Դեռեւս մայիս ամսին Վարչական դատարանի որոշմամբ կասեցվել է Կինոյի տան ներքին բակում կառուցվող գարեջրատան շինարարությունը, սակայն ըստ Հայաստանի կինոգործիչների միության նախագահի Հարություն Խաչատրյանի՝ Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանը անտեսում են դատարանի որոշումը, եւ շինարարությունը շարունակվում է բուռն կերպով: Բետոնապատվում է ծառերից ու թփերից կտրված բակը, իսկ իրենց դիմումները քաղաքապետարանի «թեժ գծին» արդյունք չեն տալիս:
Այս թեմայով Կինոյի տանը կայացած ասուլիսում Կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանն ասաց, որ ասուլիսը հրավիրել են որպես վերջին հնարավորություններից մեկը` չարչրկված խնդրին կրկին անդրադառնալու համար, որը լուծում չի ստանում. «Սա բողոքի հերթական արտահայտությունն է երեւույթի դեմ, որը երկար ժամանակ չի կանխվում»: Նա ընդգծեց, որ տեւական պայքարից հետո հասել էին այն փուլին, որ վարչական դատարանի որոշմամբ կասեցվել է ապօրինի շինարարությունը, սակայն Երեւանի քաղաքապետարանն ու քաղաքապետը արհամարհում են դատարանի որոշումը:
Հարություն Խաչատրյանը նախ հիշեցրեց, թե վերջին մի քանի տարում ինչեր են ստեղծել ու բարեկարգել` Սինեմատեկ, ֆիլմադարան, դահլիճների օդափոխության համակարգ, կինոդպրոցը: «Քաղաքապետարանը պետք է երջանիկ լիներ, որ քաղաքում կա նման հնարավորություն, բայց շատ տգեղ միջոցներ է ձեռնարկել, որովհետեւ պաշտպանում է մեր բակում գարեջրատուն կառուցող հանցագործներին` կեղծված փաստաթղթերով: 1000 անգամ դատարաններով ու իրավաբաններով ապացուցելուց հետո շարունակվում են նույն արհամարհանքն ու անտարբերությունը:
Կարդացեք նաև
Երեկ ես քաղաքապետին պատահական տեսա Կինոյի տանը, եկել էր Միքայել Պողոսյանի ֆիլմը նայելու, ասացի, որ դա հանցագործություն է, եւ դուք իրավունք չունեք նման վատ հետք թողնել պատմության մեջ, երբ Մալյան թատրոնի, կինոմիության, կինոթանգարանի, ֆիլմադարանի կողքին կառուցում եք մի աղտոտ գարեջրատուն: Եթե կառուցապատողը նորմալ մարդ լիներ, ունենալով գարեջրատների մեծ ցանց, չէր պնդի, որ այս մշակույթի կենտրոնում կառուցվի եւս մեկ գարեջրատուն, հայտարարի, որ մեզ այստեղից հեռացնելու են: Ցավոք, մշակութային օջախները մեծ հարվածի տակ են, որովհետեւ մարդիկ մտածում են, թե մշակութային օջախները շատ շտապ պետք է վերածել կաֆեների եւ ռեստորանների»:
Հարություն Խաչատրյանի խոսքով, իրենք իրավական բոլոր հիմքերն ունեն հաղթած համարվելու համար. «Մենք չենք լռելու, կինեմատոգրաֆիստները պատրաստ են միջազգային բոլոր իրավաբանական հիմնարկներով անցնել, որովհետեւ սա հանցագործություն է նման լուրջ կենտրոնի հանդեպ: Արդեն 4-5 տարի է` մեծ ներդրումներ ենք անում, բարձիթողի մնացած Կինոյի տունը դարձել է լուրջ միջազգային մշակույթի կենտրոն»:
Կինոգործիչների միության նախագահն ասաց, որ նամակ են ուղղել ՀՀ վարչապետին, որն իրենց վերջին հույսն է. «Մենք այսքան պայքարում ենք, բայց արի ու տես, որ քաղաքապետը գրավոր դիմել է գործը կարճելու համար, ինչը նշանակում է թույլ տալ, որ գարեջրատուն կառուցողներն անեն ինչ ուզում են»:
Կինոգործիչների միության նախագահը փաստում է. «Եթե մենք չենք կարողանում մեր տան մեջ մեր մշակութային օջախները պաշտպանել, այդ դեպքում օտարներից ի”նչ պահանջել»:
Կինոռեժիսոր Արամ Շահբազյանն էլ հավելեց. «Այսքանից հետո ոչինչ չի կասեցվում, ի՞նչ անենք, վեր կենանք գնանք ինքնահրկիզում անե՞նք, ծայրահեղ միջոցների դիմենք: Մարդկանց ուշադրությունը գրավելու համար ամիսը մեկ ասուլիս ենք հրավիրում, աղմուկ ենք բարձրացնում, ինչքա?ն կարելի է այսպես շարունակել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կինոմիության իրավական հարցերով ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանի ներկայացրած փաստերը` քիչ անց: