Գաղափարի շուրջ թիմը աշխատել է 6 ամիս
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը օրերս կազմակերպել էր հանդիսավոր երեկո՝ նվիրված ռեբրենդինգին, որի ընթացքում ներկայացվեցին թատրոնի նոր տարբերանշանն ու կայքը։ Հանդիսատեսը, որի թվում էին դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հենց բեմում էին վայելում մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ թատրոնի նվագախմբի երաժշտական կատարումները։ Ռեբրեդինգի իրականացումը թատրոնի երիտասարդ թիմի մտահղացումն է, իսկ պատասխանատու այդ գործը վստահվել էր «Ինդինգո Բրենդինգ» ընկերությանը։
Այդ առիթով մաեստրո Դուրգարյանը «Առավոտին» հայտնեց. «Օպերային թատրոնը կրում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը, ինչը մեծ պատիվ է եւ դա որեւէ մեկը չի կարող փոփոխության ենթարկել։ Թատրոնը սկսել է լրջորեն համագործակցել եվրոպական թատրոնների հետ, որի մի մասնիկն ենք մենք։ Եվրոպական եւ ամերիկյան մեր գործընկերները խորհուրդ տվեցին միջազգային լեզվով խոսելու համար դիմել այս քայլին՝ ռեբրենդինգի։ Այդ գաղափարի շուրջ մեր երիտասարդ թիմը աշխատել է 6 ամիս շարունակ»։
Թատրոնի մարքեթինգի եւ PR բաժնից էլ մեզ վստահեցրին, որ թատրոնը, շնորհիվ Կարեն Դուրգարյանի ջանքերի, պահելու է իր ինքնությունը օպերային արվեստում։ Փաստեցին, որ թատրոնը կարճ ժամանակահատվածում հանդես է եկել նոր ներկայացումներով, վերականգնվել են հները, ինչը զարմացրել է թե դրսի, թե մեր հանդիսատեսին։ Նաեւ մեջբերեցին մաեստրոյի խոսքը՝ «Միասին կարող ենք։ Եվ ուրեմն՝ առաջ»։
Կարդացեք նաև
Ռեբրենդինգին նվիրված հանդիսավոր երեկոյին նախորդել էր օպերային թատրոնի պատմության ընթացքում առաջին անգամ թատրոնի հարակից հրապարակում անցկացված ֆլեշմոբ՝ «Դասական արվեստի ապագա սերունդը» խորագրով, մասնակցությամբ բալետային խմբի արտիստների, փորձավարական կազմի եւ Երեւանի պարարվեստի պետական քոլեջի սաների։ Ֆլեշմոբը հեռարձակվում էր թատրոնի պաշտոնական կայքով։ Անակնկալ էր ճանաչված խորեոգրաֆ Արսեն Մեհրաբյանի խորեոգրաֆիայով իրականացված համարը, ինչպես նաեւ լեգենդար խորեոգրաֆ Օլեգ Վինոգրադովի խոսքը։ Տեղեկացնենք, որ օգոստոսի 1-ին Վինոգրադովը նշելու է ծննդյան 85-ամյա հոբելյանը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ժամանակին հավաստիացրել էր՝ Երեւանի օպերային թատրոնում, Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի սեփական բեմադրությամբ։
Անդրադառնալով անցկացված ֆլեշմոբին, նշենք, որ այն, կազմակերպիչների խոսքով, նպատակ ուներ բարձրացնել բալետային արվեստի հանրային ճանաչելիությունը, ապահովել բալետային արվեստի զարգացմանն ուղղված ակտիվություն, խթանել Երեւանի պարարվեստի պետական քոլեջ դիմորդների հոսքը, խորացնել թատրոն-քոլեջ համագործակցությունը եւ իհարկե՝ ներգրավել պոտենցիալ հանդիսատես։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.07.2022