«Հիմա հայ-ադրբեջանական երեք օրակարգ կա, կարծես թե՝ կոմունիկացիաների ապաշրջափակում, սահմանազատում-սահմանագծում եւ խաղաղության պայմանագիր։ Որոշակի առաջընթաց կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, թեեւ այստեղ էլ բազմաթիվ մութ կետեր կան, բայց գոնե պաշտոնապես հայտարարվում է երկաթուղային երթուղու վերաբերյալ, քննարկվում է ավտոմոբիլային ճանապարհը։ Սահմանազատում-սահմանագծումն էլ տեղից շարժվեց՝ երկկողմ հանձնաժողով է ձեւավորվել, որի լիարժեք անդամներով նիստը դեռեւս չի կայանում, ենթադրաբար օգոստոսին կկայանա: Եվ կա խաղաղության պայմանագրի հարցը, որտեղ իրավիճակը բավական հստակ է՝ եթե ստորագրվելու է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր, այն լինելու է հիմնականում ադրբեջանական պայմաններով։ Կամ կֆիքսվի, որ ԼՂՀ-ն, որպես միավոր, ընդհանրապես գոյություն չունի, կամ, լավագույն դեպքում, ԼՂՀ-ի համար կֆիքսվի ինչ-որ մշակութային ինքնավարություն: Այլ տարբերակով, խաղաղության պայմանագիր, առաջիկա տարիներին, ուղղակի չի ստորագրվի»,- «Գլոբալ զարգացումներ. մարտահրավերներին արձագանքելու ի՞նչ ներուժ ունի Հայաստանը» թեմայով, «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ, կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով, հուլիսի 16-ին, Թբիլիսիում կայացած ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, օգոստոսին նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը:
Քաղաքագետը վստահ է, որ ԼՂՀ-ի ինչ-որ ամորֆ կարգավիճակի ամրագրումը շատ արագ բերելու է Արցախի հայաթափման: Այս ֆոնին, օգոստոսին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիմանն ու դրա օրակարգին, քաղաքագետը առանցքային է համարում հարցը՝ արդյոք նշյալ երեք ուղղությունները միմյանց հետ փողկապակցվա՞ծ են, թե՞ դրանցից յուրաքանչյուրով հնարավոր է առաջընթացի հասնել:
Խոսելով ադրբեջանական ռազմական շանտաժի մասին եւ հայկական կողմի տրամադրության՝ Արցախից հրաժարվենք, որպեսզի փրկենք Սյունիքը, քաղաքագետն ասաց, որ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, քանզի այդ դեպքում հերթով ստիպված ենք լինելու ինչ որ մի բանից հրաժարվել՝ մեկ այլ բանը փրկելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կիսում է գործընկերոջ կարծիքը՝ առանցքային է հարցն՝ արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումը փողկապակցված է ճանապարհների ապաշրջափակման, սահմանազատման-սահմանագծման գործընթացի հետ: Եթե փոխկապակցված են, ըստ քաղաքագետի, առաջընթացը շատ բարդ է լինելու, քանի որ Ադրբեջանի խաղաղության պայմանագրի օրակարգը մաքսիմալիստական է եւ հայկական կողմի համար խաղարկելու տեղիք չի թողնում: Նրա գնահատմամբ, գործընթացները շարժվում են փակուղի եւ որոշակի փակուղի արդեն կա ԵՄ հովանու ներքո տեղի ունեցող հաշտեցման գործընթացում:
Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ, այն փաստը, որ Արցախի ԱԳ նախարարը Դավիթ Բաբայանն է, ինքնին մեծագույն խնդիր է Արցախի համար, քանի որ նա պրոֆեսիոնալ դաշտում չի գործում, առհասարակ, եւ Ստեփանակերտի ու Երեւանի միջեւ հարաբերություններ հաստատելու գործում ևս խնդիր է առաջանում:
Տիգրան Գրիգորյանը հայտարարեց, որ Արցախի եւ Հայաստանի արտաքին գերատեսչությունների միջեւ շփումը փոխարտգործնախարարների մակարդակով է եւ այս խնդիրը երկու կողմերից էլ լուծում է պահանջում: Նրա գնահատմամբ, տարաձայնություններ իհարկե կան Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ, քանի որ Ստեփանակերտում թե հանրությունը, թե քաղաքական շրջանակները չեն ընդունում Երեւանի կողմից Արցախի հարցում նշաձողն իջեցնելու քայլը, անգամ Նիկոլ Փաշինյանի այդ ելույթից հետո, Ստեփանակերտից պաշտոնական հրապարակային քննադատություն հնչեց Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի հասցեին: Թեեւ Արայիկ Հարությունյանի Երեւան այցից եւ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հետ հանդիպումից հետո տարաձայնությունները մի փոքր նվազել են, բայց Երեւանի եւ Ստեփանակերտի փոխգործակցության նվազումը, հատկապես ռազմաքաղաքական ոլորտներում, ըստ քաղաքագետի, իրողություն է, որի հետ հաշվի չնստել չենք կարող:
Մանրամասները՝ տեսանյութում
Լավագույն հնարավորությունը, ըստ Բենիամին Պողոսյանի, առայժմ այն է, որ 2025 թվականից հետո էլ այս անորոշ իրավիճակը շարունակվի եւ ռուսական զորքերը մնան Արցախում՝ մինչեւ ելքեր նշմարվեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ