Լրահոս
Օրվա լրահոսը

Վարձով բնակարաններից մարդկանց հանում են, որ թանկ գնով տան. անչափահաս երեխաները, տեղահանված արցախցիները մնում են փողոցներում

Հուլիս 28,2022 16:02

«150 հազար դրամից պակաս գնով անհնար է 1-2 սենյականոց բնակարան վարձակալել: Բնակարանների գները խայտառակ թանկացել են»,-այսօր այսպիսի դժգոհություն հայտնեցին կառավարության առջեւ հավաքված մի խումբ քաղաքացիներ: Նրանց խոսքով, բողոքի ցույցի նպատակը կառավարության ուշադրությունը «բնակարանների՝ աբսուրդի հասնող վարձակալության գներին հրավիրելն է, որպեսզի մի լուծում գտնեն»:

Ասում են՝ ինչ սկսվել են թանկացումները տանտերերը բնակարաններից հանում են վարձակալներին՝ ավելի բարձր գնով տալու նպատակով, եւ ընտանիքները անչափահաս երեխաները ձեռքներին մնում են փողոցում: Իսկ մանկահասակ երեխաներով ընտանիքներին խուսափում են կամ մեծ դժվարությամբ են համաձայնում բնակարան տալ:

«Ոչ մի երկրում երեխաներով ընտանիքը չի հանդիսանում բացասական գործոն, որպեսզի նրան վարձակալությամբ բնակարան տան: Կարող են վերջում փոխհատուցում ուզել, եթե վնասված ինչ-որ բան կլինի, բայց մերժել՝ չի կարելի»,-ասաց երիտասարդ կինը, որն ունի երկու անչափահաս երեխա: Նրա խոսքով, սակայն, այսօր գլխավոր խնդիրը բնակարանների վարձի բարձր գներ են, որոնք անհամաչափ են աշխատավարձերի հետ:

Երիտասարդ կնոջ խոսքով, կառավարությունը պետք է նման ընտանիքների համար հիպոթեքային հարմար պայմաններով ծրագրեր առաջարկեի, որպեսզի վարձ տալու փոխարեն մարդիկ բնակարան վերցնեն ու իրենց բնակարանի համար վճարեն:

Բողոքի ցույցի եկած քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ մշտապես աջակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիմա եկել է Փաշինյանի աջակցելու ժամանակը: Նա մի խումբ քաղաքացիների անունից պահանջում էր՝ կառավարությունը մի թաղամաս առանձնացնի եւ վարձով բնակվողների համար սոցիալական ծրագիր իրականացնի՝ հիպոթեքի ցածր պայմաններով:

«Մարդկանց վարձերի պատճառով ամուսինները բաժանվում են, իրար երես չեն տեսնում՝ կինը ուրիշ տեղ է ապրում, ամուսինն՝ ուրիշ, մեկը զոքանչի տուն է տեղափոխվում, երեխաներին դպրոցից դպրոց են տանում: Արդեն հոգնել ենք, չենք կարողանում մեր առօրյան կազմակերպել, նորմալ մարդու նման քնել, առավոտյան գնալ գործի, երեկոյան գալ քո տուն: Արդեն ամեն ամիս մտավախություն կա՝ հանկարծ էս ամիս չբարձրացնեն: Մարդիկ կաշվից դուրս են գալիս, որ վարձ վճարեն, այդ գումարները գոնե կուղղեն հիպոթեքի մարմանը»:

Ասում են՝ 50-70 հազար դրամով միայն ավտոտնակներ են առաջարկում ապրելու համար:

Կառավարության առաջ էին նաեւ Արցախից տեղահանված ընտանիքներ: Նրանց խոսքով այսօր բազմազավակ ընտանիքներին երեխաներով հանդերձ դուրս են հանում վարձատուները, լույսը, գազն անջատում են, քանի որ մարդիկ չեն կարողանում կոմունալների վարձերը վճարել:

Քաշաթաղի Գողթանիկ համայնքի ղեկավար Հակոբ Պողոսյանն ասաց, որ բնակարանային ապահովման ծրագիրը վաղուց մշակված է, սակայն խնդիրներ են ծագել. «Ծրագրում նշված է մինչեւ այսքան գումար, ինչը պատասխանատուների խոսքով, նշանակում է մինչեւ 5 միլիոն կամ 7 միլիոն: Բայց բավարար է 10 միլիոնը, դա էլ բավարար չի, բայց համաձայնել ենք՝ հաշվի առնելով պետության վիճակը: Բանկը 12 միլիոնանոց տունը գնահատում է 7 միլիոն, իսկ 5 միլիոնը բնակիչը չունի, որ ավելացնի»:

Արցախցիների խոսքով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպել են, քննարկել են, սակայն խնդիրը չի լուծվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031