Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտվում ենք նաեւ այդ ճակատում

Հուլիս 27,2022 10:00

Ձեզ, հավանաբար, հայտնի է GAFAM հապավումը, որը ներկայացնում է աշխարհի ամենաազդեցիկ համացանցային հարթակները՝ Google, Apple, Facebook, Amazon, Microsoft: Այդ ընկերությունները, թերեւս, ավելի ուժեղ են, քան աշխարհի որեւէ պետություն: Նրանց հզորությունը պայմանավորված է նախեւառաջ իրենց տիրապետած տեղեկատվության հսկայական ծավալով, այդ թվում՝ անձնական տվյալների: Այդ հարթակները՝ եւս մի քանիսի հետ միասին՝ Youtube, Twitter, TikTok, մեծ ազդեցություն ունեն կայքերի եւ անհատների տարածած ինֆորմացիայի վրա՝ երկու տեսակետից, նախ՝ նրանց ստեղծած ալգորիթմները կանխորոշում են օգտատերերի ընտրությունը, եւ՛ այն մարդիկ ե՛ւ ընկերությունները, որոնք վաճառում են իրենց կոնտենտը, բնականաբար, շահագրգռված են ավելի շատ բաժանորդներ եւ դիտորդներ ունենալ: Եվ երկրորդ՝ այդ համաշխարհային հարթակները որոշում են, թե ում դեմ եւ երբ է պետք պատժամիջոցներ կիրառել, ընդհուպ մինչեւ արգելափակումը:

Այդ առումով համացանցային հսկաների մտադրությունները, հուսով եմ, ազնիվ են, եւ երկրագնդի ցանկացած բնակիչ, անկախ ազգությունից, կրոնական, քաղաքական կամ այլ համոզմունքներից, պետք է նպաստի, որ համացանցում որքան հնարավոր է քիչ լինեն բռնության կոչեր, ատելության խոսք, ռասիզմ եւ այլն: Մտադրությունների իրականացումն, անշուշտ, իդեալական չէ, որովհետեւ կառուցված է հիմնականում այս կամ այն «վտանգավոր» բառը որսալու եւ այդ հիմքով պատժամիջոցներ կիրառելու վրա: Բայց ցանկացած բառ կարող է օգտագործվել տասնյակ իմաստներով՝ կախված մշակութային համատեքստից, իսկ այդ համատեքստը նույնը չէ տարբեր ազգերի մոտ եւ տարբեր պետություններում: Բայց, ի վերջո, խոսքը հիմնականում ԱՄՆ-ում գործող ընկերությունների մասին է, եւ եթե ուզում եք օգտվել ամերիկյան մասնավոր կայքից, բարի եղեք ուսումնասիրել հենց այդ պետությունը եւ այդ ժողովրդին, եւ առաջնորդվել իրենց կանոններով: Հակառակ դեպքում՝ կարելի է այդ կայքերում օգտահաշիվ չգրանցել:

Այնպես որ՝ ես սոցցանցերի վերաբերյալ առանձնապես դժգոհություններ չունեմ: Ես դժգոհ եմ իմ պետությունից, որն այս ոլորտում շատ ավելի կրավորական դիրք ունի, քան մեր հակառակորդները: Ադրբեջանին հաջողվում է անցանկալիների շարքում ավելացնել տալ այն բառերն ու անունները, որոնք մեզ համար կարեւոր են: Իսկ ի՞նչ է անում մեր պետությունը: Այն իր ֆեյքերի ֆաբրիկան օգտագործում է զուտ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031