Այրվածքներից մահացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի դին այս պահին Այրվածքաբանության ազգային կենտրոնից տեղափոխում են ծննդավայր՝ Շիրակի մարզի Ազատան գյուղ։ Ազատանի նախկին գյուղապետ, այժմ Ախուրյանի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ծնողներին առաջարկել են Պալյանին հուղարկավորել գյուղի զինվորական պանթեոնում, սակայն դեռ հարցը որոշված չէ, նրանք ընտանեկան գերեզմանոց ունեն։
«Գյուղի տաս զոհերը կարծես քիչ էին, հիմա էլ Պալյանը»,- սգում է Վարդան Իկիլիկյանը։
Թե ինչ հանգամանքներում է այրվել զինվորը, համագյուղացիները պատմեցին հետևյալը․ «Իհարկե, քննությունը վերջնական պատասխանը կտա, բայց ճշտել ենք, որ բլինդաժում անվտանգության կանոններն են խախտվել։ Բլինդաժը 1700 մետրի վրա է՝ ծովի մակերևույթից բարձր, Սիսիանի կողմերը միշտ ցուրտ, քամի է, ամբողջ տարին վառարանը միացնում են։
Այս սեզոնին, ինչքան հասկանում ենք, փայտ չկա, քարածուխով են տաքացնում։ Վառարանը վառած է եղել, մեջը ածուխ, ածուխը տրաքել է, քնապարկերը սկսել են այրվել, քնապարկերն էլ սինթետիկ են, բոցը հենց կպավ՝ շատ դժվար կլինի հանգցնելը, շատ արագ են այրվում։ Իրենք ուզել են մարել կրակը ու այդ ընթացքում բոցը տվել է Պալյանի դեմքին, հալված սինթետիկ հատվածը լցվել է վրան, ցելոֆանատիպ բան է, միանգամից բռնկվում է։ 4 երեխա են եղել, 4-ն էլ այրվածքներ ստացել են, սակայն ամենածանրը Պալյանի վիճակն է եղել»։
Կարդացեք նաև
Պալյանի ընտանիքի մտերիմներից մեկն էլ ասաց, որ տղան զորացրվելու էր հունվարին։
«Տան միակ տղան էր, մի տղա, մի աղջիկ են։ Շատ լավ զինվոր էր, շատ լավ համբավ ուներ, բա ինչ ծնողների երեխա է, խելոք, աշխատասեր, ստեղծող մարդիկ են, միշտ գյուղում են աշխատել, երբեք Ռուսաստան չեն գնացել, չեն բացակայել գյուղից։ Պապն անասնապահությամբ է զբաղվում, ինքն էլ յուրահատուկ սովորող, տնտեսագիտական համալսարանում էր սովորում, դասախոսներն ասում են՝ էնքան կազմակերպված տղա է»,-ասացին նրա ընտանիքի մտերիմները։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը ցավակցություն է հայտնել․ «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ ս\թ հուլիսի 26-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքի պատճառով մահացել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի «Ընդհանուր տնտեսագիտության» ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության առաջին կուրսի ուսանող, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:
ՀՊՏՀ ԳՄ ողջ անձնակազմը և ուսանողները իրենց խորին ցավակցությունն են հայտնում ուսանողի հարազատներին: Շնորհակալ ենք քեզ հայրենիքին ծառայության համար եղբայր, հավերժ փառք և խոնարհում»
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, մահացել է հուլիսի 17-ին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Պալյան Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ