Հիշո՞ւմ եք 1998 թվականի իշխանափոխությունից հետո Արշակ Սադոյանը մի քանի ամիս խոսում էր «լափված մազութի» մասին: Դա քոչարյանական իշխանության համար չափազանց ձեռնտու խոսույթ էր, որովհետեւ տեղավորվում էր «նախորդ հանցավոր ռեժիմի» վերաբերյալ քարոզչական թեզի շրջանակներում: Իրականում արցախյան առաջին պատերազմի ժամանակ մազութի հափշտակման լուրջ դեպք իսկապես տեղի էր ունեցել, բայց ոչ այն ժամանակվա վարչապետ Հրանտ Բագրատյանի, ոչ էլ ՀՀՇ-ի հետ դա որեւէ կապ չուներ: Բոլոր դեպքերում կոռուպցիան եղել եւ մնում է բոլոր հետխորհրդային երկրների համար ամենահնչեղ թեման:
Ինչո՞ւ է այդպես: Պատասխանը միանգամայն պարզ է. կոռումպացված չինովնիկների մասին պատմությունները մեծ մասամբ առնչվում են դղյակների, թանկարժեք մեքենաների, կազինոների, կանանց զարդեղենի, տղամարդկանց սիրուհիների, մի խոսքով՝ ճոխ կյանքի հետ: Եվ այդ պատմությունները շարքային մարդկանց մեջ առաջացնում են խառը զգացմունքներ, որոնց թվում են անարդարության հետ կապված ցասումը, նախանձը, եւ նույնիսկ՝ որոշակի ակնածանքը («դե՜, բաշարում են մարդիկ, կարողանում են ապրել, բա չէ՝ մեր նման»):
Վերջերս լսում էի ռուսաստանցի հայտնի լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովի հարցազրույցը, որտեղ նա խոստովանում էր, որ որոշ չափով Նավալնիի քարոզչության ազդեցության ներքո ինքը տարվեց կոռուպցիայի թեմայով՝ չտեսնելով իրական վտանգը, որը պայմանավորված էր Պուտինի միլիտարիստական ծրագրերով եւ, զուգահեռաբար, իր երկրի հասարակության այլասերմամբ:
Նույն վիճակն, իհարկե, մեզ մոտ է: Կոռուպցիան ներկա իշխանությունների սիրած թեման է, չնայած չէի ասի, որ այդ արատը 2018 թվականից հետո վերացել է. պաշտոնյաներն առաջվա պես դղյակներ են գնում, ղեկավարների մերձավորների մոտ «անսպասելիորեն» արթնանում են գործարար տաղանդները, նրանց հետ փոխկապակցված անձինք շահում են մեկ անձից կատարվող պետական գնումների մրցույթները: Խնդիրն, ի դեպ, անձնական չէ. եթե կարճ ձեւակերպենք՝ չկա մեր երկրի կյանքն այլ ձեւով կազմակերպելու հասարակական պահանջարկ:
Կարդացեք նաև
Վերջերս դատավորներից մեկն ԱԺ ամբիոնից կրկնեց իշխանության սիրելի թեզը՝ մենք պատերազմում պարտվել ենք կոռուպցիայի պատճառով: Դա ճիշտ է, բայց՝ մասամբ: Պարտության մյուս պատճառներն են վատ կառավարումը, արտաքին սխալ քաղաքականությունը, եւ դարձյալ՝ ինչպես Ռուսաստանում, հասարակության այլասերումը: Կարծում եմ՝ այս հարցերում ներկաներն ու նախկիններն, ինչպես ասում են, իրար արժեն: Բայց այդ թեմաներով խոսելն ու գրելը հետաքրքիր չէ: Այստեղ չկան ոչ դղյակներ, ոչ սիրուհիներ:
Կոռուպցիան, իհարկե, սարսափելի արատ է: Բայց, ցավոք, մեր երկրի միակ արատը չէ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ժողովրդին այլասերում է ոչ թե այլասերված կառավարությունը, այլ իր առաքելությունը չկատարող ժողովրդի սերուցքը՝ մտավորականությունը, ասա ինչ հեռուստատեսություն ունես, կասեմ ինչ մտավորականություն ես:
Ժողովրդավարությունը դա նա է, երբ կառավարող իշխանությունն ու ընդդիմությունը իրենց ժողովրդին ընկալում են նույնչափ սիրով ու սրտացավ, ինչպես իրենց սեփական երեխաներին են ընկալում: Մենք պետք է պաշտպանենք ժողովուրդների շահերը, որովհետեւ շատ ժողովուրդներ, նույնիսկ ունենալով սեփական պետություններ, որբ են, նրանց կառավարություններն իբր որբերի շահերն են պաշտպանում, իրականում իրենց ժողովուրդների թշնամիներն են: Դրա համար, ովքեր ասենք ռուսամետ են կամ արեւմտամետ, մի խոսքով՝ քմկմետ են, սրանք պետք է իրենք իրենց հարց տան՝ այդ երկրներում կա՞ ժողովրդավարություն, այսինքն՝ այդ երկրների ղեկավարությունը ծնողի սիրով ու սրտացավությա՞մբ է ընկալում իր սեփական ժողովուրդին եւ եթե չէ, ապա մեծ հավանականությամբ այդ երկրների ղեկավարները մեր քմկմետներին էլ նման ձեւով կվերաբերվեն կամ ավելի վատ: Ռուսամետությունը կամ արեւմտամետությունը քմկմտություն չի լինի, երբ ոչ թե նրանց ոչժողովրդավարական իշխանությունընդիմություններին կողմնակից լինես, այլ նրանց ժողովուրդներին, այդ ժողովուրդներին աջակցես եւ տեղը գալուց պաշտպանես իրենց իսկ ոչժողովրդավարական իշխանությունընդդիմությունից:
Մտավորականներ բոլոր երկրների, որպես փորձաքար հաղթահարեք այլասերվածության հիվանդությունը հեռուստացույցի մեջ, երբ դա հաղթահարեք, ուրեմն ունակ եք սիրով ու սրտացավությամբ հաղթահարելու այլասերվածության հիվանդությունը մեր սիրելի պետության մեջ եւ մեր սիրելի ժողովրդի մեջ: