Այս պահին Հայաստանում շրջանառվում է քովիդի BA․5 տեսակը, որը օմիկրոնի ենթաշտամերից է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ քովիդը դառնում է էնդեմիկ հիվանդություն, եւ ժամանակ առ ժամանակ լինելու են բռնկումներ աշխարհի տարբեր հատվածներում․ «Հիմա տուրիստական բավական բուռն շրջան է, մարդիկ ճամփորդում են, եւ իհարկե, պետք է արդեն որերորդ անգամ Հայաստան ներթափանցեր վարակը։ Նկատում եք, որ վերջին շաբաթներին ամեն շաբաթ գրանցում ենք քովիդով հիվանդացության աճ, հիվանդանոցների մահճակալային ֆոնդի ծավալման մեր պլանը հստակ ունենք եւ պետք է շարժվենք ըստ համաճարակային իրավիճակի»։
Նա ասաց՝ մենք պատրաստ ենք հաջորդ ալիքներին․ «Տեսնում ենք, որ այլ երկրներում շատ ավելի մեծ ալիք է այս պահին, բայց ճամփորդությունների սահմանափակումներին վերադարձ չկա, որովհետեւ մենք հասկանում ենք, որ բոլոր սահմանափակող միջոցառումները ժամանակավոր բնույթ կարող են կրել, եւ անընդհատ նույն շրջապտույտի մեջ դժվար է լինել»։
Նախարարը հայտարարեց, որ բոլոր սահմանափակող միջոցառումները կախված են համաճարակային իրավիճակից, եւ եթե համաճարակային իրավիճակը սրվի, ապա բոլոր գործիքակազմն օգտագործելով՝ պայքարելու են հիվանդության դեմ։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ