Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրն այն է, որ նման հայտարարություններով տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանն է ամենաշահագրգռվածը հայ-թուրքական սահմանները բացելու հարցում․ «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 28,2022 09:43

Օրերս հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձան Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, Թուրքիայի իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, իսկ հուլիսի 27-ին արդեն թուրքական TRT հեռուստաընկերությանը տված իր ավանդական հարցազրույցում Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում լուրջ է տրամադրված։ Նա ասաց, որ ի սկզբանե Թուրքիայի կարմիր գիծն Ադրբեջանն է եղել: Թուրքիայի առաջնորդը դրական է գնահատել հեռախոսազրույցի ժամանակ տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերը, բայց եւ շեշտել է, որ խոսքից բացի Անկարայում սպասում են Հայաստանի հստակ քայլերին: Մի քանի օր առաջ էլ Ադրբեջանի հետ հստակ քայլեր կատարելու մասին խոսել էր Չավուշօղլուն՝ հիշատակելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը եւ Զանգեզուրի ճանապարհը:

Մի կողմ թողնենք այն իրողության քննարկումը, որ փաստացի Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները հաստատելու գործընթացում առաջնորդվում է նախապայմանով, եւ որ այդ դեպքում Հայաստանը եւ հայ ժողովուրդը կարող են համարժեք պատասխանով օրակարգ բերել ցեղասպանության եւ արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի որոշիչ դերակատարության հարցերը:

Խնդիրն այն է, որ նման հայտարարություններով տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանն է ամենաշահագրգռվածը հայ-թուրքական սահմանները բացելու հարցում, ինչը իրականությանը չի համապատասխանում: Այսօր հայ-թուրքական, հետեւաբար նաեւ հայ-ադրբեջանական սահմանի բացման հարցում թիվ մեկ շահագրգռված երկիրը Թուրքիան է:

Մյուս կողմից էլ հայտնի փաստ է, որ Անկարան հայ-թուրքական հարաբերությունների էական նրբերանգների եւ կարեւոր շեշտադրումների մասին խոսում է միասնական արտաքին քաղաքականության վարման շրջանակներում ինտեգրված կուսակցական գործիչների շուրթերով: Օրերս այդ երկրի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքն էր հայտարարել, թե նախկինում որոշ պետություններ սաբոտաժի էին ենթարկում Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, որպեսզի հայկական սփյուռքն իրենց վերահսկողությունից դուրս չգա: Այս հայտարարությամբ պաշտոնական Անկարան ակնարկում է, որ այսօր էլ հայ-թուրքական հարաբերություններին խանգարում են երրորդ երկրները: Նման կարծիքի շրջանառումը գործընթացների իրական պատկերի քողարկում է:

Եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է Ադրբեջանով եւ մյուս կողմից էլ, ըստ էության, դժգոհում հայկական կողմից վերջինիս հետ խնդիրների լուծման հարցում դանդաղկոտության եւ գործնական քայլերի բացակայությունից, ապա սա նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն այսօր խանգարում է ոչ թե ինչ-որ երրորդ երկիր, այլ հենց Ադրբեջանը՝ իր միակողմանի առավելապաշտական պահանջներով:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031