Հուլիսի 27-ին պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակ էին այցելել ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները։ Նրանք շրջեցին գումարտակի վարչական շենքի աշխատասենյակներում, ծանոթացան աշխատանքային ու շենքային պայմաններին, եղան ստորաբաժանման հերթապահ մասում, վարչական վարույթ իրականացնող բաժանմունքում, ծառայության բաժնում, ստորաբաժանումների հրամանատարների աշխատասենյակներում, նաև զրուցեցին պարեկների հետ, ծանոթացան ծառայության մանրամասներին, եղան գումարտակի շարահրապարակում։
Գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը ներկայացրեց ծառայողական մեքենաների հնարավորությունները, մեքենաներում օգտագործվող տեխնիկան, սպառազինությունը և այլն։
Աշխատանքային խմբի անդամները եղան նաև Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում, ինչից հետո ոստիկանության Լոռու մարզային վարչությունում տեղի ունեցավ ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի արտագնա նիստ։
Արտագնա նիստին մասնակցում էին օրենսդիր իշխանության և Լոռու մարզի պարեկային ծառայության, օպերատիվ կառավարման կենտրոնի հրամանատարության ներկայացուցիչներ։
Բացման խոսք ասաց աշխատանքային խմբի համակարգող Արփի Սարգսյանը։ Ելույթներ ունեցան ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը, պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային կառույցների գործընկերներ։ Խոսվեց պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի կատարած աշխատանքի, պարեկ-քաղաքացի հարաբերությունների, ոլորտի օրենսդրական խնդիրների, օգտագործվող տեխնիկայի, սպառազինության մատակարարման և ոլորտին վերաբերող այլ թեմաների մասին։
Կարդացեք նաև
Ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Արթուր Ափյանն անդրադարձավ պարեկների կողմից օգտագործվող տեխնիկայի խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքներին։
Նիստի ավարտին ամփոփվեց կատարված աշխատանքը, վեր հանվեցին խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ որոշումներ կայացվեցին։
ՀՀ ոստիկանություն