Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ դրվագներ Փարաջանովի «Ղարաբաղ» կոլաժի մասին

Հուլիս 28,2022 12:30

Գիրք-ատլասը, որն անվանվել է «Ատլաս Հայք, Նաիրի, Հայաստան, Արմենիա», «Նահապետ» հրատարակչության տնօրեն, լուսանկարիչ Սեն Հովհաննիսյանի վերջին աշխատանքն է հայերի երկրի մասին: Տարբեր լեզուներով տպագրվել են նմանատիպ ատլասներ, սակայն այս դեպքում հեղինակը քարտեզը զուգադրում է տեքստի հետ եւ ներկայացնում իր տեսակի մեջ համահավաք յուրօրինակ աշխատանք:

Սեն Հովհաննիսյանի այս գիրք-ատլասից ընտրել ենք մի հետաքրքիր հատված` «Սերգեյ Փարաջանյանը նկարիչ քարտեզագիր» վերնագրով: Հեղինակը գրում է, որ քարտեզը նաեւ արվեստի ստեղծագործություն է. երբ աշխարհագրագետը, քարտեզագիրը եւ նկարիչը միաձուլվում են մեկ գաղափարի շուրջ, հանգում են աշխարհի միասնական ընկալմանը եւ ճանաչողությանը: Ըստ այդմ` ենթադրվում էր քարտեզների բարձր արժանահավատությունն ու հավաստիությունը ներկայացնելու ավելի լայն հնարավորություն:

«Փարաջանյանը կեղծ մեղադրանքներով երկու անգամ դատապարտվել է. Ուկրաինայում (1974-1978) եւ Թբիլիսիում (1982)։ Նրա ազատ արձակման համար իրենց բողոքի ձայնն են բարձրացրել նշանավոր անհատներ՝ Ֆրանսուա Տրյուֆոն, Ժան-Լյուկ Գոդարը, Ֆեդերիկո Ֆելինին, Լուկինո Վիսկոնտին, Միքելանջելո Անտոնիոնին… Նա կալանավայրում ստեղծում է բազմաթիվ գործեր՝ կոլաժներ, գծանկարներ եւ այլն, ինչի մասին գրում է. «Ինձ թույլ չեն տալիս ֆիլմեր նկարել, եւ ես սկսել եմ ստեղծել կոլաժներ: Կոլաժը խտացված ֆիլմն է»: Դրանց համար նա օգտագործում է կալանավայրում տարբեր ուղիներով ձեռք բերած ամսագրերի էջերի նկարներ, զանազան իրեր եւ այլն։

Երբ բացվեց Փարաջանյանի կոլաժների ցուցահանդեսը, Փարաջանյանն այդ առիթով գրեց. «Ես պրոֆեսիոնալ չեմ ու չեմ էլ հավակնում լինել։ Իմ ցուցահանդեսը հոբի չէ, այլ իմ մասնագիտական անհրաժեշտությունն է։ Ես ռեժիսոր եմ, աշակերտել եմ մեծ վարպետներ Սավչենկոյին ու Դովժենկոյին, երկուսն էլ նկարում էին, Էյզեյնշտեյնն էլ էր նկարում, եւ ակամա ես էլ սկսեցի նկարել, կոլաժներ անել։ Ես ուզում եմ, որ ցուցահանդես այցելեն երեխաները, որովհետեւ եկել է գեղեցիկը որոնելու, գտնելու եւ իրականացնելու ժամանակը, մեզ շրջապատող գեղեցիկը՝ մեր լեռները, երկինքը»։ Մարտիրոս Սարյանը ասում է. «Մարդը բնությունն է, բնությունը՝ մարդը», իսկ Փարաջանյանն ասում է. «Ոչ մի հրաշք էլ չկա։ Ես փնտրում եմ այն, բնության մեջ է այն»,- երկու մեծ արվեստագետները կյանքի իմաստը եւ գաղտնիքները, բարին փնտրում են բնության մեջ: Սերգեյ Փարաջանյանի «Ղարաբաղ» կոլաժը ստեղծվել է Ղարաբաղյան հակամարտության առաջին շրջանում (1988-1994 թթ.), 1989 թվականին»,-գրում է Սեն Հովհաննիսյանը:

«Կոլաժի կենտրոնում ամրացված է Հայաստանի քարտեզը, որի կենտրոնական մասում գտնվում է Գեղարդի վանական համալիրը (այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Քրիստոսի կողը): Հայաստանի մի մասը կտրվել եւ միացվել է Արցախին (Ղարաբաղին), որպես նույն քարտեզի այրված կտոր: Կոլաժը պատկերում է նաեւ հեղինակի կողմից նկարահանված «Նռան գույնը» ֆիլմի հերոսների, վարպետի՝ Փարաջանյանի դիմանկարները եւ կարմիր կակաչը՝ որպես ռազմական եւ քաղաքացիական բախումների բոլոր զոհերի հիշատակի խորհրդանիշ: Ստեղծագործության անկյուններում նախաքրիստոնեական խորհրդանիշներ են, որոնք վերաբերում են մ. թ. ա. 4-րդ դարին, երբ ժամանակակից Հայաստանի եւ Արցախի տարածքն ընդգրկված էր Երվանդունիների հայկական թագավորության մեջ:

Սերգեյ Փարաջանովի ստեղծած այս գործը, որը պայմանականորեն կոչվում է «Վերնաշապիկ», խորհրդային բռնապետական իրականության յուրօրինակ քարտեզագրումն է, զգայուն արվեստագետի հոգեկան խռովքի ցայտուն արտահայտությունը: Պատկերը խորհրդանշական է. Հայաստանը փշալարով բաժանված է երկու մասի, բաժանարար գծի ծայրին մկրատ է, որը «համարձակվում է» կտրել այն: Փշալարից այն կողմ Թուրքիան է, որտեղ գերության մեջ է Արարատը, որից աջ՝ գագաթի շուրջ կենդանիներ են վազքի մեջ սատանայի տեսքով, ձախից՝ եղնիկներ ու ջեյրաններ՝ նույնպես վազքի մեջ: Պատկերի ձախ կողմում Հայոց Վեհափառն է իր հոտով, ձախից՝ տանջված հայ ժողովուրդը: Արարատի վերեւի մասում Քրիստոսի պատկերն է, որից վերեւ ռուս զինվորներ են, որոնցից մեկը սրբապղծում է Քրիստոսի պատկերը, աջից Տիրամայրն է, որից վերեւ, երիտասարդի աճյունի մոտ, ողբացող կանայք են: Ամբողջ շապիկը պատված է ծաղկային մոտիվներով, զարդանախշերով եւ այլ խորհրդանիշներով:

1968 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում ավարտել է «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») ֆիլմի նկարահանումը: Ֆիլմը սկսվում է խորհրդանշական նուռից, որից հոսում է կարմիր հյութը եւ տարածվելով էկրանին՝ պատկերում է պատմական Հայաստանի քարտեզը: Սերգեյ Փարաջանյանը գրում է. «Հայաստանն ինձ համար ճամփորդության վայր չէ, ես հայ եմ իմ բջիջներով, ուղնուծուծով եւ ամեն ինչով: Ես իմ պարտքը հայրենիքի հանդեպ կատարել եմ ինչ-որ չափով: Թեկուզ արդեն այնքանով, որ հայկական կինոյում պատուհան եմ բացել, որից կարելի է զննել Նարեկացու ու Սայաթ-Նովայի, Թորոս Ռոսլինի եւ Սարգիս Պիծակի, Հաղպատի ու Սանահինի գեղարվեստական զարմանահրաշ աշխարհը՝ արդի կինեմատոգրաֆիական հայեցողությամբ…»,-նշում է «Նահապետ» հրատարակչության տնօրենը:

Լուսանկարները տրամադրել է Սեն Հովհաննիսյանը

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031