Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյան. Չալաբյանին կալանքի տակ պահելը քաղաքական վրեժխնդրության հստակ դրսևորում է, որը տարբեր փաստարկներով հիմնավորում է փաստաբանական կողմը

Հուլիս 27,2022 13:38

Օրերս ինձ է դիմել Ավետիք Չալաբյանի փաստաբանը՝ հայտնելով, որ վարույթն իրականացնող մարմինների ապօրինությունների արդյունքում խախտվում է Ավետիք Չալաբյանի հիմնարար՝ արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքը, և նրա նկատմամբ կալանքը կիրառվում է որպես պատիժ` հավելելով, որ հայաստանյան ներպետական պաշտպանության մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են քաղաքական զգայուն գործերով, ուստի գտնում է, որ վերոնշյալ ապօրինությունները եզակի բնույթ չեն կրում ու դարձել են օրինաչափություն։

Անհրաժեշտություն եմ համարում այս թեմային հանրային հնչեղություն հաղորդելը, քանի որ իրավական դաշտում տարվող աշխատանքը անպտուղ է:

Այսպես․ փաստաբանի հաղորդմամբ՝ Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Աիլյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Նույնիսկ Թոռնիկ Աիլյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար, իսկ մեղադրանքի հիմքում դրված հանցակազմը (երկու և ավելի անձանց նկատմամբ) ընդամենն ունեցել է կալանավորումը հնարավոր դարձնելու նպատակ։

Փաստաբանը նշել է նաև, որ ՀՀ դատախազությանը ներկայացվել են նաև ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի և Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, ինչպես նաև «Արար» հիմնադրամի երաշխավորությունները՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Դատախազը, խախտելով միջնորդությունների քննարկման ժամկետը, մոտ 10 օր ուշացմամբ ուղարկել է մերժման որոշում։ Դատախազի նշված որոշումը նույնպես բողոքարկվել է դատական կարգով և գտնվում է քննության փուլում։ Նախաքննության ամբողջ ընթացքում հանդես են եկել մի շարք միջնորդություններով՝ ուղղված դատախազությանը և քննիչին, որոնք կամ մերժվել են կամ հետաձգվել ու այդպես էլ լուծում չեն ստացել։

Նշել է, որ նախաքննական մարմնի կողմից միջնորդություն էր ներկայացվել Դատարան Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին, որը Դատարանի համապատասխան որոշմամբ բավարարվել է մասնակի՝ կալանավորման ժամկետը երկարացվել է 15 (տասնհինգ) օր ժամկետով այն պատճառաբանությամբ, որ ․․․ դեռևս առկա են չհարցաքննված, սակայն դեպքի վերաբերյալ էական տեղեկություններ տիրապետող հնարավոր անձինք, որպիսի պայմաններում մեղադրյալը կարող է ազդել վկաների վրա…

Ըստ փաստաբանի՝ Դատարանն իր որոշման մեջ ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և նշված կեղծ տեղեկությունների հիման վրա երկարացրել է Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը: Նույնիսկ դատական քննության ընթացքում դատարանի հարցադրմանը, թե ի՞նչ գործողություններ են նախատեսվում կատարել Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու համար, քննիչը հայտնել է, որ նախաքննությունը փաստացի ավարտվել է, և անհրաժեշտ է միայն մեղադրական եզրակացությունը ուղարկել դատախազի հաստատմանը:

Այսինքն, տվյալ պարագայում քննիչը «արդարադատություն իրականացնելու պարտականություն ունեցող դատավոր»-ին հայտնել էր, որ չկա այլ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, և միայն մեղադրական եզրակացությունը պետք է ուղարկվի դատախազին, սակայն դատավորը Ավետիք Չալաբյանին պահում է կալանքի տակ՝ գոյություն չունեցող և չկատարվող քննչական գործողությունների կատարման համար:

Վերոնշյալ և այլ քրեադատավարական կանոնների խախտման առկայության պայմաններում փաստաբանը գտնում է, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ունի շատ հստակ քաղաքական երանգներ, որոնք այլ հանգամանքների համադրմամբ թույլ են տալիս Ավետիք Չալաբյանի կալանավորումը դիտարկել ԵԽԽՎ 2012 թվականի թիվ 1900 բանաձևի շրջանակներում և պնդել, որ Ավետիք Չալաբյանը քաղաքական բանտարկյալ է։

Նախ, փաստաբանի համոզմամբ՝ չկա Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած, երկրորդ՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու դրա շրջանակներում կալանավորումը կրում են խտրական բնույթ, երրորդ՝ Ավետիք Չալաբյանին ազատությունից զրկելն ուղեկցվել է քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝ սկսած բերման ենթարկելու պրոցեսից, վերջացրած կալանավորման վերաբերյալ միջնորդության քննարկման համար Դատարանի կողմից քննչական մարմնի զանգով նիստը հետաձգելով, կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունով, Արուսյակ Ալեքսանյանի ապօրինի դատական ակտով, քննիչի և դատախազի կողմից դատավարական ժամկետների և կարգի դիտավորյալ խախտումով, չորրորդ՝ քաղաքական դրդապատճառներով։

Փաստորեն, հերթական անգամ ականատեսն ենք գործող իշխանության կամայական կալանավորումների արատավոր երևույթին, ինչի վառ ապացույցն է նաև Նիկոլ Փաշինյանի «մահաբեր կորտեժի» զոհ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկածի՝ առ այսօր ազատության մեջ գտնվելու հանգամանքը։

Թագուհի Թովմասյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031