Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 7 մարզերի 17 համայնքներում նշանակվել են համայնքի ավագանու համամասնական ընտրություններ, իսկ մեկ համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի ու ավագանու ընտրություններ։ Այս ընտրակարգով ընտրությունը կանցկացվի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ կլինեն Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Թալին համայնքներում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում. Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի, Բերդ, Տաշիր համայնքներում, Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ համայնքներում, Շիրակի մարզի Անի համայնքում, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան համայնքներում, Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս համայնքներում. Տավուշի մարզի Բերդ համայնքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ կարող են ներկայացնել օգոստոսի 11-ից մինչեւ օգոստոսի 21-ը, գրանցումը կկատարվի օգոստոսի 21-ից մինչեւ օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում։ Նախընտրական քարոզարշավը կտեւի 24 օր՝ օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 23-ը, ժամը 24.00։
Մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին՝ համայնքի ղեկավարի ու ավագանու անդամի թեկնածուները անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնեն օգոստոսի 21-ից մինչեւ օգոստոսի 26-ը, գրանցումը կլինի՝ օգոստոսի 26-ից մինչեւ օգոստոսի 31-ը։ Քարոզարշավը կսկսի սեպտեմբերի 5-ից ու կավարտվի սեպտեմբերի 23-ին, ժամը 24.00։
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերը թե համամասնական, թե մեծամասնական ընտրակարգով ընտրությունների համար նույն օրն է՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 12.00-ին։
Կարդացեք նաև
Ի դեպ, Ազգային ժողովի որոշմամբ, այսուհետ համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությանը քվեաթերթիկի վրա գրիչով նշում չի արվելու: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար տպագրվելու են առանձին քվեաթերթիկներ, իսկ ընտրողը իր նախընտրած թեկնածուի քվեաթերթիկը դնելու է ծրարի մեջ, որից հետո գցելու է քվեատուփը։
Սեպտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններին, կուսակցությունների, դաշինքների անվանումները չեն կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ դրանց հոլովաձեւեր:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ