ՍԴ դիմողի համոզմամբ՝ օբյեկտիվ իրականության մեջ ողջամտորեն հնարավոր չէ բացառել այն դեպքերը, երբ միաժամանակ ըստ կտակի եւ ըստ օրենքի ժառանգի՝ փաստացի տիրապետման եւ կառավարմանն ուղղված գործողություններն ապացուցեն, որ նրա կամքն ուղղված է հենց ըստ կտակի ժառանգությունն ընդունելուն:
Պարգեւ Առաքելյանի կողմից 2022 թվականի փետրվարի 8-ին Սահմանադրական դատարան էր ներկայացվել դիմում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: ՍԴ-ն հուլիսի 12-ին գրավոր ընթացակարգով քննել է գործը։ Դիմողը խնդրել էր. «ՀՀ սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, 75-րդ հոդվածի եւ 78-րդ հոդվածի դրույթներին հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի դրույթն այն կայուն պրակտիկա դարձած դատական մեկնաբանությամբ կամ նույն իրավանորմի այն մեկնաբանությունը, ըստ որի՝ ժառանգական գույքը փաստացի տիրապետման եւ կառավարման եղանակով ժառանգության ընդունման եղանակը չի վերաբերում այն ըստ կտակի ժառանգներին, որոնք միաժամանակ հանդիսանում են նաեւ ըստ օրենքի ժառանգներ եւ վերջիններս ըստ կտակի ժառանգությունը կարող են ընդունել բացառապես նոտարին ժառանգության ընդունման վերաբերյալ դիմում ներկայացնելով»:
Դիմողը նշել էր, որ Վճռաբեկ դատարանի եւ ստորադաս բոլոր դատարանների կողմից ձեւավորվել է կայուն պրակտիկա, որի էությունը հանգում է նրան, որ օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ ժառանգական գույքը փաստացի տիրապետման եւ կառավարման ձեւով ժառանգության ընդունման եղանակը չի վերաբերում ըստ կտակի ժառանգներին, որոնք միաժամանակ հանդիսանում են նաեւ ըստ օրենքի ժառանգներ, եւ վերջիններս, ըստ կտակի, ժառանգությունը կարող են ընդունել բացառապես նոտարին ժառանգության ընդունման վերաբերյալ դիմումներ կայացնելով:
Պարգեւ Առաքելյանը ՍԴ-ին հայտնել էր, որ հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հ. Ա.-ի՝ ըստ կտակի ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունած ճանաչելու եւ դրա հետեւանքով ժառանգության վկայագիրը եւ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին: Հ. Ա.-ն հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Պարգեւ Առաքելյանի, երրորդ անձինք՝ Երեւան նոտարական տարածքի նոտարի, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ ժառանգության զանգվածի մեջ ներառված գույքերի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու եւ ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին: Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2020թ. վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը կարճվել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2021թ. որոշմամբ Պարգեւ Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, եւ վճիռը թողնվել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ՝ «Սույն գործով դատարանը հաստատված է համարել այն չվիճարկված փաստերը, որ հայցվորը հանդիսացել է միաժամանակ ըստ օրենքի եւ ըստ կտակի ժառանգ ու ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետում ժառանգության բացման վայրի նոտարին չի ներկայացրել ըստ կտակի ժառանգության ընդունման մասին դիմում:
Կարդացեք նաև
Նույնանման փաստեր են առկա եղել նաեւ թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով հաստատված փաստերի կազմում, եւ այդ հիմքով դատարանը միանգամայն իրավաչափ կերպով հղում է կատարել թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011թ. որոշմամբ այն իրավական նորմերի վերաբերյալ կատարված մեկնաբանություններին, որոնք կարգավորում են ժառանգության ընդունման հետ կապված հարաբերությունները եւ հանգում են նրան, որ ըստ կտակի՝ ժառանգություն կարող է ընդունվել բացառապես ժառանգության բացման վայրի նոտարին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով: Դատարանի կատարած հղումը վկայում է այն մասին, որ դատարանը լիովին կիսել է ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումն ու վերջինիս մեկնաբանություններից շեղվելու համար բավարար եւ ծանրակշիռ հիմնավորումներ չի ունեցել: Նույնաբովանդակ է նաեւ խնդրո առարկա իրավական հարցի վերաբերյալ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը, եւ այն կրկնելու անհրաժեշտությունը բացակայում է»: Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը մերժվել է Վճռաբեկ դատարանի 04.08.2021թ. որոշմամբ:
Սահմանադրական դատարանը սահմանադրությանը համապատասխանող ճանաչելով հանդերձ, դատական ակտի վերանայման հնարավորություն ընձեռեց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.07.2022