Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն․ նա դատական նիստին ներկա չէր

Հուլիս 28,2022 14:08

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստի ընթացքում (դատավոր Մնացական Մարտիրոսյան) դատարանը հաստատեց Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության միջգերատեսչական հանձնաժողովի անդամ-փորձագետների թեկնածությունը։

Դատական նիստին Աղվան Հովսեփյանը ներկա չէր։ Նա առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն։

Մնացական Մարտիրոսյանը հայտնեց՝ քանի որ դատարանը ստացել է միջնորդություններ, որոնք առանց Աղվան Հովսեփյանի ներկայության կարող են քննվել, ուստի դատական նիստը հետաձգելու կարիք չկա։

Դատարանին «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի բարդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Ավետիք Հարությունյանը ներկայացրել էր միջնորդություն միջգերատեսչական հանձնաժողովի անդամների թեկնածության և նրանց՝ քրեակատարողական հիմնարկի թույլտվության վերաբերյալ։

Առաջին փորձագետի թեկնածուն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժսպասարկման բաժնի պետ Նաիրա Բաբայանն է։ Նա հայտնեց, որ թոքաբան է, 2008-ից է աշխատում այս ոլորտում։ Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հարցրեց՝ որպես թոքաբան՝ ի՞նչ կասի՝ շաքարի հետ կապված թոքի խնդիրներ կարո՞ղ են լինել փոխկապակցված։ Նա պատասխանեց՝ ունեցել է մի հիվանդ, որի մոտ նման փոխկապակցվածություն եղել է։ Թե´պաշտպաններին, թե´դատախազ Գուրգեն Սաֆարյանին հետաքրքրում էր՝ արդյոք Նաիրա Բաբայանն ունի՞ նեղ մասնագիտական լիարժեք գիտելիքներ և արդյոք գիտակցո՞ւմ է, թե փորձաքննությունն ինչ պիտի պարզի։ Նաիրա Բաբայանը հավաստիացրեց՝ իր՝ ընդհանուր բժշկական գիտելիքները թույլ են տալիս բավարար խորությամբ հետազոտել և լիարժեք եզրահանգումներ անել և ուղղորդել նեղ մասնագետներին։

Նաիրա Բաբայանը ներգրավվեց որպես միջգերատեսչական հանձնաժողովի անդամ։

Մյուս փորձագետի թեկնածուն ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետի բուժգծով տեղակալ Արթուր Պետրոսյանն էր․Նա ասաց, որ թերապևտ է և առողջապահության կազմակերպման և կառավարման ոլորտի մեծ փորձ ունի։ Երբ Աղվան Հովսեփյանի պաշտպան Երեմ Սարգսյանը փորձում էր հարցերի միջոցով պարզել՝ արդյոք Արթուր Պետրոսյանի՝ նեղ մասնագիտական գիտելիքները բավարար կլինե՞ն նրա կողմից փորձաքննության լավ արդյունքներ գրանցել, Մնացական Մարտիրոսյանը հանեց Երեմ Սարգսյանի հարցը։ Երեմ Սարգսյանն ասաց․ «Չիմանա՞նք՝ նեղ մասնագիտություն ունի՞, թե՞ ոչ։ Ես հո չե՞մ վիճարկում պարոն Հարությունյանի խորը մասնագիտական գիտելիքները, հարցնում եմ նեղ մասնագիտություն ունի՞»։

Արթուր Պողոսյանը ևս ներգրավվեց միջգերատեսչական հանձնաժողովում՝ որպես անդամ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031