Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհի համայն հայության օժանդակությամբ Ստեփանակերտն այնպես արագ է վերակառուցվել, որ քաղաք առաջին անգամ ոտք դնողը հազիվ թե կարողանա պատկերացում կազմել անդառնալի կորուստներ եւ զրկանքներ կրած բնակչության դառն ճակատագրի մասին». «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 28,2022 10:41

Դաժան պատերազմից եւ ավերածություններից աննշան հետքեր են այսօր մայրաքաղաքում մնացել: Այն աշխարհի համայն հայության օժանդակությամբ այնպես արագ է բարեկարգվել ու վերակառուցվել, որ Ստեփանակերտ առաջին անգամ ոտք դնողը հազիվ թե կարողանա լիարժեք պատկերացում կազմել տարիներ շարունակ շրջափակման եւ հրետակոծության, ռմբահարման տակ գտնվող մայրաքաղաքի, անդառնալի կորուստներ եւ զրկանքներ կրած բնակչության դառն ճակատագրի մասին:

Կիսավեր, գորշ տներն իրենց տեղը զիջում են նորակառույցներին, իսկ հին, ճարտարապետական հետաքրքրություն ունեցող շինությունները հիմնանորոգվում, ամրացվում, տեսքի են բերվում, համապատասխանեցվում հնագույն ազգային ոճին եւ ճարտարապետության պահանջներին: Այդ գործընթացն առավել նկատելի է քաղաքի Թումանյան փողոցում, որը հնագույններից է Ստեփանակերտում՝ իր պատմական անցյալով ու ներկայով, մշակութային առանձնահատկություններով, մարդկանց կենցաղով եւ սովորություններով, կենսունակությամբ եւ լավատեսությամբ:

Շուրջ մեկ տարի է, ինչ Հին թաղամասում կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքներն այսօր էլ չեն դադարում: Առաջին փուլով «շարքից դուրս են բերվել» վթարային շինությունները, նախկին տեսքը պահպանելով՝ վերականգնվում են ճարտարապետական որոշակի հետաքրքրություն ներկայացնող քարաշեն առանձնատները եւ հուշարձանները, հասարակական կառույցները՝ շինարարական աշխատանքներում հիմնականում օգտագործելով տեղական շինանյութեր: Առանձնակի շուք է հաղորդվել շինությունների ճակատային մասին՝ խուսափելով ավելորդ գունազարդումներից:

Ճարտարապետ Վլադիմիր Սարգսյանի խոսքով՝ համալիր աշխատանքների ապահովման առաջնահերթություններից է մնում սեյսմիկ անվտանգության պահանջների իրագործումը: Փողոցի կառուցապատումն ու բարեկարգումը պետք է իրականացվեն պատշաճ որակով, բացառապես արհեստավարժ մասնագետների եւ փորձառու շինարարների ուժերի համադրմամբ: Ըստ որում՝ բոլոր օղակներում ակտիվ վերահսկողություն պիտի սահմանվի, որպեսզի անվնաս պահպանվեն պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանները: Անշուշտ, փողոցի դիմագիծը թարմ գույներ կստանա ճարտարապետական նոր լուծումներով կառուցվող բնակելի նոր թաղամասով, որտեղ հիմնականում բնակություն կհաստատեն մշտական բնակավայրերից տեղահանված ընտանիքները:

Քանի որ փողոցի երկայնքով «ձգվող» լորենիներն առանձնակի հմայք ու ներդաշնակություն են հաղորդում թաղամասին եւ քամուց պահպանող հուսալի շերտ են՝ արտադրելով հսկայական քանակությամբ թթվածին, հաշվի առնելով փողոցի ընդլայնման պահանջը, անհրաժեշտ է հնարավորինս խուսափել ծառահատումներից: «Բարեփոխիչ ցանկացած գործ պիտի կատարվի նվիրումով եւ պատասխանատվությամբ՝ դրսեւորելով գեղագիտական ճաշակ եւ ստեղծագործական մոտեցում, գիտակցելով, որ փողոցը վերակառուցվում, բարեկարգվում է դարերի համար, սերունդների համար, եւ ոչ մի մանրուք չպետք է վրիպի շինարարների տեսադաշտից», նշում է Վլ. Սարգսյանը:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031