Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցի զարգացման ծրագրի մշակման ձևաչափը

Հուլիս 28,2022 14:22

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափի և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշների ու պահանջների նախագիծը: Ծրագիրը հաստատության ռազմավարական փաստաթուղթն է, որի հիման վրա պլանավորվում է աշխատանքը հաստատությունում:

Նախագծի նպատակը զարգացման ծրագրի՝ որպես գործիքի կիրառության արդյունավետության բարձրացումն է և ծրագրի կատարման ընթացքի վերահսկողության առավել հստակ մեխանիզմների ամրագրումը: Այն թույլ կտա բարձրացնել զարգացման ծրագրի կարևորությունը, որը ներկայում հաճախ կրում է զուտ ձևական բնույթի պահանջ, ինչպես նաև հավասարակշռություն կմտցնի պետական լիազորված մարմնի կողմից տնօրենի նշանակման գործառույթում՝ իբրև վերահսկող մարմնի:

Իրավական ակտի նախագծով ներկայացվում են հաստատության ռազմավարական փաստաթուղթ հանդիսացող զարգացման ծրագրի կազմման համար անհրաժեշտ բաղադրիչները, մշակման պարտադիր քայլերը, մեթոդական ցուցումները, զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշներն ու պահանջները:

Ծրագիրը կազմվում է 5 տարվա համար և ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝ իրավիճակի վերլուծություն, նպատակների և խնդիրների սահմանում, դրանց իրականացումն ապահովող գործողությունների և միջոցառումների ժամանակացույց, պատասխանատուներ, արդյունքների գնահատման չափանիշներ, ռիսկեր, բյուջե և վերահսկողության մեխանիզմներ:

Համաձայն նախագծի՝ հաստատության զարգացման ուղղությունները պետք է առանձնացնել երկու հիմնական խմբի՝ հանրակրթության ոլորտի օրենսդրությամբ հաստատության համար սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղություններ և հանրակրթական այլընտրանքային (միջազգային, փորձարարական, հեղինակային) ծրագրերով հաստատության կողմից իրականացվող բովանդակային, կրթական տեխնոլոգիաների օգտագործմամբ կամ նորարարական ուղղություններ:

Նախագծով առաջարկվում է ծրագրի իրականացման վերահսկողությունն իրականացնել հաստատության գործունեության տարեկան աշխատանքային պլանի կատարման մասին հաշվետվության հիման վրա:

Այսպիսով, նախագծի ընդունման պարագայում ուսհաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդները հստակ կպատկերացնեն զարգացման ծրագրի մշակման պահանջները և կկարողանան մշակել դպրոցի զարգացման ծրագիրը՝ հաշվի առնելով տվյալ հաստատության առանձնահատկությունները, իրականացնել անհրաժեշտ ուսումնասիրություն և վերլուծություն՝ դպրոցի իրական վիճակը, մարտահրավերները և խնդիրները գնահատելու համար:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031