ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսին երեկ տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողը հիշեցրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ վերահաստատելով կողմերի միջև առկա գործընթացին աջակցելու պատրաստակամությունը: Նա հետաքրքրվել է՝ արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ պետքարտուղարության կողմից արված նախկին նման առաջարկները մերժվել էին:
«Ոչ, դա չի նշանակում: Դա նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել մի բանի, որը կարծում ենք, որոշակի առաջընթաց է, տվյալ դեպքում, կարծում ենք, մեր հայաստանցի և մեր ադրբեջանցի գործընկերների հետ շարունակական ներգրավվածությունների և դիվանագիտական զրույցների միջոցով կարող ենք շարունակել այդ թափը։ Պետքարտուղարն իհարկե մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, սակայն այս շենքում կան մի շարք մարդիկ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր աշխատել են իրենց գործընկերների հետ բոլոր մակարդակներում՝ շարունակելու այս թափը և շարունակելու առաջարկել մեր օգնությունը, քանի որ մենք ձգտում ենք երկարաժամկետ, համապարփակ խաղաղության»,- ասել է Փրայսը:
Նա նշել է, որ Պետդեպն իր հայտարարություններում, այդ թվում, երեկվա մեկնաբանության մեջ, «հստակեցրել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել այս երկու երկրներին և մեր համախոհ գործընկերներին ցանկացած ձևաչափով, որն ամենաարդյունավետը կլինի»: «Մենք Մինսկի խմբի համանախագահն ենք 1994թ-ից, սակայն, ինչպես ցույց տվեցինք, մենք պատրաստ ենք նաև երկկողմ ձևաչափով խոսել երկրների հետ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել այդ երկարաժամկետ, համապարփակ խաղաղությունը»,- ասել է Փրայսը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ