Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունները խաղաղության դարաշրջան են սարքում Ադրբեջանի հետ, իսկ թե ի՞նչ է մտածում հայ ժողովուրդը…

Հուլիս 28,2022 13:30

Վերջին երկու տարիներին Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները հստակ վկայում են, որ ամեն ինչ աստիճանաբար գնում է նրան, որ հեռու չէ այն պահը, երբ կամ Ադրբեջանը հերթական պատերազմը կսանձազերծի Արցախում, կամ Արցախի ժողովուրդն ինքնակամ կլքի իր երկիրը:

Իսկ որոնք են այսպիսի ենթադրություն անելու հիմքերը:

Պատերազմի պարագայում, միայնակ մնացած Արցախը բացարձակապես դիմադրել չի կարող, եթե հաշվի առնենք, որ պատերազմից հետո այնտեղ մնացած (եթե, իհարկե, մնացել է) զինտեխնիկան կամ նրա որոշ մասը Հայաստանն արդեն հանել է, կամ շուտով կհանի եւ կտեղափոխի Հայաստան, հետեւաբար կարող է անգամ ժամերի ընթացքում պարտվել կամ … հանձնվել: Պատերազմ չսկսելու պարագայում, թշնամին հոգեբանորեն այնքան կճնշի Արցախի ժողովրդին, անընդհատ սպառնալով, որ անմիջապես ու լիովին ազատեն իրենց զբաղեցրած տարածքները, քանզի պատերազմում նրանց հաղթանակից հետո ողջ Արցախը պատկանում է Ադրբեջանին, այլապես կհոխորտան, որ կամովին չազատելու դեպքում, կարժանանան 44-օրյա պատերազմի ճակատագրին եւ ամբողջովին կոչնչանան ու այսպես, թե այնպես կազատագրեն եւ իրենցով կանեն ողջ Արցախը: Այս պահի դրությամբ սա հնարավոր իրականությունն է եւ իշխանությունների ու ժողովրդի նման պահելաձեւի պարագայում, հավանաբար իրադարձությունները հենց այսպես էլ կընթանան:

Տրամաբանական է, որ այս պարագայում միակ բանը, որի մասին արժե խոսել, դա այն է, թե ի՞նչ հրաշքի կարելի է դիմել, որպեսզի փորձենք փրկվել ստեղծված իրավիճակից: Հստակ է, որ միակ բանը, որ պետք է փորձենք անել, դա ողջ հայ ժողովրդին լեթարգիական քնից՝ թմբիրից հանելն ու մի վերջին ճիգով միակամվելն ու ոչինչ չխնայելով պայքարելն է թշնամու դեմ, քանզի կշեռքի նժարին դրված են Հայոց պետականության, Արցախի ու Հայաստան պետության լինել-չլինելու եւ ընդհանրապես հայի՝ աշխարհի երեսին մնալու հարցերը:

Ցավոք, ասվածը չափազանցության որեւէ տարր չի պարունակում ու հայ ժողովրդի այսպիսի պահվածքը տիեզերական զարմանք է առաջացնում, քանզի Արցախը համարյա կորսված է, արդեն մոտ երկու տարի թշնամին առանց պատերազմի՝ անարգել գրավել է Հայաստանի մի շարք ստրատեգիական տարածքները եւ առանց երկմտելու՝ օր օրի փորձում է էլ ավելի առաջ շարժվել ու ընդլայնել դրանք եւ Հայաստան պետության ու հայ ժողովրդի կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվում՝ դրանց կանխելու ուղղությամբ, կարծես այդ ամենն արվում է երկու կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ, որի արդյունքում մենք վերջնականապես կորցնելու ենք նաեւ ողջ Հայաստանը: Դե, հասկանալի է այն, որ Հայաստանի իշխանությունները խաղաղության դարաշրջան են սարքում Ադրբեջանի հետ, իսկ թե ի՞նչ է մտածում հայ ժողովուրդը, լիովին անհասկանալի է, քանզի եթե ամեն ինչ այսպես պետք է լիներ, ապա արցախյան վերջին պատերազմում ինչի՞ համար էին այդ հազարավոր անմեղ զոհերը, տասը հազարից ավելի վիրավորները, անհետ կորածներն ու գերիները: Կա՞ որեւէ հայ մարդ, որ կարող է այս հարցերի ռեալ պատասխանները տալ … Ինչպես ամեն մարդու, այնպես էլ ամեն հայի ծնունդով մի նոր աշխարհ է ծնվում եւ ամեն հայի մահով մի աշխարհ է մահանում եւ եթե ամեն ինչ պետք է հանձնվեր թշնամուն, ապա ի՞նչ մեղք էին գործել այդ հրեշտակ, մատղաշ տղաները, որոնց անփառունակ զոհեցինք ու հավերժորեն ոչ մի պատասխան չունենք նրանց՝ երկնքից մեզ նայող զարմացած ու մեզանից խաբված անմեղ հայացքներին:

Եվ ամենացավալին այն է, որ այդ անմեղ, մատղաշ զոհերը երբեք չեն ներելու՝ ձեւի մեջ հավասարը չունեցող՝ բովանդակազուրկ հայ ժողովրդին…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
27.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031