Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր հարկատուների վճարած հարկերն աճել են

Հուլիս 26,2022 21:12

Այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների պետբյուջե վճարած գումարները կազմել են 722 մլրդ 325 մլն դրամ։ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների այս տարվա հունվար-հունիս ամիսների ցուցանիշները։ Ընդհանուր առմամբ, 1000 խոշոր հարկատուների վճարած գումարները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են։

Խոշոր հարկատուների հարկային վճարումները կազմել են 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային վճարումները՝ 109 մլրդ 253 մլն դրամ։

Այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն աճել են։ Այս տարվա վեց ամիսներին ընկերության վճարած հարկերը կազմել են 104 մլրդ 777 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը ցանկում երկրորդն էր՝ վճարելով 26 մլրդ 809 մլն դրամ։

Այս տարի կոմբինատին հաջորդում է «Գազպրոմ Արմենիան», որը նախորդ տարվա առաջին վեց ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում առաջինն է։ Այս տարվա հունվար-հունիսին ընկերությունը վճարել է 33 մլրդ 58 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 28 մլրդ 445 մլն դրամ։

Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ հոլդինգի» մեջ մտնող ծխախոտագործական «Գրանդ Տոբակո» ընկերության վճարած գումարները նույնպես նախորդ տարվա համեմատ աճել են, այս տարվա վեց ամիսներին ընկերությունը վճարել է 20 մլրդ 16 մլն դրամ, նախորդ տարվա առաջին վեց ամիսներին՝ 12 մլրդ 938 մլն դրամ։ Նույն հոլդինգի մեջ մտնող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն այս տարվա վեց ամիսներին վճարել է 10 մլրդ 803 մլն դրամ, նախորդ տարվա վեց ամիսներին՝ 10 մլրդ 217 մլն դրամ։

Վճարած հարկերի մեծությամբ հաջորդը հանքարդյունաբերական «Թեղուտ» ընկերությունն է, որն այս տարվա հունվար-հունիսին վճարել է 8 մլրդ 903 մլն դրամ, իսկ նախորդ տարվա հունվար-հունիսին՝ 9մլրդ 800 մլն դրամ։

«ՄՏՍ Հայաստան» ընկերությունն այս տարվա դիտարկվող ժամանակահատվածում խոշոր հարկատուների ցանկում 6-րդ տեղում է, այս տարի փոքր ավելի հարկ է վճարել։ Ընկերությունն այս տարվա վեց ամիսներին վճարել է 8 մլրդ 236 մլն դրամ, նախորդ տարվա առաջին վեց ամիսներին՝ 8 մլրդ 881 մլն դրամ։

Հանքարդյունաբերական «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի»՝ այս տարվա առաջին վեց ամիսներին վճարած հարկերը բավականին աճել են, եւ եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում խոշոր հարկատուների ցանկում 51-րդ տեղում էր՝ վճարելով ընդամենը 1մլրդ 854 մլն դրամ, ապա այս տարի ընկերությունը ցանկում 7-րդ հորիզոնականում է, վճարել է 7 մլրդ 772 մլն դրամ։

Վառելիքի բիզնեսով զբաղվող «Ֆլեշ» ընկերության առաջին կիսամյակում վճարած հարկերը կազմել են 7 մլրդ 601 մլն դրամ, նախորդ տարի ընկերությունը վճարել է 6 մլրդ 345 մլն դրամ։

«Ֆլեշին» այս տարի հաջորդում է ծխախոտի ներմուծմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը, հունվար-հունիսի ն վճարել է 7 մլրդ 521 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5 մլրդ 983 մլն դրամ։

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»-ի՝ այս տարվա առաջին վեց ամիսներին վճարած հարկերը նույնպես զգալի աճել են, վճարել է 7 մլրդ 225 մլն դրամ, ընկերությունը նախորդ տարվա առաջին վեց ամիսներին վճարել էր ընդամենը 261 մլն դրամ։

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս էնդ Հոլդինգ»-ը դիտարկվող ժամանակաշրջանում պետբյուջե է վճարել 6 մլրդ 667 մլն դրամ, նախորդ տարվա առաջին կիսամյակում ընկերության վճարած հարկերը կազմել էին 4 մլրդ 86 մլն դրամ։

Այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում է հայտնվել «Սի Փի Էս Էներջի Գրուպը», վճարել է 6 մլրդ 434 մլն դրամ, նախորդ տարվա առաջին վեց ամիսներին ընկերությունը ցանկում չկար։

Խոշոր հարկատուների ցանկի առաջին երկու տասնյակում է նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, այս տարվա հունվար-հունիսին ընկերության վճարած հարկերը կազմել են 6 մլրդ 242 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում՝ 4 մլրդ 910 մլն դրամ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031