Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել են Երևան քաղաքի Քանաքեռցու փողոցում 21-ամյա երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ

Հուլիս 27,2022 19:01

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, շարունակվում են ձեռնարկվել քննչական և վարութային գործողություններ՝ Երևան քաղաքի Քանաքեռցու փողոցում կատարված սպանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին՝ ժամը 01:05-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևանի տարբեր բժշկական կենտրոններ էին տեղափոխվել Գյումրի քաղաքի՝ 21-ամյա երկու և Երևան քաղաքի՝ 20 և 19-ամյա բնակիչներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ երիտասարդները հիշյալ վնասվածքները ստացել էին Երևանի Քանաքեռցու փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Դեպքի հաջորդ օրը՝ 2022թ. հուլիսի 14-ին, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից գրություն էր ստացվել այն այն մասին, որ Գյումրի քաղաքի 21-ամյա բնակիչներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոցում:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների կողմից կատարված մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից մի քանիսի, ինչպես նաև՝ հիվանդանոցում մահացած երիտասարդին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք հասցրած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 20-ամյա բնակիչ է:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիվանդանոցում մահացած 21-ամյա երիտասարդը, դեպքից օրեր առաջ տեղեկանալով համակուրսեցու՝ ԱՄՆ-ում գտնվող ծանոթի կողմից իր մասին վարկաբեկող տեղեկություններ հայտնելու մասին, հեռախոսազրույց է ունեցել վերջինիս հետ, որի ընթացքում երիտասարդները վիճաբանել և փոխադարձ վիրավորանքներ են հասցրել միմյանց:

Նշված հարցը պարզաբանելու համար ԱՄՆ-ում գտնվող հիշյալ անձը դիմել է Երևանում բնակվող իր 20-ամյա ընկերոջը, ով նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել իր ընկերների հետ միասին Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցում գտնվող այգում 21-ամյա երիտասարդի հետ հանդիպելու վերաբերյալ, վերջինիս էլ հանդիպման մասին տեղյակ է պահել իր ընկերներին:

Հանդիպումը նախաձեռնած երիտասարդի առաջարկով խոսակցությունը տեղափոխվել է Երևան քաղաքի Քանաքեռցու փողոցի շենքերից մեկի մոտ, որտեղ էլ՝ զրուցարանում, վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում հիշյալ 20-ամյա երիտասարդը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դեռևս չպարզված կտրող-ծակող առարկայով, հարվածել է 21-ամյա երիտասարդի կրծքավանդակի ձախ կեսին, ինչի արդյունքում վերջինս մահացել է:

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել քրեական վարույթը հսկող դատախազին՝ 20-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու մասին:

Որոշում է կայացվել՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքով նրան ձերբակալելու մասին, և ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի ծառայողների կողմից վերջինս ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող կտրող-ծակող գործիքը հայտնաբերելու, միջադեպին մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, տուժած մյուս երիտասարդների՝ վնասվածքներ ստանալու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031