Լրահոս
Օրվա լրահոսը

Ավիատոմսերի գները շեշտակի աճել են․ ռուս զբոսաշրջիկների հոսքը Գյումրի՝ զգալի նվազել

Հուլիս 26,2022 20:20

Գյումրու Շիրազի փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ռուս զբոսաշրջիկների հոսքը դեպի Գյումրի այս տարի դադարել է։

«Մենք իրականում գործ ունենք երրորդ ճգնաժամի հետ․ առաջինը քովիդն էր, երկրորդը՝ արցախյան 44 օրյա պատերազմը, 3-րդն էլ՝ ռուս-ուկրաինական պատերազմը։

Ռուս-ուկրաինական պատերազմը ուղիղ իմաստով խփել է դեպի Հայաստան զբոսաշրջության հոսքերին։ Պատճառներից մեկը ավիատոմսերի խիստ բարձր գներն են, որովհետև Ռուսաստանը սանկցիաների պատճառով կորցրեց իր ինքնաթիռային պարկի զգալի մասը, տոմսերի գները շեշտակի՝ երկակի, եռակի բարձրացան։ Ու այդ պատճառով մարդիկ չեն կարող իրենց թույլ տալ նախորդ տարիների պես գան Հայաստան՝ հանգստանան, գնան։ Այսինքն՝ ռուսական, ինչո՞ւ չ՝է նաև ուկրաինական հոսքի մեծամասնությունը՝ կարելի է ասել մոտ 80 տոկոսն, այս տարի չկա։

Գոնե Գյումրին, որի օդանավակայանի հիմնական հաղորդակցությունը հենց Ռուսաստանի հետ էր, այդ առումով շատ տուժեց։ Գուցե Երևանի «Զվարթնոց»-ը Եվրոպայի հետ լայն կապեր ունի, անընդհատ գալիս  են, բայց Գյումրիի հիմնական զբոսաշրջային բումը կախված էր նաև ռուսական շուկայից, որը որ այսօր պայթեցված է»,-ասաց մեր զրուցակիցը։

Վարդան Սրտաշյանի հաշվարկներով, մի հոգու թռիչքը Մոսկվայից դեպի Հայաստան կարող է հասնել մինչև 150 հազար դրամի։

«Հայաստանից 150 հազար դրամով Եգիպտոսի ամբողջական փաթեթ կարող ես գնել, բայց եթե այնտեղից միայն ավիատոմսն է 150 հազար դրամ, միայն հասնելը ու հայտնի էլ չէ, թե վերադառնալուց ինչքան կլինի այդ տոմսի գինը, բնական է, որ մարդիկ ավելի շատ պիտի նախընտրեն իրենց ներքին կուրորտային շրջանները՝ Սևծովյան շրջանը։ Ռուսաստանից հոսքերը միանշանակ նվազել են, Գյումրին էլ այդ առումով խնդրի առաջ է կանգնել»,-ասաց Վարդան Սրտաշյանը։

Նա վստահեցրեց, որ Գյումրին միշտ ունեցել է ռուս զբոսաշրջիկներ, որոնք գալով այս քաղաք՝ այն ծառայեցրել են որպես տրանզիտ՝ Թբիլիսի, Բաթու, Վրաստանի այլ հանգստավայրեր այցելելու համար։ Այժմ այդ հոսքը 80 տոկոսով կրճատվել է։

Նա նշեց, որ Գյումրիում աննախադեպ մրցակցություն է սկսվել․ քայլ առ քայլ բացվում են սննդի օբյեկտներ, ռեստորաններ, բիստրոներ,  հյուրանոցներ, հյուրատներ, մոթելներ, սակայն առաջարկը գերազանցում է պահանջարկին։

Այս թեմային կանդրադառնանք ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Գյումրու լուսանկարը՝ Տիգրան Գասաբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031