Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայիս տնտեսական ակտիվության 11,8% աճն իր մեջ ունի էական ռիսկեր. Վարդան Արամյան

Հուլիս 27,2022 14:46

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ հրապարակեց Գլոբալ Տնտեսության Հեռանկարների հուլիսյան կանխատեսումները։ «Մռայլ և ավելի անորոշ – Gloomy and More Uncertain», ահա այսպես է կոչել նոր տնտեսական իրավիճակը, որի ներքո տնտեսական աճի իր կանխատեսումները վատացրել է՝ ապրիլյան կանխատեսումների համեմատ։ Ընդ որում՝ ԱՄՀ-ն կարծում է, որ 2023թ.-ն ավելի թույլ տարի է լինելու՝ հիմնականում պայմանավորված ներկայիս գործոնների լագային էֆեկտով (Չինաստանում կովիդ-ի համավարակ, անշարժ գույքի շուկայի խնդիրներ և տնտեսության թուլություններ, տրասնպորտային խնդիրներ, էներգակիրների դեֆիցիտ և գների աճ, բարձր գնաճ և այլն) և հատկապես աշխարհի ԿԲ-ների տոկոսադրույքների ագրեսիվ աճերի արդյունքում։

Այսպես՝ աշխարհի տնտեսական աճը 2022 և 2023թթ-ին վատացրել է -0,4 և -0,7 տոկոսային կետերով, սահմանելով 3,2% և 2,9%: ԱՄՆ, Եվրոպա և Չինաստանի տնտեսություններում կանխատեսումների պատկերը հետևյալն է՝

ԱՄՆ – 2022-ին 2,3%, 2023-ին 1,0%, վատթարացումները համապատասխանաբար -1,4 և -1,3 տոկոսային կետ

ԵՄ – 2022-ին 2,6%, 2023-ին 1,2%, վատթարացումները համապատասխանաբար -0,2 և -1,1 տոկոսային կետ

Չինաստան – 2022-ին 3,3%, 2023-ին 4,6%, վատթարացումները համապատասխանաբար -1,1 և -0,5 տոկոսային կետ

Հետաքրքրական է, որ ՌԴ-ի տնտեսական աճի կանխատեսումները 2022թ-ի համար բարելավել է, սակայն վատացրել 2023թ-ի համար

ՌԴ – 2022-ին -6,0%, 2023-ին -3,5%, բարելավումը համապատասխանաբար 2,5 տոկոսային կետ և վատթարացումը -1,2 տոկոսային կետ։

Փաստացի՝ ՌԴ տնտեսության համար կուտակային երկու տարիների համար աճը բարելավվել է, և սա հերթական փաստարկն է լինելու Եվրոատլանտիկ բլոկի կողմից կիրառվող սանկցիաների ջատագովների օպոնենտների համար, որ սանկցիաները ցանկալի արդյունք չեն տալիս․ փաստացի՝ ավելի շատ վնասում են Եվրոատլանտիկ բլոկի տնտեսություններին, քան ՌԴ-ին։

Ինքս կարծում եմ, որ կարճաժամկետում, թերևս, կարելի է դա ասել (թեև ամեն դեպքում ՌԴ-ում անկում է կանխատեսում ԱՄՀ-ն), սակայն երկարաժամկետում ՌԴ տնտեսությունը տեխնոլոգիական լուրջ հետնահանջ է ունենալու և կորցնելու է տնտեսական պոտենցիալ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա գլոբալ զարգացումները և այս կանխատեսումներն ամրացնում են իմ այն փաստարկները, որ ներկայիս տնտեսական ակտիվության 11,8% աճն իր մեջ ունի էական ռիսկեր. այն հիմնականում արտածին գործոնների՝ այցելուների աճի և ֆինանսական ներհոսքի արդյունք է, և երբ դրանք թուլանան կամ կանգ առնեն, մեր տնտեսությունը բախվելու է էական դժվարությունների։

Ե՞րբ է դա լինելու դժվար է ասել (6 ամիս, 1 կամ 1,5 տարի հետո), քանի որ այն ուղղակի առնչվում է աշխարհաքաղաքական զարգացումների հետ, բայց որ ունենք պահանջարկով քաշվող տնտեսական աճ, դա փաստ է, որը վտանգավոր է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031