Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերաքննիչ դատարանին վերապահվել է լիազորություն, որպիսին այն չունի Սահմանադրությամբ եւ ՀՀ դատական օրենսգրքով». դիմումատու դատավոր

Հուլիս 28,2022 14:00

Սահմանադրական դատարանը ստացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տ. Սիմոնյանի դիմումը` հանձնման թույլտվության սահմանադրականության հարցով: Դատավորը մինչ ՍԴ դիմելը՝ երկու գործով վարույթ է կասեցրել, հիմնավորելով այսպես. «Քանի որ այդ գործը համաբնույթ է նախորդին, այն համատեքստում, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է բողոքարկվել ՀՀ գլխավոր դատախազի որոշումը, սույն գործով իմ կողմից որոշում է կայացվել վարույթը կասեցնելու վերաբերյալ: Նշված գործերով վարույթը կվերսկսվի Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո»:

Ստուգան կենթարկվի նաեւ ռուս ամբաստանյալի պաշտպան Արսեն Մկրտչյանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատախազի՝ այս տարվա մարտի 16-ի որոշման օրինականության հարցը:

Ըստ դատարանի կողմից ներկայացված դիմումի, հանձնման գործերից առաջինով՝ Ռուսաստանի Դաշնության հայազգի քաղաքացին (դռնփակ են նման գործերը քննվում, որոշ անձնական տվյալներ չեմ հրապարակում-Ռ.Մ.) այս տարվա փետրվարի 6-ից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասով՝ «Խարդախությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից, առանձնապես խոշոր չափերով»: Անցյալ տարվա հունիսի 23-ին որոշում է կայացվել ՌԴ գլխավոր դատախազության կողմից՝ հայ քաղաքացուն որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը որոշում է կայացվել խափանման միջոցի հետ կապված: 2021թ. հոկտեմբերի 8-ին քաղաքացին հայտնաբերվել, ձերբակալվել է Հայաստանի Հանրապետությունում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառվել է ժամանակավոր կալանավորում՝ 14 օրով, իսկ հոկտեմբերի 22-ին՝ երկու ամիս ժամկետով՝ հանձնելու համար, որը հետագայում երկարաձգվել է: Որոշվել է արտահանձնել:

ՌԴ գլխավոր դատախազությունը տրամադրել է միջազգային պայմանագրով նախատեսված քաղաքացու իրավունքների պաշտպանության երաշխիքներ, անցյալ տարվա հոկտեմբերի 15-ին եւ 25-ին ստացվել է հայազգի քաղաքացուն Ռուսաստանին հանձնելու՝ ՌԴ գլխավոր դատախազության միջնորդությունները:

Մեր՝ ՀՀ օրենսգրքով էլ, ազատազրկման ձեւով պատիժը գերազանցում է մեկ տարին:

Այս տարվա` 2022թ. մայիսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ բավարարվել է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությունը, եւ թույլատրվել վերջինիս հանձնումը ՌԴ իրավասու մարմիններին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հանձնման թույլտվության վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան՝ այն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում: Այս տարվա հունիսի 2-ին վերաքննիչ բողոք է ներկայացվել նրա պաշտպանի կողմից: Հունիսի 7-ին դատական նիստի ժամանակ դատավորի կողմից որոշում է կայացվել վարույթը կասեցնել՝ Սահմանադրական դատարան դիմելու որոշման հիման վրա:

Դատավորն իր դիմումի մեջ նշել է, որ իր վարույթում փաստաբան Արսեն Մկրտչյանի պաշտպանյալի՝ ազգությամբ ռուս Ռոման Նեգրեշնիկովի գործով էլ նույն հարցերն են ծագել, պաշտպանն ապրիլի 5-ին վերաքննիչ բողոք էր բերել: Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր դատախազի միջնորդությունը՝ արտահանձնման համար:

Դատավորը հղում էր կատարել Սահմանադրության 172 հոդվածին, համաձայն որի՝ «Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»: Իսկ ՍԴ օրենքի համաձայն, դատարանները կարող են դիմել Սահմանադրական դատարան, համապատասխան գործով վարույթը սկսվելուց մինչեւ այդ գործով ըստ էության որոշում ընդունելու պահը:

«Առկա է հիմնավոր կասկած՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթը հակասահմանադրական լինելու առնչությամբ: Ըստ էության, վերաքննիչ դատարանին վերապահվել է լիազորություն, որպիսին այն չունի Սահմանադրությամբ եւ ՀՀ դատական օրենսգրքով»,-նշել էր դատավորը:

ՍԴ -ին հիշեցվում է իր իսկ կողմից կայացված որոշումները՝ ՍԴՈ-690, ՍԴՈ -1314, ՍԴՈ-420, մոտ քսան հատ, եւ միտքն այն է, որ «դատավարական որեւէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու հնարավորությունը, իմաստազրկելու ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը»: Մինչդեռ, իր վարույթում գտնված հիշյալ գործերի համադրմամբ, դատավորը հանգել էր հետեւյալին. «Քրեական վարույթում նախատեսելով առաջին ատյանի դատարանի ակտերի վերաքննիչ բողոքարկման ընթացակարգ, օրենսդիրը նախատեսել է բողոքարկող անձի կողմից իր իրավունքների պաշտպանությանն ուղղված պարտադիր պահանջներ»:

Հրապարակումը պատրաստ էր, երբ փաստաբան Արսեն Մկրտչյանից տեղեկացա, որ նրա պաշտպանյալի կասեցված գործով դատարանը վարույթը վերսկսելու մասին հուլիսի 20-ին որոշում է կայացրել, նշելով, որ հուլիսի 19-ին ստացվել է ՍԴ որոշումը:
Ա. Մկրտչյանն «Առավոտին» երեկ այդ կապակցությամբ ասաց. «Ես ՍԴ որոշումը չեմ ստացել, ենթադրում էի, որ ՍԴ-ն վարույթ չի էլ ընդունել: Կարեւոր եմ համարել դատավորի կողմից այդ հարցի բարձրացումը, նա նկատեց մի խնդիր, ինչը տարիներ շարունակ չէին նկատել նմանատիպ գործեր քննող դատավորները»:

ՍԴ պաշտոնական կայքում երեկվա դրությամբ տեղադրված էին հուլիսի 12-ի գործով որոշումները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031