Լրահոս
Օրվա լրահոսը

Ակցիաների, զեղչերի նոր կարգավորումներ. Հուլիսի 31-ից ինչ իրավունք չունեն անել տնտեսվարողները, որ չտուգանվեն

Հուլիս 27,2022 16:50

Հուլիսի 31-ից ուժի մեջ են մտնելու ակցիաների, զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները:

«Ակցիաների իրականացման ոլորտում բազմիցս արձանագրել ենք մի շարք խնդիրներ: Տնտեսվարողն ապրանքի գնի նկատմամբ սահմանում է զեղչ, սակայն պարզվում է՝ այդ զեղչված գինն իրականության մեջ ավելի բարձր է, քան սահմանված է: Մեկ այլ դեպքում զեղչերի մասին տեղեկատվությունը տրվում է թերի կամ ոչ ամբողջական: Մեկ այլ պարագայում հայտարարվում է զեղչի մասին, սակայն պարզվում է՝ որեւէ գնային փոփոխություն տեղի չի ունեցել»,-այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:

Նա ներկայացրեց օրենքի նոր կարգավորումները: Պարոն Մարկոսյանի խոսքով, հանձնաժողովի նախաձեռնությամբ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին», ինչպես նաեւ հարակից օրենքներում: Ըստ Տիգրան Մարկոսյանի, նման առաջարկ անելուց առաջ հաշվի են առել քաղաքացիներին ու տնտեսվարողներին մտահոգող հարցերը, ոլորտի բացերն ու հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

Ասում է՝ եղել են դեպքեր, երբ տնտեսվարողը հայտարարել է ակցիա իրականացնելու մասին ու պարզվել է, որ այդ ակցիան, ասենք, տեւում է տարիներ. «Նոր կարգավորումները սահմանում են, որ զեղչը չի կարող տեւել անորոշ ժամանակով, այն կարող է տեւել առավելագույնը երեք ամիս: Հաջորդ պահանջը վերաբերում է զեղչերի մասին տեղեկատվության ամբողջական տրամադրելուն: Չլինի այնպես, որ, օրինակ, հայտարարվի զեղչ սալիկների համար, սակայն պարզվի՝ դա լինում է այն դեպքում, երբ գնում ես 2 քմ ու նոր 3-րդ քմ-ը վաճառվում է այլ գնով: Տեղեկատվությունը պետք է լինի հստակ: Դրանից բացի, պետք է տեսանելի լինի մինչեւ զեղչը եղած գինը»:

Տիգրան Մարկոսյանի խոսքով, կան տնտեսվարողներ, որոնք ակցիաներ են անում, ապրանքը գրավիչ են դարձնում սպառողի համար, սակայն գնի փոփոխություն չեն կատարում: Օրինակ՝ տրվում է նվեր կամ մի քանի ապրանք ներկայացվում է մեկ փաթեթում ու դրանց ընդհանրական գինն ավելի ցածր է, քան փաթեթում ներառված առանձին ապրանքների գները միասին վերցրած: Նրա խոսքով, օրենքում տեղի ունեցած փոփոխությամբ, տնտեսվարողը չի կարող մի ապրանքի հետ նվեր տալ, բայց ապրանքի գինն իր հերթին այնպես բարձրացնի, որ նվերի արժեքն այս կամ այն կերպ ներառվի դրա մեջ:

ՄՊՀ անդամն ասաց, որ խախտումների դեպքում նախատեսված է մինչև նախորդ տարվա հասույթի 5 տոկոսի չափով տուգանք:

«Եթե մրցակից տնտեսվարողները կամ սպառողները կբացահայտեն խախտումներ, ապա կարող են դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով: Հանձնաժողովն ունի բավարար գործիքակազմ՝ բացահայտելու խախտումները»,-ասաց Տիգրան Մարկոսյանը:

Ըստ նրա, վերջին տարիներին ակցիաների, զեղչերի վերաբերյալ հանձնաժողովում տարեկան միջինը 10 գործ է եղել: Եվ, եթե օրենքի նոր կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարողները շարունակեն նույն վարքագիծը դրսեւորել, ապա նման գործերի թիվը կավելանա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031