Տարիներ առաջ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը դեմ արտահայտվող քաղաքացիների մտահոգություններն այսօր իրականություն են դառնում։ Երբ ներդրվում էր համակարգը, ստեղծվեց «Դեմ եմ» շարժումը, որը պահանջում էր չեղարկել այն։ Ի վերջո համակարգը ներդրվեց, սահմանվեց, որ կուտակային կենսաթոշակային ֆոնդին մասնահանումները կատարվում է բազային եկամտի ՝ 5%-ի չափով, նույնքան գումար էլ պետությունն է ավելացնում։ Պարտադիր բաղադրիչը վերաբերում է 1974 թվականից հետո ծնված աշխատողներին։
Վերջին շրջանում քաղաքացիներն ահազանգում են՝ կենսաթոշակային կուտակային հաշիվի գումարները նվազում են։
Նախկինում այս համակարգի դեմ ակտիվ պայքարող, «Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Խաժակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ այն ժամանակ մտահոգություն էին հայտնում երկարաժամկետ ռիսկերի մասին, որ պարզ չէ, թե ինչ ռիսկեր կարող են լինել ապագայում եւ կուտակումները ինչ կլինեն։
«Պետությունն ասում էր, որ երաշխավորում է այդ գումարների վերադարձն առնվազն այն մասով, որ քաղաքացին իր վճարած գումարը կստանա, սակայն չէր երաշխավորում, եւ իհարկե, այսօր էլ չի երաշխավորվում պետության վճարած գումարի մասով։ Հիմա տեսնում ենք, որ միջազգային տնտեսական լուրջ խնդիրներն ազդել են կուտակային կենսաթոշակային ֆոնդերի վրա, եւ ես կարծում եմ, որ առաջին բանը, որը պետք է անի կենտրոնական բանկը, լրջագույն պարզաբանումներ ներկայացնելն է, թե՝ մինչեւ ե՞րբ սա կարող է շարունակվել, ի՞նչ ռիսկեր կան ապագայի հետ կապված։ Պարզ է, որ, այսպես ասած՝ գնացքն արդեն գնացել է, մեծ գումարներն այդ ֆոնդերում են ներդրված կամ շուկայական գործիքներում։ Պետք է հասկանալ շարունակությունը, որովհետեւ կարծես առաջիկայում դեռեւս չի կանխատեսվում, որ այս անկումը կվերականգնվի»։
Կարդացեք նաև
Արդյոք այդ գումարները կառավարիչներն արդյունավետ են օգտագործում ինչպես ՀՀ շուկայում, այնպես էլ՝ դրսում։ Այս առնչությամբ Խաժակյանը հիշեցնում է, որ պետությունը մշտապես հայտարարում էր, որ ֆոնդերի գումարները դիվերսիֆիկացված եղանակով են ներդրվում, բայց հիմա խնդիրները համատարած են, որի հետեւանքով ֆոնդի բացասական տեղաշարժն էական է։ Նա նաեւ նշում է՝ մեզ մոտ, որպես ապահով ներդրում, արժեթղթերի տեսքով միայն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Հայաստանի միակ ֆոնդային բորսայի միջոցով է իրականացվում այդ գործառույթը, նաեւ՝ պետական թողարկված պարտատոմսերի գնման միջոցով․«Ընդհանրապես ցանկալի չէ, որ այդ ֆոնդերից որեւէ գումար տրվի կառավարության տնօրինմանը, սա ընդհանրական միջազգային պրակտիկա է։Կային խոսակցություններ, որ այնտեղից միջոցներ են հանվել, այլ տեղեր ուղղվել, հետո նոր ուղարկվել կենսաթոշակային ֆոնդեր։ Սա զգայուն թեմա է, եւ եթե պետությունը վերցրել է այդ գումարը կուտակելու համար, ապա այլ կերպ ռիսկի ենթարկելը ցանկալի չէ, ուստի պետական արժեթղթերն այս իմաստով ամենակայունն են։ Կարծում եմ՝ մեր պարագայում խնդիրներն, այսինքն՝ գումարների նվազումն, ավելի շատ պայմանավորված են միջազգային արժեթղթերում ներդրման արդյունքում, եւ անգամ այդ դիվերսիֆիկացիան, որի մասին խոսում էին, այս խնդիրներն է առաջացրել»։
Այդուհանդերձ, Խաժակյանը լավատես է, կարծում է, որ քաղաքացիների հաշիվներում գումարների նվազումը հավերժ չէ, պարզապես պետք է հասկանալ՝ որքան դրանք կտեւեն, երբ այդ գումարների ծավալը կվերականգնվեն»։
Հղում անելով օրենքին, Խաժակյանը նշում է՝ այն ժամանակ, երբ պետությունը պետք է քաղաքացուն վերադարձնի իր վճարած գումարը, եւ եթե պարզվի, որ կուտակումն ավելի քիչ է, քան քաղաքացու իրականացրած մասնահանումները, այդ դեպքում պետությունն իր կողմից ՝բյուջեի հաշվին առանձին երաշխիք է տալիս, վճարում է իր գումարը, իսկ պետության վճարած գումարներն, եթե այդ ընթացքում նվազել են, ապա այս դեպքում պետությունը երաշխիք չի տալիս։
«Բայց, այդուհանդերձ, ես կարծում եմ, որ շուկան վերականգնվելու է։ Այլ բան է, որ ԿԲ-ն պետք է քաղաքացիներին պատշաճ պարզաբանում ներկայացնի, քանի որ բոլորը իրենց հաշիվներում տեսնում են այդ անկումը, եւ միայն ասել, որ համաշխարհային տնտեսությունը վատ վիճակում է, դա ճիշտ չէ»,-ասում է Դավիթ Խաժակյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ