Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազի հավաստիացմամբ՝ Ավետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող

Հուլիս 26,2022 21:21

Ինչպես հայտնել էինք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով առաջին նախնական դատական նիստը, որի ընթացքում նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտարարեց՝ վարույթն իրականացնող քննիչը խախտել է մեղադրյալի իրավունքները եւ օրենսդրությունը` ժամանակին իրենց չտրամադրելով մեղադրական եզրակացությունն ու գործի նյութերը։

Դատավորը, սակայն, գտավ, որ դատավարությունը պետք է շարունակել, եւ որպես անհամաձայնություն՝ պաշտպանական թիմը լքեց նիստերի դահլիճը, հայտարարվեց ընդմիջում։

Նիստի վերսկսվելուց հետո դատավորն արձանագրեց, որ պաշտպանների բացակայությունն անհարգելի է։ Մնացական Մարտիրոսյանը հայտնեց՝ եթե վաղվա նիստում Չալաբյանի պաշտպանները չներկայանան, ինքը ստիպված կլինի հետեւել սահմանադրությանն ու հանրային պաշտպանի հրավիրել՝ անկախ Չալաբյանի կամքից․ «Վաղն ազատ եք արձակվելու(լրանում է նրա կալանքի ժամկետը․-հեղ), ո՞ր տարբերակն եք ընտրելու։ Գուցե այլ պաշտպա՞ն ունեք, որն իրականացնելու է ձեր պաշտպանությունը»։

Ավետիք Չալաբյանը պատասխանեց․ «Նախ, պնդում եմ, որ իմ իրավունքները վերականգնվեն ողջ ծավալով, որ ինձ տրվեն գործի նյութերը։ Չորս հատոր է, ողջամիտ ժամկետ է պետք դրանց ծանոթանալու համար։ Իմ պաշտպանները, ոչ թե որեւէ հանրային պաշտպան, պետք է իրականացնեն իմ պաշտպանությունը»։

Այս գործով մեղադրող-դատախազ Արմեն Բեգլարյանն էլ անդրադարձավ մեղադրյալի եւ նրա պաշտպանների պնդմանը, թե վարույթն իրականացնող մարմինն իրենց չի տրամադրել քրեական գործի նյութերը․ «Քրեական գործի հատորներից մեկում առկա է փաստաթուղթ այն մասին, որ հուլիսի 7-ին, երբ հայտարարվել է նախաքննության ավարտ, գործի նյութերը՝ մինչեւ երրորդ հատոր, ամբողջությամբ տրամադրվել են պաշտպանական կողմին։ Լրացուցիչ նախաքննության ավարտի մասին հայտարարվել է, եւ պաշտպանները տեղյակ են եղել։ Քննիչը փորձել է ծանուցել նրանց, որ իրենց հարմար օր գնան եւ ծանոթանան նյութերին։ Պաշտպաններից մեկը հրաժարվել է ծանուցումը վերցնել, մյուսն էլ հետ է վերադարձրել այն առանց ստորագրելու։ Դրա մասին արձանագրությունը կա գործի հատորներից մեկում։ Քննիչը բջջային հավելվածով եւ փաստաբանների պալատի կայքից պարզելով պաշտպանների էլեկտրոնային հասցեները՝ ուղարկել է ծանուցումները։ Այսինքն, միայն մեկ վկայի ցուցմունք էր մնում, որին պաշտպանները պետք է ծանոթանային։ Այսքանից հետո գալ ու այստեղ հայտարարել, թե իրենց ծանոթ չեն գործի նյութերին, իրավաչափ վարքագիծ չէ»։

Դատախազն անդրադարձավ նաեւ պաշտպանական կողմի պնդմանը, թե Ավետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում․ «Քրեական գործը հարուցված է բացառապես իրավական ընթացակարգի շրջանակում։ Քրեական գործի հարուցումը սկսվել է ենթադրյալ վտանգավոր հանրային արարքի հատկանիշի հայտնաբերման պահից»։

Ավետիք Չալաբյանը չհամաձայնեց․ «Բացատրեմ, թե ինչու է քաղաքական։ Իմ ձերբակալված լինելու ընթացքում ԱԺ-ն գաղտագողի ընդունել է․․․»։ Դատավոր Մարտիրոսյանն այստեղ ընդհատեց նրան՝ հորդորելով, ըստ էության, խոսել․ «Ցուցմունք  տալու ժամանակ կասեք այդ մասին»։

Հավելենք, որ Ավետիք Չալաբյանի պաշտպանների բացակայության պատճառով նիստը հետաձգվեց մինչեւ վաղը՝ 16:00-ին։

«ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է.«Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում:

Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Իսկ ժողովրդի հավաստիացմամբ, դատախազի կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրում, որովհետև նա իշխանության զուռնան է նվագում։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031