«Կալանքի տոկոսը խիստ նվազել է»,- հուլիսի 27-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը՝ պատասխանելով լրագրողների այն մտահոգություններին, թե պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահն էլ դատարանում ցույց տվեց, որ կալանքը շարունակվում է օգտագործվել՝ որպես պատժիչ գործիք։
Մեսրոպ Մակյանը չհամաձայնեց ու ասաց․ «Դիտարկենք վերջին հինգ տարվա վիճակագրությունը։ Տարիներ շարունակ ՀՀ-ում կալանավորվածների և դատապարտյալների թիվը եղել է 4500- 5000։ Այսօր հազիվ 2000 է։ Կալանքի տոկոսը խիստ նվազել է։ Ինչո՞ւ չեք նաև ներկայացնում այն, որ ձեր ասած այս կամ այն քաղաքական հնչեղություն ունեցող գործերով այսինչն ազատ արձակվեց գրավի դիմաց։ Բոլորը մոռացության են դա մատնում, բայց կալանքը մեծ ռեզոնանս է առաջացնում»։
Հարցին՝ հավակնություն ունե՞ք ԲԴԽ նախագահ դառնալ։ Մեսրոպ Մակյանը պատասխանեց․ «Ոչ։ Այսպես ասեմ, ընթացակարգն այն է, որ ԲԴԽ անդամները հաջորդական են ընտրվում՝ գիտնական, դատավոր։ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների դադարեցումից հետո հաջորդ հերթը գիտնականինն է։ Բայց գիտնականները բավարար ձայներ չհավաքեցին, և տարիքով ավագի սկզբունքով Սերգեյ Չիչոյանը ստանձնեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի լիազորությունները։ Անպայման պետք է նորից ընտրություն լինի՝ մինչև գիտնական ընտրվի»։
Հարցին՝ վեթինգից վախենո՞ւմ եք, Մեսրոպ Մակյանն այսպես արձագանքեց․ «Իհարկե, ոչ։ Մի հատ, որ ասեք՝ էդ վեթինգը ո՞րն է։ Տարբեր մարդիկ դրան տարբեր տեսանկյունից են նայում։ Մենք անցել ենք այդ ամենի միջով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն․ որևէ ռիսկ չի գտել։ Բարեվարքության հարցաթերթիկ եմ լրացրել և ստացել դրական եզրակացություն։ Կարծում եմ՝ վեթինգն անցել եմ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ