Լրահոս
Օրվա լրահոսը

Հրատապ լուծում է պահանջում Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի աշտարակների վերականգումը. ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ

Հուլիս 28,2022 13:26

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ՝ ծանոթանալու Հաղպատ վանական համալիրի խնդիրների հետ, ինչպես նաև 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքը վերահսկելու և առաջացած խնդիրները տեղում ուսումնասիրելու նպատակով։

Լոռու մարզի Հաղպատ վանական համալիրը տեղակայված է Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում։ Սանահինի վանքային համալիրի հետ միասին այն գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում: Աշխատանքային խումբը տեղում ծանոթացել է X-XIII դդ. Հաղպատ վանական համալիրի առկա խնդիրներին:

Մասնավորապես՝ հրատապ լուծում է պահանջում համալիրի արևմտյան պարսպապատի աշտարակների վերականգումը, որոնցից հյուսիսայինը գտնվում է վթարավտանգ վիճակում, առկա են 5-8 սմ ճաքեր ամբողջ բարձրությամբ, ինչը հետևանք է վերջերս տեղի ունեցած երկրաշարժի: Քննարկման արդյունքում որոշվել է միջոցներ ձեռնարկել վերականգնման աշխատանքների իրականացման համար (Հաղպատ վանական համալիրի պարսպապատի աշտարակի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքների նախագիծ):

Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում աշխատանքային խումբը ծանոթացել է վերականգնման աշխատանքների ընթացքին և քննարկել արևմտյան խաչթևի ծածկասալերի հեռացման արդյունքում ի հայտ եկած խնդիրները, մասնավորապես՝ ծառարմատների ազդեցությամբ պայմանավորված հարթ երեսապատի խոշորածավալ քարերի շարվածքից դուրս մղման դեպքերը, ինչը պահանջում է լրացուցիչ լուծումներ:

2022 թ. ընթանում են նաև ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիս-արևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները: Աշխատանքային խումբը ծանոթացել է այս տարի պատվիրված պարսպապատի և աշտարակների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկել քաղաքատեղիի բաղնիքների պեղման արդյունքում բացված բացառիկ հիպոկաուստ համակարգի (հռոմեական ջեռուցման համակարգ) ցուցադրման առավել մատչելի հնարավորությունները, պեղված հատվածների վերականգնման և ամրակայման հնարավորությունները:

Այցին ներկա էին նաև վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031