Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը՝ Վերմիշյանի դիմումի մասին․ «Մենք չենք կարող կամակորություններով կատարել այդ գործողությունները»

Հուլիս 28,2022 13:08

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձավ կալանքի տակ գտնվող Վահագն Վերմիշյանի առողջական վիճակի հետ կապված խնդրին։

Վերմիշյանի փաստաբանն օրերս ահազանգել էր, որ դատական նիստից հետո Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Հետո նա կրկին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ։

Փաստաբանը երեկ նաեւ տեղեկացրել է, որ Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել ՔԿՀ, սակայն դիմումի ընթացքը չի ապահովվում. «արվում է ամեն ինչ, որպեսզի քողարկվեն առողջական վիճակի սրացումները»:

Այս առնչությամբ նախարար Կարեն Անդրեասյանը հիշեցրեց, որ նախարարությունը պարզաբանել է իրավիճակը՝ Վերմիշյանը հրաժարվել է ՔԿՀ-ի բուժանձնակազմի բժշկական ծառայությունից․ «Երբ ազատազրկված անձն ունենում է գանգատ՝ ստանում է բժշկական օգնություն մեր անձնակազմի աջակցությամբ։ Որեւէ մեկը չի կարող ասել՝ ես չեմ ուզում ձեր բժիշկներին, հենց հիմա շտապ օգնություն կանչեք, մանավանդ, որ բժիշկները տեսնում են, որ դրա կարիքը չկա։ Անկախ նրանից՝ որքանով հարգում ենք, լավ ենք վերաբերվում փաստաբանին կամ քաղաքացուն, մենք չենք կարող իր կամակորություններով կատարել այն գործողությունները, որոնք կատարվում են քրեակատարողական հիմնարկում»։

Նախարարն ասաց, որ կան հստակ չափանիշներ՝ եթե ազատազրկված անձն ունի գանգատ, բժիշկն անմիջապես զննում է, գնահատական է տալիս՝ եթե պետք է՝ կանչում են շտապ օգնություն կամ տեղափոխում են դատապարտյալների հիվանդանոց, եթե կարիք կա՝ տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց։

«Բայց եթե մարդն ասում է՝ ես լավ չեմ, եւ բժիշկն ուզում է հետազոտել, իսկ ինքը հրաժարվում է, ոտքը խփում է գետնին ասում՝ սա եմ ուզում, նա եմ ուզում, այդպես չի լինում։ Եթե իսկապես ցանկությունը բժշկական օգնությունն է, ապա չկա որեւէ անձ, որը չի ստանում այն», – ասաց նախարարը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031