Հայաստանի կինոգործիչների միության սրտում շինարարությունը չի դադարում, թեեւ վարչական դատարանը այն կասեցնելու վերաբերյալ որոշում է կայացրել:
Հայաստանի կինոգործիչների միությունում կայացած ասուլիսում միության իրավական ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանը որոշ մանրամասներ ներկայացրեց. «Բացի այն, որ ինչ-որ մեկի մտքով կարող էր անցնել այս այգու տարածքում, որտեղ ծառեր են տնկած՝ որպես միհարկանի շինություն օրինականացնել, բայցի այն, որ ինչ-որ մեկի մտքով կանցներ այդ այգում գարեջրատուն կառուցել, կա նաեւ մեկը` Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որը քաղաքապետի տեղակալ եղած ժամանակ այդ այգում գարեջրատուն կառուցելու համար շինթույլտվություն է տվել:
Այգին, որպես մի հարկանի շինություն օրինականացնելու հետ կապված, դիմել ենք դատարան, վիճարկում ենք, Կենտրոնի քննչականում քրեական գործ է հարուցվել, որը կարծես թե «քնեցվում» է, պատշաճ ջանասիրություն չենք տեսնում, զուգահեռ նաեւ դատարանում վիճարկեցինք շինարարության թույլտվությունը: Վիճարկելով միջնորդեցինք, որպեսզի կասեցնեն շինարարությունը, մինչեւ գործի ավարտը: Դատարանը սկզբից մերժեց մեր միջնորդությունը, հետո մի 10 ամիս գործը քննելուց հետո, եկան ու սկսեցին ծառերը կտրել: Երբ ծառերը կտրեցին, կրկին դիմեցինք դատարանին, ասացինք` հարգելի դատարան, ծառերը կտրել են, հաջորդ քայլը լինելու է հողի շերտը բետոնապատելը, այսինքն` անիմաստ է դառնում մեր դատական պաշտպանությունը»:
Կարեն Մեժլումյանը հավելեց, որ դատարանը 2022թ մայիսի 25-ին որոշել է շինարարության թույլտվության կատարումը կասեցնել, որոշումն էլ ուղարկվել է կողմերին. «Սա նշանակում է, որ այդ շինարարությունը չի կարող իրականացվել, սակայն դրանից որոշ ժամանակ անց նորից ինձ ահազանգում են, որ շինարարություն է իրականացնում, հողը փորել են, ջրահեռացման խողովակներ են տեղադրում: Հուլիսի 11-ին կրկին լուսանկարներով դիմեցինք քաղաքապետարանին դիմում-բողոքով, որ դատարանը կասեցրել է շինարարությունը, բայց իրականացնում են շինարարությունը, հետեւաբար դա ապօրինի է, եկեք եւ տուգանեք ու ընդհանրապես շինթույլտվությունը վերացրեք: Մինչ օրս արձագանք չկա:
Կարդացեք նաև
Կինոգործիչների միության վարչության անդամ Միքայել Դովլաթյանը հաջորդ օրը «թեժ գծով» զանգահարում է, Կենտրոն համայնքից գալիս նայում են, դատարանի որոշման մի օրինակ էլ ինքն է տալիս: Թեեւ քաղաքապետարանը ստացել է այդ որոշումը, բայց իմ դիմումին կից ես նորից իրենց ուղարկել եմ: Ոչինչ չեն ձեռնարկում, նորից են շինարարությունը շարունակում»:
Փաստաբանն ընդգծում է, թե իրազեկել է քաղաքապետարանին, որ չնայած դատարանի որոշմանը՝ կառուցապատողը այգու 115 քմ ծառապատ տարածքը բետոնապատել է: Պարոն Մեժլումյանն ասաց, որ Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարն էլ իրենց պատասխանել է, որ շինարարություն իրականացվում է քաղաքապետի շինթույլտվության հիման վրա:
Կարեն Մեժլումյանն այս պատմության մեջ, իր ձեւակերպմամբ, տեսնում է քաղաքապետարանի եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի անձնական շահագրգռությունը, եթե այսքանից հետո միջոցներ չեն ձեռնարկում շինարարությունը կասեցնելու ուղղությամբ՝ դեռ մի բան էլ քաղաքապետարանը եւ շինարարները դատարանի որոշումը բողոքարկում են Վերաքննիչ դատարան:
«Քանի որ տեսնում ենք անձնական շահագրգռվածություն, հաղորդում ենք պատրաստել հանցագործության մասին` Հակակոռուպցիոն կոմիտե ներկայացնելու համար, որովհետեւ այն, ինչ-որ մենք տեսնում ենք, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ցանկի մեջ է մտնում»,-ընդգծեց նա:
Նաեւ փաստեց, որ երբ քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը շինարարության թույլտվությունը տալիս էր՝ Հարություն Խաչատրյանը 2020թ հոկտեմբերի 1-ին գրությամբ տեղեկացրել էր, որ իրենց տարածքում հնարավոր է ապօրինի կառուցապատում իրականացնեն, ուստի ճիշտ կլինի իրենց մասնակից դարձնել, խորհրդակցել մինչ շինարարությունը տալը: «Քաղաքապետարանը Կինոգործիչների միությանը չի դարձրել մասնակից, տվել է թույլտվություն, ինչը շատ կոպիտ խախտում է անձի իրավունքի, որովհետեւ Վարչական վարույթի մասին օրենքով, եթե անձն ունի արդարացված շահագրգռվածություն, իսկ մենք դա ունենք, պետք է մասնակից դառնա եւ լսվի»:
Հավելենք, որ երբ լրագրողները, կինոգործիչների ու փաստաբանի հետ միասին լուսանկարում էին վիճելի տարածքը, հայտնվեց Կինոյի տան ներքին բակի գրեթե կեսը սեփականաշնորհած Հրաչյա Ատոմյանը եւ սկսեց բղավել ու պահանջեց լքել տարածքը: Իսկ Կարեն Մեժլումյանին ասաց, որ այն տարածքը, որի վրա բոլորը կանգնած են, փաստաթղթով իրենն է:
«Դա վիճելի է»,-ասաց Մեժլումյանը: «Եթե կադաստրի վկայականը բերեմ, ձեր համար վիճելի է՞ դառնալու»,-չնահանջեց Ատոմյանը: Նա ասաց, որ կասեցման մասին դատարանի որոշումը վերացված է, որոշումն էլ կաբինետում դրված է: Ապա զանգեց ոստիկանություն ու հրավիրեց կինոմիության վիճելի տարածք. «Ինչ-որ անծանոթ անձինք, անհասկանալի մարդիկ ներխուժել են իմ սեփական տարածք՝ առանց թույլտվության»:
Կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ շինթույլտվության կասեցման մասին դատարանի որոշումը դատավորի արձակուրդում եղած ժամանակ մեկ ուրիշ դատավոր չեղյալ է հայտարարել, որից կինոմիությունը տեղյակ չի եղել, իրենց ներկայացուցչին չեն տեղեկացրել: Արայիկ Մանուկյանի խոսքով, ամեն ինչ կատարվել է «մթության քողի տակ», ինչպես ժամանակին Հայկ Մարությանի արձակուրդում գտնվելու ժամանակ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է շինթույլտվություն տվել, նույն սկզբունքով էլ գործել է դատավորը` մեկ այլ դատավորի արձակուրդում գտնվելու ժամանակ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ