նշանակում չես գալիս: Հո չե՞մ գա, դուռը թակեմ, ասեմ` բարեւ ձեզ, կարելի՞ է չափ տալ: Պետք է Հայաստանից ինչ-որ ազդակներ լինեին: Ես միշտ ասել եմ, որ այդ դեպքում մեծ սիրով կգամ, եթե նման բան լինի»,-հայտնեց Ռուբեն Ղազարյանը: Հավելեց, որ մտահղացումը կամաց-կամաց մարմին էր առել, բայց իրականացմանը խանգարել էր 2020թ սկսված համավարակը, իսկ այդ շրջանում Եվրոպայում ամիսներով «լոքդաուն» էր:

«Ես, կինս եւ երեխաներս պլանավորել էինք 2020թ ամռանը այցելել Հայաստան, շրջել Հայաստանով մեկ, բայց հայտնի պատճառներով դա հնարավոր չէր, ուստի պլանները փոխվեցին, 2020 թ համերգն էլ չստացվեց, 2021-ին էլ ոչինչ չստացվեց, որովհետեւ շատ զբաղված էի, բացի դրանից՝ դա իմ առաջին թատերաշրջանն էր նոր թատրոնում: 2021թ ամռանը աշխատեցի, թատրոնի ղեկավարությունն ամբողջ ամռանը աշխատում էր, ու այդպես ամեն ինչ ձգվեց ու հասավ մինչեւ 2022թ։ Վերջապես մենք գտանք ազատ շաբաթ, եւ նշանակվեց արտահերթ համերգը»,- նշեց Ռուբեն Ղազարյանը:

«Մի տեսակ զավեշտալի է, երբ մտածում եմ, որ առաջին անգամ եմ Հայաստանում որպես դիրիժոր հանդես գալու: Արդեն 25 տարի «դրսում» ես ելույթ եմ ունենում որպես դիրիժոր, բայց իմ հայրենիքում փաստորեն իմ դեբյուտն է»,-հավելեց նա։

Այսպիսով` հուլիսի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի համերգը, եւ Հայաստանի պետական կամերային նվագախումբը 30 տարվա ընդմիջումից հետո կղեկավարի Ռուբեն Ղազարյանը: Դիրիժորը ծրագիրը որակեց գունագեղ եւ հուզական, նշեց, որ համերգին, ի թիվս այլնի, կհնչի Բրիտտենի «Պարզ սիմֆոնիան», Ռեսպիգիի Il Tramonto-ն, Կոմիտասի որոշ ստեղծագործություններ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Ռուբեն Ղազարյանի պաշտոնական կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031