Լրահոս
Օրվա լրահոսը

Աղավնոյում իր հումորային ելույթներով հանդես է եկել դերասան Վարդան Պետրոսյանը՝ մասնակցելով նաեւ ջրոցիին․ «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 27,2022 10:23

Հուլիսի 20-ին Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ մատուցվեց սուրբ պատարագ՝ նվիրված Վարդավառի տոնին։ Նույն օրը եկեղեցում կայացավ նաեւ մկրտության արարողություն։ Արդեն Երեւանում բնակվող Աշոտ եւ Սեդա ամուսիններն իրենց զավակների մկրտությունը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում կատարեցին՝ հավատով՝ այս սրբատան կամարների տակ միշտ է հնչելու շարական ու Տերունական աղոթք։

Հուլիսի 23-ին դարձյալ սուրբ մկրտություն կայացավ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում։ Տեր Բենիամինը տեղեկացրեց, որ երեւանցի ընտանիքի զավակների կնքեց՝ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի կնքահայրությամբ։

Վարդավառի տոնը մեծ շուքով նշվեց Աղավնոյում։ Գյուղի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանի տեղեկությամբ՝ բացառիկ օր էր Աղավնոյի համար։ Կար մեծ ոգեւորություն, ամեն ինչ տոնական էր։ Ողջ գյուղն էր մասնակից ժողովրդական այս տոնին, որին ներկա էին շատ հյուրեր Երեւանից ու Ստեփանակերտից, մեր երկրի տարբեր վայրերից։ Տոնին մասնակից են եղել նաեւ ռուս խաղաղապահները։ Այն կայացել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ։ Ներկա է եղել նաեւ ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը, ով միջոցառումը համարել է կայացած եւ սպասվածին համահունչ։

Հոգեւոր եւ ժողովրդական արմատներով Վարդավառը սկսվել է Աղավնո գյուղում դեռ նախորդ օրվանից, արդեն նշել ենք, Բերձորի եկեղեցում տեղի ունեցած մկրտության արարողությամբ։ Այնուհետեւ Աղավնոյում կայացել են խարույկահանդես, թեյախմություն, վրանային ճամբար՝ գիշերակացով։

Լուսանկարը՝ Ահարոն ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆԻ/Ակն ընդ ական

Վարդավառին մասնակից են եղել նաեւ արտիստներ, մտավորականներ։ Իր հումորային ելույթներով հանդես է եկել սիրված դերասան Վարդան Պետրոսյանը՝ մասնակցելով նաեւ ջրոցիին։ Գյուղում կազմակերպվել է նաեւ տոնավաճառ, որտեղ ներկայացվել են ժենգյալով հաց, քաղցրավենիք, գյուղացիների ստեղծած բերքուբարիքը, լիբանանյան խոհանոց։ Տիկնիկային ներկայացմամբ հանդես է եկել Շուշիի Խանդամիրյանի անվան թատրոնը։

Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը, ով իր մանկահասակ 5 զավակների հետ ապրում է հայրենի գյուղում եւ պահում գյուղը, շատ է կարեւորում նման միջոցառումները, որոնք տեղի բնակչությանն ամուր են պահելու հարազատ հայրենիքում։ «Մասնակիցները շատ էին, չեմ հասցրել բոլորի հետ շփվել,- հեռախոսազրույցում ասաց Ա. Չավուշյանը,- բայց ամեն ինչ շատ լավ էր։ Այս եւ ազգային այլ արարողություններն ավելի են ոգեւորում մեզ՝ խորհուրդ ունենալով, որ հայը պիտի ապրի հայեցի՝ պահպանելով իր սովորույթներն ու ավանդական տոները»։ Հավելեց նաեւ՝ կազմակերպված էր նաեւ անվտանգությունը։ Տոնին մասնակից են եղել նաեւ բերձորցիներ՝ քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ։

Զոհրաբ Ըռքոյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031