Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարար․ «Հուսով եմ՝ առանձին մարդիկ չեն չարաշահի որեւէ դեպք, որպեսզի առողջական կեղծ խնդիրների անվան տակ փորձեն խուսափել արդարադատությունից»

Հուլիս 28,2022 12:24

«Ինչպես նախկինում գործադիր իշխանությունը կապ չուներ ընդդիմադիր գործիչների կալանավորման հետ, հիմա էլ կապ չունի նրանց կալանքից ազատման հետ», – այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված վերջին շրջանում ընդդիմադիր գործիչներին կալանքից ազատումների մասին որոշումները։

Նախարարն ասաց, որ այդ հարցերը պետք է ուղղել դատական իշխանությանը, այդ գործիչների փաստաբաններին, դատավորներին եւ դատախազներին․ «Մենք կարող ենք միայն ուրախությամբ արձանագրել, որ կալանքը, որպես խափանման միջոց, գրավով կամ այլ ձեւով փոխարինումը ողջունելի է։ Մենք որպես քրեակատարողական հիմնարկի պատասխանատու, ուրախ ենք, քրեակատարողական հիմնարկները լրացուցիչ բեռնաթափվում են»։

Հարցին՝ արդյոք Արմեն Գրիգորյանի մահը նախադեպ եղա՞վ նման որոշումների համար, նախարարը պատասխանեց․ «Իմ խորը ցավն եմ արտահայտում, ցանկացած մարդու մահը ողբերգություն է, եւ տվյալ դեպքում, հրապարակել ենք, որ ՔԿՀ-ում չի եղել բժշկական թեկուզ մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել»։

Անդրեասյանի խոսքով՝ կան կալանավորված հայտնի անձինք, որոնք տեղափոխվում են քաղաքացիական հիվանդանոց, ՔԿՀ-ի բժիշկներն են նրանց պարբերաբար զննում են․ «Կալանավայրում եղած առողջապահական ռեսուրսով մենք ամեն ինչ անում ենք, որ ոչ մի ազատազրկված անձ՝ առողջական խնդիրներով, խնդիր չունենա։ Մենք նրանց մասին, իսկապես, հոգ ենք տանում։ Այլ խնդիր է, որ ցանկացած ողբերգություն պետք է ազդակ լինի բոլոր մարմիններին, եւ է՛լ ավելի ուշադիր լինեն ազատազրկված անձանց բողոքներին»։

Նախարարը հույս հայտնեց, որ առանձին մարդիկ չեն չարաշահի կամ շահարկի որեւէ դեպք, ողբերգություն, որպեսզի կեղծ առողջական խնդիրների անվան տակ փորձեն խուսափել արդարադատությունից։

«Մեր իշխանությունը չի միջամտում գործընթացներին, որովհետեւ լինում են դժգոհություններ, որ քաղաքական գործերով ինչո՞ւ կառավարությունը չի ապահովում այս կամ այն քաղաքական գործչի ընդմիշտ ազատազրկումը։ Սա ապացույցն է այն բանի, որ մենք չենք միջամտում։ Տեսնում եք՝ լինում են ե՛ւ ազատումներ, ե՛ւ կալանավորումներ, որոնք քաոտիկ են, կառավարվող չեն, որոնք չունեն տրամաբանություն», – հայտարարեց նախարարը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031