Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվից՝ Երեւան. ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համաձայնագիրն ու հայկական անադեկվատությունը

Հուլիս 27,2022 12:00

Ադրբեջանում առավել ջղաձիգ են ընդունել, օրինակ՝ Եվրոպական խորհրդարանի ընդունած չորս հայանպաստ բանաձեւերը, գիտակցելով դրանց հնարավոր հետեւանքները, քան՝ Հայաստանում են գնահատում նրանց նշանակությունն ու ազդեցությունը:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունն անցյալ շաբաթ Երեւանում էր: Պատվիրակությունը Երեւան էր ժամանել Բաքվից: Իսկ անցյալ շաբաթվա սկզբին Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ ըստ էության, ընդգծելով, որ այն այլընտրանք է ռուսական գազին։ Եվրահանձնաժողովի նախագահն արձանագրեց, որ այդ հուշագիրն է՛լ ավելի է ամրապնդում Բաքու-Բրյուսել էներգետիկ գործընկերությունը:

Երեւանում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Դեյվիդ Մքալիսթերին լրագրողները հարց էին ուղղել՝ Ադրբեջանի ու ԵՄ-ի միջեւ էներգետիկ ոլորտում ստորագրված համաձայնագրի թեմայով, այն տեսանկյունից, որ ժողովրդավարական սկզբունքների ջատագով Եվրոպայի հասցեին քննադատություններ են հնչում, հարցեր ուղղում, թե մարդու իրավունքները ոտնահարող ալիեւյան ռեժիմի հետ ինչպես են համաձայնագիր ստորագրում: Մքալիսթերը պատասխանել էր. «Համաձայնագիրը, որը ստորագրել ենք Ադրբեջանի հետ, վերաբերում է էներգետիկ ռեսուրսներին եւ մարտահրավերը, որին բախվում ենք Եվրոպայում, այն է, որ ակնհայտ պատճառներով մենք ստիպված ենք Եվրոպայում սահմանափակել եւ նվազեցնել գազի ներկրումները ՌԴ-ից, որովհետեւ մենք ուզում ենք նվազ կախյալ լինենք ռուսական գազից եւ ուզում ենք ավելի քիչ վճարենք, որովհետեւ եթե մենք գնենք ռեսուրսներ Ռուսաստանից, ապա անուղղակիորեն ֆինանսավորում ենք ագրեսիան ու պատերազմը Ուկրաինայի դեմ: Հետեւաբար, մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր էներգետիկ մատակարարումները, հատկապես, քանի որ մենք դեռեւս չենք անցել լրիվ վերականգնվող էներգիայի ԵՄ-ում, ինչը ամբողջությամբ անկախ կդարձներ մեզ:

Հետեւաբար, երկարաժամկետ կտրվածքով այդ մատակարարումներից մենք դեռեւս կախվածություն ենք ունենալու: Ռուսաստանից եկող էներգակիրների այլընտրանքը Քաթարն է, Ալժիրը, կամ Ադրբեջանը: Հետեւաբար, համաձայնագիրը, որը մենք ստորագրել ենք՝ մեծացնելու գազի մատակարարումները Ադրբեջանից, ԵՄ թեմայով են: Բայց այն հարցերը, որոնք դուք ընդգծեցիք, անդին են էներգետիկ համագործակցության տիրույթից եւ այստեղ մենք ունենք շատ տարբեր գոյություն ունեցող շրջանակներ ու պետք է վստահեցնեմ, որ մենք շարունակելու ենք հասցեագրել այն խնդիրները, որոնք մարդու իրավունքներին կամ այլ խնդիրներին են վերաբերում Ադրբեջանում, ինչպես արել ենք, շարունակելու ենք անել նաեւ ապագայում»:

Մքալիսթերի երեւանյան ուղերձներից պարզ դարձավ, ԵՄ-ն կարեւորում է Հարավային Կովկասը: Մքալիսթերն ընդգծեց այն ակտիվ դերակատարությունը, որը ԵԽ-ն ունեցել է՝ Շառլ Միշելի միջնորդությամբ բրյուսելյան հանդիպումներին: Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ի ներդրումը օգտակար կլինի՝ հարթելու տարաձայնությունները՝ տեւական խաղաղություն հաստատելու ճանապարհին:
Մքալիսթերը հիշեցրեց այն բանաձեւը, որն ընդունել էր ԵԽ-ն՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից դեռեւս պահվող այլ անձանց:

Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունը Երեւանում հանդիպումներ էր ունեցել վարչապետի, ԱԺ նախագահի, ԱԺ փոխխոսնակի, ինչպես նաեւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Նիկոլ Փաշինյանը եւ Դեյվիդ Մքալիսթերը անդրադարձել էին Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հնարավորություններին, կարեւորել էին տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ապահովումը:

«Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին, ինչի կապակցությամբ Դեյվիդ Մքալիսթերը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը եւս կարեւորում է Ադրբեջանի կողմից նրանց վերադարձի ապահովումը եւ շարունակելու է ջանքերը այդ ուղղությամբ: Քննարկվել են նաեւ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը եւ Դեյվիդ Մքալիսթերը շեշտել են ԼՂ հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքի ապահովման անհրաժեշտությունն ու այդ նպատակով հետեւողական աշխատանքի իրականացումը», ասվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 22-ին ընդունել էր Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն էր հայտնել Դեյվիդ Մքալիսթերին եւ Ժելյանա Զովկոյին անկողմնակալ դիրքորոշման եւ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերի համար` հավելելով, որ գնահատելի են նաեւ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության կոմիտեում ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Մարինա Կալյուրանդի եւ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի դիտարկումները: «Անդրադարձ է եղել Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձեւերում եւ զեկույցներում ամրագրված աներկբա դիրքորոշմանը Հայաստանի համար կարեւորագույն մի շարք հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմին, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններին, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը», նշվում էր ՀՀ ԱԺ-ի տարածած մամլո հաղորդագրությունում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի եւ Դեյվիդ Մքալիսթերի համատեղ մամուլի ասուլիսում վերջինս ընդգծել էր Եվրախորհրդարանի ակտիվ դերակատարությունը տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներում: Նա հիշեցրել էր, որ Եվրախորհրդարանը երկու երկրներին կոչ է արել վերադարձնել ռազմագերիներին, եւ փաստել էր, որ Եվրախորհուրդը ցանկացած դեպքում կշարունակի կապի մեջ լինել հայ գործընկերների հետ:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը Դեյվիդ Մքալիսթերը նշել էր, որ՝ «ցանկանում են կառուցողական ճանապարհով աջակցել հարցի լուծմանը»: Անդրադարձ է եղել նաեւ տրանսպորտային ճանապարհների բացման հնարավորություններին, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց հայրենադարձության, Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցերին:

Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունը առանձին հանդիպումներ էր ունեցել նաեւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հետ: Հայկ Մամիջանյանը Մքալիսթերի հետ հանդիմանը նշել էր, որ իրենց կուսակցությունը դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանը, սակայն առանց նախապայմանների: «Թուրքիայի հետ հարաբերությունները չպետք է փոխկապակցված լինեն ղարաբաղյան հակամարտության եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ»,- ասել էր պատգամավորը: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, տեղեկացրել է, որ այս պահին Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցի զինյալներ կան: Խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել պատվիրակության անդամներին` վերջերս Եվրոպական խորհրդարանի կողմից չորս հայանպաստ բանաձեւերի ընդունման համար:

Մքալիսթերի գլխավորած պատվիրակության եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Աննա Գրիգորյանի եւ Արթուր Խաչատրյանի հետ հանդիպմանը վերջինս ներկայացրել է ԼՂ հակամարտության խնդիրը` անդրադառնալով դրա կարգավորման ուղիներին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք հայտնի սկզբունքներին: «1992թ. ի վեր բոլոր միջազգային փաստաթղթերում մեկ հստակ ուղերձ է եղել, որը չի փոփոխվել 30 տարի շարունակ, մասնավորապես, ուժի կիրառման անընդունելիությունը: Այսպիսով, Ադրբեջանը խախտել է այս բոլոր կոչերը` 2020 թ. սանձազերծելով պատերազմ եւ փոխելով ստատուս-քվոն: Միջազգային հանրությունը եւ, մասնավորապես, Եվրամիությունը, եթե համաձայնում են այս ստատուս-քվոյին, ապա նշանակում է, որ նրանք թույլ են տալիս Ադրբեջանին անտեսել այն կոչերը, որոնք սեղանին դրված են եղել 30 տարի շարունակ, մասնավորապես, խախտել Հելսինկիի վերջնական եզրափակիչ ակտի սկզբունքները, այսինքն` ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը` իրավիճակը փոխելու նպատակով»,- ընդգծել էր պատգամավորը: Խմբակցության անդամները նաեւ անդրադարձել էին Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը, էթնիկ զտումների քաղաքականությանը ԼՂ-ում: «Պետք է հարգվի ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքը»,- ընդգծել է Արթուր Խաչատրյանը` դիմելով եվրոպացի գործընկերներին:

Նկատենք, որ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակության եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպման վերաբերյալ տարածած մամլո հաղորդագրությունում Արցախի, Հայաստան-Ադրբեջան խնդիրների վերաբերյալ առհասարակ որեւէ հիշատակում չկար: Նշվում էր, որ այս հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ արձանագրվել մի շարք ուղղություններով Հայաստանի առաջատար արդյունքներն Արեւելյան գործընկերության երկրների շարքում: Ինչպես նաեւ, անդրադարձ էր կատարվել խորհրդարանական աշխատանքների ընթացքին եւ նշվել, որ՝ «խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանում ժողովուրդը հաստատել է իր աներկբա իշխանությունը»: Ապա արձանագրվում էր, որ՝ «իշխող մեծամասնությունը հանձնառու է ամրապնդելու եւ զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում` ունենալով քաղաքացիների ամուր աջակցությունը»:

Առհասարակ, 44-օրյա պատերազմից հետո ստեղծված բարդ իրավիճակում, երբ ակնհայտ է մեր տարածաշրջանի հանդեպ հետաքրքրվածության բարձր աստիճանը, հաճախ է խոսվում այն մասին, որ Հայաստանը գործընկեր պետությունների, կառույցների հետ աշխատանքն էլ ավելի արդյունավետ պետք է դարձնի, հատկապես նրանց հետ, որոնք Լեռնային Ղարաբաղի համապարփակ լուծման, կարգավիճակի եւ անվտանգության ու կայունության հաստատման մասին խոսում են եւ գործուն քայլերով ապացուցում են, որ այդ ուղղությամբ պատրաստ են աշխատել:

Իսկ նման աշխատանք, իսկապես՝ տարվել է, որը, որքան էլ ցավալի լինի արձանագրել, Ադրբեջանում առավել ջղաձիգ են ընդունել, օրինակ՝ Եվրոպական խորհրդարանի կողմից չորս հայանպաստ բանաձեւերի ընդունումը, գիտակցելով դրանց հնարավոր հետեւանքները, քան՝ Հայաստանում են գնահատում նրանց նշանակությունն ու ազդեցությունը:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 26.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031