Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին մրցանակներ՝ Զալցբուրգի վիտուոզների մրցույթից

Հուլիս 28,2022 13:00

Մեկ դարը թեւակոխած Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը բոլոր ժամանակներում հայտնի է եղել իր տաղանդավոր սաներով եւ, իհարկե՝ մանկավարժներով։ Ընդամենը մի քանի անուն հիշեցման կարգով եւ պարզ կդառնա, թե ինչ բարձրարվեստ ու բարձրակարգ դպրոցի մասին է խոսքը։ Այս կրթական օջախում են ուսանել անվանի արվեստագետներ՝ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Արամ Խուդոյանը, Առնո Բաբաջանյանը, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը եւ այլն։

Վերջերս Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացված երաժիշտ կատարողների «Grand Price Virtuoso» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի (տնօրեն՝ Մարինա Վարդանյան) դաշնամուրային բաժնի սաները՝ Դավիդ Ադիլխանյանը (9-12 տարեկանների տարիքային խումբ) եւ Շանթ Դուրգարյանը (13-15 տարեկանների տարիքային խումբ), որոնք ուսանում են Սիրանուշ Հարությունյանի դասարանում, արժանացել են առաջին մրցանակի։

Միջազգային մցույթների մասին խոսելիս ընդունված է ասել, որ այսօր՝ քան երբեւէ, թիվ կա աստղերին, թիվ չկա աշխարհում անցկացվող նման մրցույթներին։ Այցելելով մրցույթի պաշտոնական կայք, տեղեկացանք, որ այն անցկացվում է 2014 թվականից՝ տարբեր երկրներում, 5 անվանակարգերում՝ լարային գործիքներ, դաշնամուր, փողային գործիքներ, վոկալ եւ կամերային երաժշտություն։ Մրցույթին այս տարի Հայաստանը ներկայացել է երկրորդ անգամ։ Կայքից տեղեկացանք, որ Հայաստանից առաջին անգամ 2018թ. մասնակցել է 9-ամյա դաշնակահարուհի Գայանե Անդրեասյանը։ Ի դեպ, կայքում տեղեկություն չկար, թե նա որ երաժշտական դպրոցից է եւ ում սանն է։

«Առավոտի» հետ զրույցում իր սաների մասին խոսելիս Սիրանուշ Հարությունյանը նշեց, որ մինչ զալցբուրգյան մրցույթը երկու սաները մասնակցել են հանրապետական մրցույթների, Հայաստանում անցկացվող միջազգային մրցույթների, այդ թվում՝ Art music, Առնո Բաբաջանյանի, Մեծ Բրիտանիայում՝ Մեդիչի, Հունգարիայում՝ Լիստի անվան, Ֆրանսիայում՝ Nouvelles Etoiles։ Ընդ որում՝ բոլոր մրցույթներին պատանի երաժիշտներն արժանացել են բացառապես առաջին մրցանակների։

Դավիթ Ադիլխանյանը եւ Շանթ Դուրգարյանը՝ ելույթի պահին։

Զալցբուրգյան մրցույթը անցկացման իր ձեւաչափով եզակիներից, եթե ոչ եզակին է աշխարհում։ Այդ մասին տեղեկացանք մրցույթի պաշտոնական կայքից, ինչը հաստատեց մեր զրուցակիցը՝ մանրամասնելով. «Սա, կարելի է ասել՝ իսկապես վիրտուոզների մրցույթ է, ինչը եւ հուշում է մրցույթի անվանումը։ Այս տարի մասնակցում էր 71 երկիր։ Այո, ես նույնպես չգիտեմ, թե նման ձեւաչափով այլ մրցույթ կա՞ աշխարհում։ Մրցույթի պահանջները հետեւյալն են. մասնակցել ցանկացողները կազմկոմիտեին են ուղարկում տեսանկարահանումներ։ Սաներիս մեկնաբանմամբ ես ուղարկել էի Բախի, Դեբյուսիի, Խաչատրյանի, Լիստի ստեղծագործություններից։

Գալա-համերգի մասնակիցները:

Միառժամանակ անց նամակ ստացա, որ սաներս երկուսն էլ արժանացել են առաջին մրցանակի եւ մեզ հրավիրում են Զալցբուրգ՝ մասնակցելու մրցույթի գալա համերգին եւ մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ հեղինակավոր Mozarteum համալսարանի դահլիճում։ Այսինքն՝ ժյուրին ընտրում է միայն վիրտուոզների, իսկ արդեն գալա համերգին մասնակցելու համար հրավիրվում են նաեւ երաժիշտներ, որոնք թեեւ չեն արժանացել մրցանակի, այդ թվում՝ հատուկ, բայց լավ տպավորություն են թողել։ Իսկ յուրաքանչյուր տարի գալա համերգները կայանում են մրցույթն անցկացվող երկրի հեղինակավոր սրահներում։ Թվեմ ընդամենը մեկ-երկուսը՝ Մեծ Բրիտանիայի Royal Albert Hall, Ավստրիայի Musikverein, Ամստերդամի Concertgebouw, Փարիզի La Bastille օպերայում եւ այլն։ Չմոռանամ ասել, որ գալա համերգին կազմակերպիչների ընտրությամբ սաները հանդես եկան Բախի եւ Դեբյուսիի գործերով»։

Դիտարկմանը, թե՝ դարձյալ պաշտոնական կայքում կարդացինք մրցույթի արտիստիկ տնօրեն Վիկտորյա Մոնսերատի հետեւյալ գրությունը. «Մրցանակակիրներին ընտրելիս շեշտը դրվում է ոչ թե կատարման զուտ տեխնիկական կողմի, այլ նաեւ կատարողի գեղարվեստական խարիզմայի վրա», մեր զրուցակիցն ասաց, որ անկախ տարիքից, մրցույթի մասնակիցներին ընկալում են նաեւ որպես արտիստի։ Ասվածին Սիրանուշ Հարությունյանը հավելեց, թե նախապես իմանալով այդ մասին, ինքը մտածելու կամ անհանգստանալու ոչինչ չուներ։ «Երկու վիրտուոզներս էլ բնությունից օժտված արտիստներ են»,- խոսքը եզրափակեց նա։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031