Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես դիմակայել ալերգիաներին ամռանը. խորհուրդներ բժշկից

Հուլիս 27,2022 12:19

👩‍⚕️ Խորհուրդներ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ալերգոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ Սոնա Հարությունյանից:

✔️ Ամենատարածված սեզոնային ախտահարումը ալերգիկ ռինիտն է, որով տառապում է երկրագնդի բնակչության 25 տոկոսը: Այն արտահայտվում է քթահոսությամբ, անընդմեջ փռշտոցներով, աչքերի, քթի շրջանում ի հայտ է գալիս քոր, արցունքահոսություն, աչքերի կարմրություն, քորի զգացողություն կոկորդում․․․

Ալերգիկ ռինիտը սովորաբար դրսևորվում է վաղ գարնանից մինչև աշուն՝ ծառերի և խոտերի փոշոտման շրջանում: Պետք է ինքնաբուժությամբ չզբաղվել, դիմել բժշկի և ստանալ սեզոնային ցուցումներ: Ալերգիկ հակվածություն ունեցողները բաց տարածքներում պետք է լինեն արևային ակնոցով, քամոտ եղանակին խուսափեն դուրս գալուց, դիմակներ կրեն, քթի խոռոչի համար օգտագործեն խոնավացնող սփրեյներ։

🔥🍊 Ամռան ամիսներին մեծ թիվ են կազմում նաև սննդային ալերգիաները, մասնավորապես՝ տարբեր մրգերից, հատապտուղներից։ Դրանք դրսևորվում են տարբեր տեսակի ցաներով, հաճախ՝ եղնջացանով: Բոլոր դեպքերում պետք է դիմել բժշկի՝ մասնագիտական գրագետ բուժում ստանալու համար: Ցանավորման դեպքում օգտագործվող քսուքները սովորաբար բավարար չեն լինում, պետք չէ ապավինել նաև ժամանակի գործոնին, որովհետև ժամանակի ընթացքում ցանը կարող է ավելանալ։ Իսկ ալերգիայի հնարավոր պատճառ դարձած սննդամթերքից հրաժարվելը պետք է լինի արդարացված և հիմնված ալերգոլոգիական հետազոտության վրա: Ի դեպ, հաճախ սննդային ալերգիաների պատճառ կարող է լինել նաև ծովամթերքը։

💥 Այս եղանակին շատ տարածված ֆոտոդերմատոզների կամ, այսպես կոչված, արևային ալերգիայի դեպքում հնարավոր է լինի կարմրություն, մաշկի ձգվածություն, մանր ցան: Պետք է հնարավորինս փակ հագուստ հագնել, խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթների ուղիղ ազդեցությունից, արևապաշտպան քսուքներ օգտագործել։

🌞 Ամռանը տարածված են նաև ինսեկտային ալերգիաները, որոնք առաջանում են միջատների խայթոցներից, նաև՝ մեղվի, կարիճի, օձի: Այս դեպքում կարելի է օգտագործել տեղային հակալերգիկ քսուքներ և դեղեր՝ մինչև բժշկի դիմելը: Ցանկացած միջատի խայթոցից կարող է լինել կարմրություն, ցանավորում, քոր, իսկ ավելի բարդ դեպքերում՝ զարգանալ կյանքին վտանգ սպառնացող սուր ալերգիկ ռեակցիաներ: Ծայրահեղ սուր ալերգիկ վիճակների դեպքում այսօր ամբողջ աշխարհում օգտագործում են էպինեֆրին պարունակող ներարկիչներ՝ բժշկական ցուցումով: Հանգստյան գոտիներում գտնվելիս պետք է ուշադիր լինել, հնարավորինս կրել փակ հագուստ, իսկ նման ալերգիայի հետ բախված անձինք լավ կլինի ունենան համապատասխան դեղեր:

💊Կանխարգելիչ նպատակով խորհուրդ չի տրվում հակաալերգիկ դեղեր օգտագործել, իսկ ալերգիայի շրջանում ցանկացած դեղի օգտագործում պետք է լինի բացառապես բժշկի ցուցումով։

📢 Ալերգիան համարվում է դարի հիվանդությունը, որից ոչ ոք ապահովագրված չէ, այն տարածված է ամբողջ աշխարհում, պատճառները տարբեր են՝ էկոլոգիական փոփոխություններից մինչև քիմիկական նորամուծությունների չարաշահում, սթրեսներ, բացի այս ամենից՝ կան նաև նպաստող հիվանդություններ:

👉 Միևնույն ժամանակ՝ «ալերգիան չի բուժվում» եզրույթն արդեն ժամանակավրեպ է, ճիշտ ախտորոշման դեպքում բժշկական նորարարական մեթոդներով հնարավոր է մեկընդմիշտ ազատվել ալերգիայի որոշ տեսակներից։

Միքայելյան համալսարանական հիվանդանոց

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031