Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ուզում են բերել զոռով Չալաբյանի գլխին կապել մի պաշտպանի, որին ինքը չի վստահում, չի ուզում իր փաստաբանական գաղտնիքը հայտնի դառնա». Պաշտպան

Հուլիս 27,2022 20:22

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանը Ավետիք Չալաբյանի գործով նիստի ժամանակ որոշեց հանրային պաշտպան ներգրավել:

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։

Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարծես Մարդու իրավունքների կոնվենցիան ընդհանրապես չի հետաքրքրում. «Մենք արդեն  երկու օր է խոսում ենք այդ կոնվենցիայից, պարոն Մնացական Մարտիրոսյանը Քրեադատավարության օրենքի տառին հետեւելու պատրվակի տակ անտեսում է հիմնարար իրավունքները: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր ոք իրավունք ունի  իր ընտրած պաշտպանի օգնությամբ իրականացնելու իր պաշտպանությունը: Ավետիք Չալաբյանը հայտնել է այդ մասին, որ ինքը հանրային պաշտպանի ծառայությունից չի ուզում օգտվի, քանի որ նախ ինքը վճարունակ է, երկրորդը՝ իր պաշտպաններին ընտրել է արդեն: Այսինքն, ի՞նչ է ստացվում՝ բերել զոռով մարդու գլխին կապել պաշտպան, որը այդ մարդը չի ուզում, չի ուզում իր փաստաբանական գաղտնիքը հայտնի դառնա մի պաշտպանի, որին ինքը չի վստահում: Մնացական Մարտիրոսյանը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է ուզում երեւալ ու նոր պաշտպան է տրամադրո՞ւմ»:

Նա ասաց, որ երեկ պաշտպաններից մեկը ի սկզբանե ծանուցված չի եղել դատական նիստի մասին. «Ակնհայտորեն, բացահայտ կերպով մերժում են արդարադատությունը, դատարանն ասում է ՝ ես թքած ունեմ ձեր հիմնարար իրավունքների վրա, թքած ունեմ, որ դուք գործի նյութերին չեք ծանոթացել, ես շարունակում եմ քննությունը ու դուք պարտավոր եք իրականացնել պաշտպանություն այն  պայմաններում, երբ որ դուք ծանոթ չեք գործի նյութերին: Դա նշանակում է, որ ինքը մերժում է  արդարադատություն ապահովել:

Հարցին՝ ինչո՞ւ է ուզում դատավոր Մնացական Մարտիրոսյանը զրկել Չալաբյանին պաշտպանությունից՝ Վարազատ Հարությունյանը պատասխանեց. «Եկեք իրերն իրենց անունով կոչենք՝ Մնացական Մարտիրոսյանը ոչ թե ուզում է զրկել պաշտպանությունից, այլ քրեական հետապնդում իրականացնող մարմինները խախտել են պաշտպանության իրավունքը, Մնացական Մարտիրոսյանը շարունակում է թելել իրենց թելը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031