Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի ջղաձիգ խոստովանությունների հիմքերը

Հուլիս 28,2022 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Ինչու է այսքան ջղաձիգ Ալիեւը եւ ինչու է եվրոպացիների հետ դեմ առ դեմ հանդիպմանը նրանց երեսին ասում՝ «Ադրբեջանի նկատմամբ ավելի ագրեսիվ եք, քան՝ Հայաստանի Ազգային ժողովը»…

Անցյալ շաբաթ եվրոպացի պաշտոնյաների այցը Բաքու կարեւոր ուղենիշներ է պարունակում, որոնց հետ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հաշվի նստել, եւ դրանք մեր պետության արտաքին քաղաքական խնդիրներում՝ ելակետային սահմանել:

Այսպես, ԵՄ-ն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: Արարողությունը կայացավ Բաքվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասնակցությամբ: Ալիեւը ոգեւորված հայտարարեց, թե սա Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արդեն երրորդ նմանօրինակ փաստաթուղթն է, եւ Բրյուսելի հետ կյանքի կոչված էներգետիկ ծրագրերը արդեն իսկ լիովին փոխել են Եվրոպայի էներգետիկ քարտեզը:

2021-ին Ռուսաստանից դեպի Եվրամիություն 155 մլրդ խորանարդ մետր գազ է արտահանվել, որը կազմում է գազի ընդհանուր սպառման 40 տոկոսը: Բրյուսելը ծրագրում է մինչեւ 2027 թվականը ադրբեջանական հարավային գազային միջանցքով տարեկան առնվազն 20 մլրդ խորանարդ մետր գազ հասցնել Եվրամիություն, հավանական է նաեւ Բալկաններ։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ շարունակվող պատերազմի ֆոնին Բաքուն բազմիցս հայտարարել է, որ պատրաստվում է ավելացնել գազի մատակարարումը դեպի Եվրոպա՝ որպես այլընտրանք ռուսական գազին:

Սակայն տարբեր փորձագետների գնահատականներով Ադրբեջանի հետ հուշագիրը առանձնապես մեծ նշանակություն չունի, քանի որ փաստաթուղթն առավելապես «ջանքերի» ցուցակ է հիշեցնում, այլ ոչ թե՝ պարտավորություններ սահմանում, մասնավորապես այս մասին նշել էր Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում սոցիալ դեմոկրատների քաղաքական խորհրդական Էլդար Մամեդովը:

Միակ կետը, որը կոնկրետություն ունի, արձանագրումն է՝ «ձգտել աջակցել բնական գազի երկկողմ առեւտրին»՝ ապահովելու համար տարեկան առնվազն 20 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարում մինչեւ 2027 թվականը: Բայց նույնիսկ այս «պարտավորությունը», ըստ փորձագետների՝ ոչ այնքան պարտավորեցնող է, քանի որ Բաքուն պետք է միայն «ձգտի» կրկնապատկել գազի արտահանումը: Եվ բացի այդ, հուշագրի ոչ պարտադիր բնույթն ընդգծվում է վերջին կետով, ըստ որի՝ հուշագիրը չպետք է ստեղծի որեւէ պարտադիր իրավական կամ ֆինանսական պարտավորություն կողմերի համար:

Eurasianet.org-ի էներգետիկ հարցերով փորձագետ Դեյվիդ Օ’Բայրնն, օրինակ, կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն ունի սահմանափակ հնարավորություններ եւ ստիպված է բավարարել ներքին պահանջները։ Եվ ըստ Օ՚Բայրնի, եթե նույնիսկ Ադրբեջանին հաջողվի կրկնապատկել գազի արտահանումը մինչեւ 2027-ը՝ մինչեւ 20 մլրդ խմ, նա դեռեւս չի կարող որեւէ նշանակալի դեր խաղալ ռուսական մատակարարումների հնարավոր կորուստի փոխհատուցման հարցում առաջիկա ձմռանը: Հետեւաբար, Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Իլհամ Ալիեւի ստորագրած փաստաթուղթը չի կարող լրջորեն մեղմել ԵՄ-ի էներգետիկ խնդիրները:

Ինչ վերաբերում է իրադարձության քաղաքական գործոնին, ապա, այո՛, այստեղ Ադրբեջանի նախագահը դիվանագիտական հաղթանակ է կրել. 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի հետ դաշնակցային փոխհարաբերություններ հաստատած Ադրբեջանն արդեն ԵՄ-ի՝ «անփոխարինելի գործընկերն է»: Բրյուսելի համար էլ լուծվեց Ադրբեջանին Ռուսաստանից որոշակիորեն կտրելու ձգտումը, անկախ նրանից, թե Պուտին-Ալիեւ հարաբերությունները ինչ մակարդակում են եւ դրանք գոնե՝ մոտ ապագայում, չեն կարող շեշտակի խզում ունենալ:

Ալիեւը, Բրյուսելի նկատմամբ չստանձնելով որեւէ ֆինանսա-իրավական հստակ պարտավորություն, կարողացավ լուծել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, բռնաճնշումների նկատմամբ ԵՄ-ից այսուհետ առավել զուսպ, չեզոք գնահատականներ լսելու խնդիրը, իսկ արդյունքում Բաքուն Բրյուսելի առջեւ ստանձնել է՝ «ձգտել ապահովել» գազով անորոշ նպատակը: Գումարած այս ամենին՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Իլհամ Ալիեւի ստորագրած հուշագրով՝ աջակցություն է հայտնվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Ավելին՝ Ալիեւը այդ հուշագիրը ստորագրելուց անմիջապես հետո արդեն իսկ շտապեց քննադատել եվրոպական քաղաքականությունը: Բաքվում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի այցի օրերին նա բառացի ասաց՝ «երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այդ բանաձեւերն ընդունվում են Հայաստանի խորհրդարանի կողմից, եւ կա հայկական լոբբիստական խմբի որոշակի ազդեցություն»: Ընդունելով Եվրախորհրդարանի պատվիրակությանը՝ Ալիեւն ասել էր. «Մեր վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2018թ.: Անկեղծ ասած, ես նույնիսկ մի փոքր զարմացա, երբ իմացա, որ դուք ծրագրում եք այցելել Ադրբեջան։ Թերեւս, գիտեք պատճառը։ Հիշում եմ մի հանդիպում, որի ժամանակ մենք շատ խոսեցինք համագործակցության զարգացման մասին։ Բայց, ցավոք, դա տեղի չունեցավ։ Պատճառը ոչ թե մեր, այլ Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների դիրքորոշման մեջ էր։ Նման դիրքորոշումը մենք համարում ենք բացարձակապես անհիմն»:

Այնուհետեւ Ալիեւը նշել էր, որ Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ, վիրավորանքներ են հնչել, կեղծ տեղեկություն է տարածվել։ «Ես նույնիսկ մոռացել եմ Եվրախորհրդարանի կողմից տարբեր ժամանակներում ընդունված հակաադրբեջանական բանաձեւերի ընդհանուր թիվը։ Խոսքը, թերեւս, 10-ից ավելի բանաձեւերի մասին է։ Հատկապես Հայրենական պատերազմից (Ղարաբաղյան 2020թ. պատերազմից) հետո ընդունվեց մի բանաձեւ, որը հատկապես մտահոգիչ է, քանի որ այնտեղ խոսվում էր Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։ Դա ճիշտ չէ։ Այդ բանաձեւն ընդունվել է այս տարվա մարտին։ Այսինքն՝ դա տեղի է ունենում պատերազմի ավարտից մեկուկես տարի անց»,- ասել էր Ալիեւը։

Ապա, Ադրբեջանի նախագահը խոսելով՝ «Ադրբեջանի մշակութային ժառանգության ոչնչացման» թեմաներով, եվրոպացիներին մեղադրեց «բացարձակապես անընդունելի», «միակողմանի բանաձեւեր» ընդունելու մեջ: «Գիտեմ, որ ձեր պատվիրակության անդամներից շատերը կողմ են քվեարկել այս բանաձեւին։ Դա միանգամայն հակաարդյունավետ քայլ է: Նախ, դա կեղծ փաստերի եւ զրպարտության վրա հիմնված սուտ է։ Երկրորդ, դա այնքան էլ կարեւոր չէ: Քանի որ դուք գիտեք, որ Եվրամիությունը եւ Ադրբեջանը հարաբերությունների լավ պատմություն ունեն, եւ հատկապես հիմա այդ հարաբերությունները շատ հաջող են զարգանում»,- ասել է Ալիեւը։ Այնուհետեւ շարունակել էր, թե ԵՄ-ի հետ լավ հարաբերությունների զարգացման ֆոնին անհասկանալի է Եվրախորհրդարանի նման վերաբերմունքը, եւ ըստ Ալիեւի՝ Եվրախորհրդարանի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ ավելի ագրեսիվ է, քան Հայաստանի խորհրդարանինը. «Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այդ բանաձեւերն ընդունվում են Հայաստանի խորհրդարանի կողմից, եւ կա հայկական լոբբիստական խմբի որոշակի ազդեցություն։ Հակառակ դեպքում դա անհնար է հասկանալ: Մենք ցանկանում ենք սերտ հարաբերություններ կառուցել Եվրոպայի հետ, եւ մեր բոլոր գործողությունները դա են վկայում։ Բայց եթե Եվրախորհրդարանը մտածում է ընտրել նման ճանապարհ, ապա դա իրենց ընտրությունն է։ Բայց նրանք պետք է իմանան, որ հնարավոր չէ մեկուսացնել Եվրոպան Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը՝ Եվրոպայից, չնայած որոշ պատգամավորների ջանքերին»։

Այսինքն, Ալիեւն արդեն իսկ Բրյուսելի հետ կնքած հուշագրի համատեքստում սկսեց սպառնալ եվրոպացիներին, որ այսուհետ նման բանաձեւերի ընդունումը Եվրախորհրդարանի կողմից անընդունելի է լինելու Բաքվի համար, եւ հաջորդը՝ Եվրախորհրդարանի հակաադրբեջանական բանաձեւերը չեն խանգարում Բաքվին լավ հարաբերություններ ունենալ Բրյուսելի հետ: Ընդ որում, Ալիեւը մատնանշել է վերջին ամիսներին Եվրամիության օրենսդիր մարմնի պատգամավորների ճնշող մեծամասնության կողմից ընդունված բանաձեւերից մեկը, որում կառույցը դատապարտեց եւ կոշտ քննադատություն հնչեցրեց Ալիեւի վարչակազմի հասցեին՝ հայկական մշակութային ժառանգությունը միտումնավոր ոչնչացնելու համար։ Եվրամիության օրենսդիր մարմինը մարտի սկզբին 635 կողմ, 2 դեմ եւ 42 ձեռնպահ քվեներով ընդունել էր Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձեւ: Եվրախորհրդարանը Ադրբեջանին կոչ էր արել դադարեցնել Ղարաբաղում հայոց պատմամշակութային կոթողների եւ եկեղեցիների ավերումը եւ հիշեցրել, որ ցանկացած կոթողի ոչնչացում կամ դրա ինքնության եւ պատկանելության աղավաղում հակասում է Եվրամիության սկզբունքներին:

Ալիեւն անգամ հարկ էր համարել Դեյվիդ Մքալիսթերին հիշեցնել, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ակտիվորեն ներգրավված է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ արդեն երեք եռակողմ հանդիպում է հյուրընկալել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:

Այստեղ հարկ է նշել մի ուշագրավ հանգամանք, որ այս տարվա մայիսի 22-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումից մեկ օր անց Միշելը հանդես եկավ հայտարարությամբ, որի մի կետ հատկապես Հայաստանում դժգոհություն առաջացրեց: Հիշեցնենք, «Խաղաղության համաձայնագիր» կետում Միշելը նշել էր. «Ղեկավարները պայմանավորվեցին առաջ տանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կբերեն այս գործընթացը։ Ի հավելումն այս ուղու՝ ես երկու ղեկավարներին էլ շեշտեցի՝ անհրաժեշտ է, որ ուշադրություն դարձնեն էթնիկ հայ բնակչության իրավունքներին եւ անվտանգությանը Ղարաբաղում»: Սակայն հետաքրքրականն այն է, որ Միշելի նշյալ հայտարարությունից 2 շաբաթ անց՝ հունիսի 8-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձեւ, որում մեկ անգամ եւս ամրագրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ:

Ահա, թե ինչու է այսքան ջղաձիգ Ալիեւը, եւ եվրոպացիների հետ դեմ առ դեմ հանդիպմանը նրանց երեսին ասում է՝ «չնայած Եվրախորհրդարանի որոշ անդամների փորձերին՝ հնարավոր չէ մեկուսացնել Եվրոպան Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը՝ Եվրոպայից», իսկ Եվրախորհրդարանին մեղադրում է, թե՝ «Ադրբեջանի նկատմամբ ավելի ագրեսիվ եք, քան՝ Հայաստանի Ազգային ժողովը»…

Ադրբեջանի նախագահի այս հրապարակային արձանագրումները գալիս են ապացուցելու, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, կարգավիճակի ճշգրտման տեսանկյունից հետեւողական, ճշգրիտ, իհարկե՝ ոչ հեշտ աշխատանք իրականացնելու դեպքում Հայաստանի իշխանությունները, հայաստանյան քաղաքական էլիտան կարող է հայանպաստ որոշումների հասնել: Մենք մի քանի առիթներով արդեն իսկ ներկայացրել ենք մանրամասներ, թե ինչպես է, մասնավորապես, Դավիթ Շահնազարյանի ջանքերի շնորհիվ հաջողվել չեզոքացնել Եվրախորհրդարանում ադրբեջանական լոբբիստական խմբերի ջանքերը եւ արդյունքում հայանպաստ 4 բանաձեւեր ստանալ:

Այստեղ տրամաբանական հարց է ծագում՝ ՀՀ գործող իշխանություններն, առհասարակ, նպատակ ունե՞ն գոնե եղածը պահպանել ու հասնել ավելիին՝ չեզոքացնելու Ադրբեջանի նախագահի կողմից եվրոպացիների հասցեին արդեն իսկ հնչեցրած քննադատությունը եւ ենթադրվող՝ գործադրվելիք ջանքերն ընդդեմ հայանպաստ բանաձեւերի:

Եվ ընդհանրապես, հայաստանյան քաղաքական դաշտին բացի ցածրորակ դիսկուրսից, ուղղորդված թեմաների շրջանառումից՝ Հայաստանի ու Արցախի համար այսպիսի նշանակության խնդիրները հետաքրքրո՞ւմ են:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 27.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031