Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արա Բաղրամյանի ֆեյսբուքյան գրառումը
Մոտ երեք տարի facebook-ում որևէ գրառում չեմ արել, կամ որևէ գրառման չեմ արձագանքել ավելի կարևոր անելիքներիս չվնասելու, կամ չխանգարելու համար: Արդյունքում ինձ մեծամասամբ հաջողվեց օգտակար լինել իմ աշխատանքային բնագավառին և կանխել շատ ու շատ անհեթեթությունների իրականացում և նույնիսկ նպաստել իմ բնագավառի կազմակերպություններում աշխատավարձերի որոշ չափով բարձրացմանը:
Հիմա ես ազատ եմ իմ խոսքի ու գործի մեջ, ազատ եմ, քանզի 22 տարի անց ազատվեցի աշխատանքից, հա, ես ուրախ եմ, որ քսաներկու տարի շարունակ մայրաքաղաքի սպորտի բնագավառում բազմաթիվ ծրագրեր իրականացնելուց հետո, մանկապատանեկան սպորտի զանգվածայնացմանն ու զարգացմանը անմնացորդ ծառայելուց հետո ազատվեցի աշխատանքից, ազատվեցի, քանի որ չծառայեցի այսօրվա անդիմագիծ ու ստորաքարշ պահանջներին, քանի որ հայրենադավություն համարեցի Երևանի բակային համաքաղաքային մրցումների վրայից իմ իսկ կողմից անվանակոչված «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» խորագրի ու «Հայրենյաց պաշտպան» և «Հայկյան աղեղ» անվանումների հանելը, տգիտություն համարեցի օրենսդրությամբ սահմանված մարզական միջոցառումների անցկացման հանձնումը մարզադպրոցներին, թշնամություն համարեցի «Երևանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ-ի լուծարումը, որի արդյունքում երևանցի թիմերն ու մարզիկները այլևս չեն կարող գործուղվել հանրապետական ու միջազգային մրցումների, մեծագույն անհեթեթություն համարեցի մասնագիտացված մարզադպրոցների ինքնուրույնության վերացումն ու համալիր մարզադպրոցի կցորդ դարձնելը, ստոր անգրագիտություն համարեցի մի քանի մարզադպրոցների քանդումն ու փորձառու և նվիրված տնօրենների փոխարինումը տվյալ բնագավառի հետ կապ չունեցող մարդկանցով, և այլն, և այլն:
Առաջիկա մեկ ամսվա ընթացքում էլի կլռեմ, քանզի զբաղվելու եմ անձնական որոշ խնդիրների լուծմամբ ու այլևս ես ազատ եմ…