Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ինքնության «շինանյութը»

Հուլիս 27,2022 15:00

Պարտադիր չէ, որ այն կազմված լինի պատմական ճշմարտություններից

1818 թվականին լույս տեսավ Գրիմ եղբայրների գերմանական հեքիաթների առաջին ժողովածուն, որի նախաբանում հեղինակները գրում էին, որ իրենց ազգը պանծալի պատմական անցյալ է ունեցել, ազգային ավանդույթները եւ արժեքները «հորդում էին գետի նման», բայց հիմա, այսինքն՝ 19-րդ դարի սկզբում, մնացել են «բարակ վտակները», հետեւաբար, ցանկացած հայրենասեր գերմանացու պարտքն է աչքի լույսի պես պահպանել այն, ինչ մնացել է: Իսկ ո՞րն էր պատճառը, որ այդ «գետերը ցամաքել էին»: Դե, բնականաբար, օտարամոլությունը, օտարները եւ առաջին հերթին՝ ֆրանսիացիները: Պարզ է, թե ինչու հատկապես ֆրանսիացիները. այդ ժամանակ Նապոլեոնը գրավել էր Եվրոպայի կեսը: Մի խոսքով, հենց այդ ժամանակահատվածում դրվեց գերմանական ազգայնականության հիմքը: Տվյալ դեպքում՝ ազգայնականություն եզրը կիրառվում է չեզոք իմաստով, որպես՝ ազգային ինքնության զգացմունքների արթնացում: Կոնկրետ գերմանացիներին այդ շարժումը 1871 թվականին հասցրեց միասնական պետության ստեղծմանը, իսկ 20-րդ դարում արդեն տարավ շատ անբարենպաստ ուղղությամբ:

Բայց մեզ համար կարեւորն այն ուղին է, որով ստեղծվում է ազգային ինքնությունը՝ քաղաքական իմաստով: Գերմանացի սոցիոլոգ Կարլ Շմիտը գրում էր, որ «քաղաքականը» առաջանում է այն դեպքում, երբ քո խումբը նախեւառաջ՝ ազգը, հակադրվում է մեկ այլ խմբի: Երբ կա հստակ բաժանում՝ յուրայինների եւ օտարների, բարեկամների եւ թշնամիների: Ընդ որում՝ խոսքը ոչ թե անձնական, այլ գաղափարական, գոյաբանական թշնամանքի մասին է: Օրինակ, եթե ինձ համար կարեւոր է մաքուր հայերենով խոսելն ու գրելը, ապա ես ինձ նույնականացնում եմ այն խմբի հետ, որն այդպես է խոսում, եւ հակադրվում եմ, ասենք, այն խմբին, որը գրում է լատինատառ հայերենով: Ազգային մակարդակով հարցն ավելի սուր է դրված. գերմանացիները 18-19-րդ դարերում կայացել են՝ հակադրվելով, առաջին հերթին, ֆրանսիացիներին, մենք՝ հայերս, կարծում եմ, կայացել ենք շատ ավելի վաղ՝ 4-6-րդ դարերում՝ հակադրվելով հույներին եւ, բնականաբար, շատ բաներ փոխառելով նրանցից:

Ազգայնականության 2-րդ բնորոշ հատկանիշն է այսպես կոչված «ոսկե դարի» մասին պատկերացումը: Արքետիպը, այսինքն՝ հիմնական կրկնվող օրինաչափությունը հետեւյալն է. մենք ունեցել ենք պանծալի անցյալ, որով կարող ենք հպարտանալ, եւ որը նույն՝ թշնամիների պատճառով մենք կորցրել ենք: Այդ ազգային առասպելաբանությունը կարող է ունենալ շատ լուրջ պատմական հիմքեր, բայց դրանք կարող են լինել նաեւ բավականին հեղհեղուկ: Օրինակ, նույն Գրիմ եղբայրները, ըստ որոշ հետազոտությունների, իրենց շարադրած հեքիաթները լսել են ոչ թե հեքիաթասաց գերմանացի տատիկներից կամ Հեսսեն տարածաշրջանի հասարակ գյուղացիներից, այլ հենց ֆրանսիացի ազնվական կանանցից: Իսկ հարցադրումը, թե արդյո՞ք այդ սյուժեները զուտ գերմանական են կամ զուտ ֆրանսիական, ինձ այնքան էլ իմաստալից չի թվում. սյուժեները, ինչպես նաեւ՝ մեղեդիները, երաժշտական գործիքները, կամ, ասենք, ճաշատեսակները, կարող են «թափառող» լինել ու տարածվել տվյալ տարածաշրջանում՝ շրջանցելով ազգային սահմանները: Կարեւորը՝ սյուժեների ֆրանսիական կամ գերմանական լինելը չէ, կարեւոր է, որ Գրիմ եղբայրները դրանք շարադրել են գերմաներեն ու դարձրել գերմանական մշակույթի փաստ: Այսինքն՝ էականը ոչ թե առասպելի ծագումնաբանությունն է, դրա ճշմարիտ կամ հնարովի լինելը, այլ՝ գործառույթը. արդյոք այն աշխատո՞ւմ է ազգային ինքնության կերտման ուղղությամբ, թե՞ ոչ:

Մեզ հայտնի են դեպքեր, երբ ազգային առասպելները ծայրից ծայր հնարած են, բայց դարձյալ դա 21-րդ դարում վճռորոշ դեր չի խաղում: Ռուսական «սպիտակ շարժման» առաջնորդ Անտոն Դենիկինը, նկարագրելով 1917-20 թվականների ժամանակաշրջանը՝ իր «Ռուսական խռովության ակնարկները» գրքում գրում է. «Ամեն ինչ Ադրբեջանական հանրապետությունում արհեստական էր, «ոչ իրական»՝ սկսած անվանումից, որը փոխառնված էր Պարսկաստանի գավառներից մեկից: Արհեստական տարածք, որն ընդգրկում է լեզգինական Զաքաթալին, հայ-թաթարական Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգները եւ ռուսական Մուգանը»: Գեներալը նկարագրում է այդ պահին՝ 1918 թվականին, գոյություն ունեցող վիճակը: Բայց ազգային ինքնության տեսանկյունից կարեւորը ոչ թե ճշմարտությունն է, այլ այն, ինչին հավատում են ժամանակակից ադրբեջանցիները: Իսկ նրանք վստահ են, որ Ադրբեջանը նույնքան հին պետություն է, որքան, ասենք, նույն Պարսկաստանն է, եւ ոչ մի նշանակություն չունի, որ դա անհեթեթություն է: Իսկ հիմա եկեք անկեղծորեն ասենք՝ ո՞վ է իրեն այս պահին ավելի վստահ զգում ազգային ինքնության տեսանկյունից՝ մե՞նք, թե՞ ադրբեջանցիները:

Արդեն առիթ եմ ունեցել նշելու, որ ազգային ինքնությունն այնպիսի մի բան չէ, որը մեկ անգամ մեկընդմիշտ ստեղծվում է, եւ հետո այն դարերի ընթացքում վայելում ես: Այն պետք է անընդհատ վերակերտել, թարմացնել: Եթե ընդունենք, որ մեր ինքնությունը բյուրեղացել է 4-6-րդ դարերում, ապա կարող ենք թվարկել այն հանգույցային կետերը, որոնք ազդարարում էին մեր ինքնության արդիականացումը: Վերջին կետերից են, օրինակ՝ 19-րդ դարի 80-ական թվականները կամ 1960-70-ական թվականները՝ ընդհուպ մինչեւ 1988 թվականը: Դրանից հետո մենք մեր ինքնության շենքին ոչ մի քար չենք ավելացրել: Թե ինչպիսին պետք է լինեն այդ քարերը՝ առանձին խոսակցություն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031