Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մինչ օրս շարունակում էր մնալ կալանքի տակ: Սակայն մոտ 2 ժամ առաջ, նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, ճնշման տատանման պատճառով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
«Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամ Գոռ Բադյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում Ասլանյանի մոտ հաճախակի են նկատվել առողջական խնդիրներ. «Խնդիրը խորն է: Վերջին շրջանում շնչառական խնդիրներ կար, փաստաբանները մեզ տեղեկացնում են, որ կարող է լուրջ խնդրի հանգեցնել: Հիմա տեսնենք, ոնց կլինի»,- ասաց Գոռ Բադյանն ու շարունակեց, որ քրեակատարողական հիմնարկում որոշակի բժշկական աջակցություն եղել է. «Իմ ունեցած տեղեկություններով, քրեակատարողական հիմնարկում ճնշման չափումներ եւ այլն եղել են, գրանցվել են ճնշման տատանումները: Չեմ ուզում մտածել, որ միտումնավոր քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նման բան են արել: Կարծում եմ, իրենց ուժերի ներածին չափով փորձել են խնդրին լուծում տալ: Բայց դե քրեակատարողական հիմնարկում ի՞նչ հնարավորություններ են ունենալու: Հիմա հասանք նրան, որ Մամիկոն Ասլանյանին շտապ տեղափոխեցին հիվանդանոց: Տեսնենք ոնց կլինի»,-եզրափակեց ավագանու անդամը:
Այս պահին Ասլանյանը գտնվում է հետազոտությունների փուլում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Ով էլ խոսա…