Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուխկյանի նկարը կնվիրաբերվի Չարենցի տուն-թանգարանին

Հուլիս 27,2022 12:30

Եղիշե Չարենցի տուն-թանգարանն առաջիկայում նվեր կստանա բանաստեղծի՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի վրձնին պատկանող դիմանկարը։ Կտավը պահվում էր մասնավոր հավաքածուներում եւ հանվել էր վաճառքի։ Այն ձեռք է բերել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանը, եւ Եղիշե Չարենցի 125-ամյակի առիթով կնվիրաբերի մեծ բանաստեղծի տուն-թանգարանին։

Հանդիսավոր միջոցառման մեկնարկը կտրվի հուլիսի 27-ին Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ, որը գտնվում է Օղակաձեւ զբոսայգում, Ռադիոտան դիմաց։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային գրասենյակի տնօրեն, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կկատարի հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Եղիշե Չարենցի։ Այնուհետեւ, միջոցառման մասնակիցները ծաղիկներ կխոնարհեն մեծ բանաստեղծի հուշարձանի մոտ։ Ելույթ կունենան թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, բանաստեղծի թոռնուհի Գոհար Չարենցը, բարերար Հրաչյա Պողոսյանը եւ այլ պատվավոր հյուրեր։ Հավելենք, որ Եղիշե Չարենցի դիմանկարը ստեղծել է 1973թ.-ին, 1985թ. Ռուխկյանն արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման:

Ինչ վերաբերում է պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանին, նրա միջոցներով եւ նախաձեռնությամբ ստեղծվել է պատմական, մշակութային եւ հոգեւոր ժառանգության ավելի քան 300 օբյեկտ։ Դրանց թվում են Հայոց պատմության տարբեր էջերին նվիրված ավելի քան 100 հուշարձան եւ խաչքար, որոնք տեղադրված են Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս։ Այսպես, Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ 2017թ.-ին խաչքար է տեղադրվել Ղազախստանում՝ թանգարանահուշարձանային «Ալժիր» համալիրի տարածքում։ 1930-50-ական թթ.-երին այդտեղ է գտնվել, այսպես կոչված, «Հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլինսկի ճամբարը», որին ժողովուրդը տվել էր «Ալժիր» անվանումը: Պողոսյանի նախաձեռնությամբ տեղադրված եւ օծված խաչքարը նվիրված է բռնադատված եւ ճամբարում գտնված շուրջ 80 հայազգի կանանց հիշատակին։

Հատկանշական է, որ 1937թ.-ին, Եղիշե Չարենցի ձերբակալությունից շատ չանցած, որպես ազգի թշնամու կին Ղազախստան էր աքսորվել նաեւ բանաստեղծի երկրորդ կինը՝ Իզաբելլան։ 2022թ.-ին Հրաչյա Պողոսյանի հիմնադրամը ստացել է Սանկտ Պետերբուրգի «Պատվավոր բարերար» կոչումը։

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
26.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031