Ոստիկանների մասնակցությամբ` «Խոշտանգման գործով» Կենտրոնի նստավայր ներկայացած վկա Էդգար Գրիգորյանի եւ տուժողների հետ առերեսում էր ըստ էության: Նախաքննության ժամանակ նա հարցաքննվել էր 2020 թվականի նոյեմբերի 26-ին, ժ.17.15-19.05: Ինչպես տեղեկացրեց դատավոր Աննա Մաթեւոսյանը, նա տեսագրվել չի ցանկացել: Դատարանում հարցաքննվել է չորս օր, հակասությունների պատճառով հրապարակվեց նրա նախաքննության ժամանակ ասածը:
Ցանկացել է փաստաբան եւ հարցաքննվել է փաստաբան Աշոտ Ապրեսյանի ներկայությամբ:
Երբ հրապարակվեց նրա իսկ ձեռքով ստորագրված վկայությունը, հայտնեց, թե՝ չի կարդացել քննիչի գրածը, ինքը միայն ստորագրել է, ու զարմանալի էր այս դեպքում, թե ինչու է ցանկացել իր փաստաբանն ունենալ, եթե նման բան է իր ասածով տեղի ունեցել. «Կարդացել եմ, հավատացել, իր ձեւերով համաձայնվել»:
Նրա հարցաքննությունից հետո պարզ դարձավ, որ այս վկային հարցաքննել են քրեակատարողական հիմնարկում: Այս վկան տուժողներից մեկին` Արմեն Ղազարյանին ճանաչել է մանկուց, իսկ տուժող Վլադիմիր Օհանյանի հետ «մոտ հարաբերության մեջ չի եղել»:
Ըստ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքի՝ դեպքի օրը իրենք գնացել են ոստիկանության հերթապահ մաս: Նա ոստիկանությունում ճանաչել է իրենց տարածքը սպասարկող ոստիկանին` Միքայելին: Ըստ վկայի, տուժողներին բաժին տանելու, ծեծի ենթարկելու կապակցությամբ, նա վկային հայտնել էր՝ շփոթմունք է տեղի ունեցել, եւ որ տղաները մի քանի րոպեից ազատ կարձակվեն:
Նրա ասելով՝ երբ դուրս են եկել տղաները՝ վկան նրանց վրա մարմնական վնասվածքներ չի նկատել: Վլադն ասել էր, իրենց բաժին են տարել, իսկ Արմենն էլ դեպքի հաջորդ օրն իրեն ասել էր, թե ցանկանում է գնալ հիվանդանոց, ապա գնալ ոստիկանություն: Նա ասաց, որ իմացել է, որ Արմենը «թոքի սալջարդ է» ստացել: Դատարանում, երբ պաշտպանական կողմից հարցրեցին, թե՝ «թոքի սալջարդն ինչ է», վկան չկարողացավ ասել, ասաց. «Չգիտեմ, չեմ պատկերացնում»:
Կարդացեք նաև
Նա պատմել էր, որ Արմենի իրեն փոխանցածը, որ միլպետի տեղակալը` Կամո անունով, ներողություն է խնդրել Արմենից, ասել, թյուրիմացություն է եղել կատարվածը, եւ որ նրանց ծեծի ենթարկած ոստիկաններն էլ, որոնք հանդիպել են սրճարանում, ըստ էության ներողություն չխնդրեցին, ասացին՝ անցած լինի:
Այս վկան դատաքննության ժամանակ ասել էր, թե առավել տարիքով ալեհեր մազերով ծեծող է եղել, իսկ նախաքննության ժամանակ նման բան չէր հիշել. «Նույն ձեւով ասել եմ սպիտակ մազերով անձի մասին, առավել նվաստացուցիչ վարքագիծ դրսեւորողի»:
Մեղադրողը դիմեց վկային.
– Եթե ասեք ձեր ցուցունքը կեղծ է, ես պարտավոր եմ զեկուցագիր ներկայացնել:
Վկան քանիցս կրկնեց, որ քննիչը «իրա ուզած բառերով գրել է, մեկնաբանել»: Երբ մեղադրողը փորձում էր իմանալ, ի վերջո, քննիչի «գրածից» ինչն է սխալ, վկան նայելով մեղադրողի կողմը՝ հեգնալից ասաց. «Ինքը ավելի շուստրի՞ է, որ հարցեր է տալիս», դատավորը սպառնաց նման վարքագծի շարունակման դեպքում սանկցիա կիրառել վկայի նկատմամբ:
Տուժողը դիմեց վկային.
-Ես ձեզ ասե՞լ եմ, որ ինձ ծեծել են:
Հետեւեց պատասխանը`
-Ասել եմ, որ հետո ասել ես…
-Ինչի ճիշտ չես պատմում, -ասաց տուժողը:
Վկայի հարցաքննությունից հետո մեղադրյալ Տիգրան Ավանեսյանի պաշտպանը հանդես եկավ միջնորդությամբ, հայտնելով, որ մեկ տարի տասը ամիս նա գտնվում է անազատության մեջ, իսկ դատական նիստերը` 11.02.2022, 17.02, 19.02, 04.05, 28.06` տեղի չեն ունեցել ոչ իրենց մեղքով:
«Ուղեկցող գումարտակը երեք անգամ չի բերել նրանց, վեց անգամ ջանք է գործադրել, որպեսզի նիստին կարողանան գալ, եւ «պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել իր պարտականությունների կատարումը: Ստացվում է, որ իր պարտականության չկատարման պատճառով գործի ողջամիտ ժամկետում մնալը պատժի տարրեր է պարունակում: Դատարանի կողմից չի ապահովում դատարան ներկայացնելու հարցը»:
Ըստ պաշտպանի, գրավի հարցն առկա է, քննությանը խոչընդոտելու հանգամանքը բացառվում է: Այս գործով վկաները հարցաքննվել են, նրանց նկատմամբ ազդելու հավանականություն գոյություն չունի:
Ըստ պաշտպանի` «Ենթադրյալ խոշտանգումների մասին վկաները իմացել են բացառապես տուժողներից»: Նա վկայակոչեց 2019թ. հոկտեմբերի 14-ի ՍԴ որոշումներից մեկը՝ ՄԻԵԴ -ից «Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործը: Ավարտելով իր խոսքը` նա ասաց, թե գրավի դեպքում իր պաշտպանյալը կդրսեւորի պատշաճ վարքագիծ եւ որ նրանց դատարաններ ներկայանալուց ուղեկցող գումարտակից կախման մեջ չենք գտնվի:
Մեղադրողը, մինչ դատարանը կմտներ խորհրդակցական սենյակ, առարկեց միջնորդությանը, հիշեցրեց, որ ոստիկանության վարչությունում արել են ամեն բան, որ հետեւանք չունենա. «Հետո չի ստացվել իրենց ուզածը, ուղղակի ազդում են տուժողների վրա»: Նա էլ իր հերթին հիշեցրեց «Խանզադյանն ընդդեմ Հայաստանի գործը», որում միայն այս միտքը կա. անձը, ով զբաղեցրել է ավելի բարձր պաշտոն, տուժողների վրա ազդելու հավանականությունը մեծ է:
Դատավորը երեկ դուրս եկավ խորհրդակցական սենյակից: Նա իր որոշմամբ մերժեց պաշտպանի միջնորդությունը, իսկ հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի յոթին:
Նկատենք, որ հրապարակման պահին նիստերի դահլիճ էին բերվել մեղադրյալները՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տիգրան Ավանեսյանը, Նարեկ Բարսեղյանը, Գրիգոր Մխիթարյանը:
Նրանք մեղադրվում են Երեւան քաղաքի բնակիչ Վլադիմիր Օհանյանին եւ վերջինիս ծանոթ Արմեն Ղազարյանին բերման ենթարկելու, ոստիկանության Նոր Նորքի բաժնում բռնություն գործադրելու համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.07.2022